«Այս որոշումը շոկի մեջ գցեց հայ հասարակության մի մասին»,- այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ Մաքսային միությանն անդամակցելու մասին այսպիսի տեսակետ հայտնեց ԵՄԱ վերլուծաբան Միքայել Զոլյանը:
Ըստ նրա, լուրջ հարցադրումներ չեն արվում եւ հասարակության մոտ տպավորություն են ստեղծում, թե մի կողմում սեռական փոքրամասնություններն են, մյուս կողմում՝ «ալկաշները». «Գնալով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշումներն ընդունվում են ուրիշ տեղ՝ կարեւոր չի՝ Մոսկվայում է դա, Վաշինգտոնում, թե այլ տեղ: Ես չեմ բացառում, որ նոյեմբերին Հայաստանը կստորագրի Ասոցացման պայմանագիրը՝ ինչ-որ մի ձեւով: ՌԴ-ն կստանա ինչ-որ զիջումներ եւ կասեն՝ դե, Հայաստանը թող ստորագրի: Հարց է՝ ԼՂՀ հակամարտության խնդիրը, եթե չլիներ, կայուն իրավիճակ լիներ՝ արդյո՞ք մեր իշխանությունները եվրոպական ճանապարհով հետաքրքրված են: Ո՞ր երկրներն են, որտեղ իշխանափոխություն է եղել ընտրությունների միջոցով վերջին քսան տարվա ընթացքում: Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում ընտրությունների միջոցով գոնե մեկ անգամ եղել է իշխանափոխություն: Մյուս երեք երկրներում չի եղել»:
Քննարկման մասնակիցներից մեկը վերլուծաբաններից հետաքրքրվեց, թե ինչքանով է Մաքսային միությանը միանալու որոշումը ներքին խնդիրների հետ կապված, հնարավո՞ր է, որ ձմեռն անցնի, Հայաստանը որոշի, որ գազի սակագնի հարցը օրակարգային չէ եւ մտքափոխ լինի:
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ունենք օլիգարխներ, որոնք շատ ուրախացել են այդ որոշմամբ, որովհետեւ իրենց բիզնեսը կապված է Մաքսային միության երկրների հետ եւ ունենք օլիգարխներ, որոնք հակառակ վիճակում են: Ասել, որ սա կբերի ներքին օլիգարխների պատերազմի՝ դժվար է»:
Կարդացեք նաև
Թե կարո՞ղ է Հայաստանը մտքափոխ լինել, ըստ Թեւան Պողոսյանի՝ երբեք մի ասա երբեք, բայց ՀՀ իշխանությունները պետք է կարողանան մեր շահերը հետապնդող որոշում կայացնել:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ ԵՄ-ի հետ դեռ բանակցություններ լինելու են, հատկապես, որ դրանք չեն էլ ընդհատվել. «Քաղաքականությունը անընդհատ պրոցես է»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «ՀՀ իշխանություններն այսօր էլ ասում են, որ իրենց որոշումը չի փոխվել, որ մտքափոխվեն, պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Տվյալ դեպքում արդեն դա հակառակ կողմի որոշման հարցն է: Ֆորմալ առումով որոշումը չի փոխվել եւ ինչպես իշխանությունները սիրում են ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ