«Աշխարհում ոչ մի բացարձակ անկախ քաղաքական պետություն սկսած Ամերիկայից, վերջացրած Մոզամբիկով` չկա: Բոլորն էլ միմյանցից կախված են տնտեսական կապերով, ռազմաստրատեգիոն կապերով: Վերցնենք Ֆրանսիան, անկախ պետություն է` 61 մլն բնակչությամբ, բայց նայում է Ամերիկայի թելադրանքին` Սիրիային ռմբակոծի, թե` ոչ»,-ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա, այսօր, «Փաստարկ» մամուլի ակումբում խոսեց «Մաքսային միության, տնտեսական իրողությունների եւ ակնկալվող հեռանկարներ»-ի թեմայով: Պարոն Սաֆարյանը կարեւորելով տնտեսական բաղադրիչը, որն, ըստ նրա, քաղաքական գործառույթի ածանցյալն է, նշեց, որ պետք է ունենալ մեծ տնտեսություն` ուժեղ քաղաքականություն վարելու համար. «Այդ իմաստով գտնում եմ, որ մեր տնտեսությունը կհզորանա, մենք կունենանք աշխատատեղերի բացում եւ ներհոսք կսկսվի` ովքեր գնացել են, աշխատում են Ռուսաստանում, կվերադառնան»:
Պարոն Սաֆարյանն անդրադառնալով սննդամթերքի արտահանման հարցերին, ասաց, որ, ներկայումս Հայաստանը սննդամթերք արտահանելիս, տվյալ ապրանքը այդ պետություններում մի շարք ստուգումների է ենթարկվում եւ սերտիֆիկացվում, սակայն, եթե Մաքսային միությունում լինենք առանց արգելքի կարտահանվի:
«Նախ Հայաստանի կառավարությունը պետք է դիմի Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի կառավարություններին` հայտ ներկայացնելով, որ պատրաստ ենք, ցանկություն ունենք Մաքսային միությանը միանալու համար, իսկ եթե նշված երկրների կողմից համաձայնություն ձեռք չբերվի, չի կարող այս գործառույթը կայանալ»,-նշեց Վազգեն Սաֆարյանը:
Նշենք, որ մի առիթով պարոն Սաֆարյանը ասել էր, որ եվրոպական երկրներ հիմնականում արտահանում ենք հումքային ապրանք, մինչդեռ, ըստ նրա, պետք է պատրաստի արտադրանք արտահանել:
Aravot-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ եվրոպական չափանիշներին համապատասխան պատրաստի արտադրանք, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ Եվրոպային ձեռք չի տալիս պատրաստի արտադրանք ու քանի որ նա տնտեսապես ավելի զարգացած է մեր ապրանքներից, շատերը այդ երկրների համար մրցունակ չեն. «Իսկ Ռուսաստանի դեպքում հիմնականում վստահության վրա է շեշտը դրվել եւ այն ինչ արտահանում ենք, ընդունում է»:
Պարոն Սաֆարյանը մեջբերելով ՀՀ նախագահի Մաքսային միությանը վերաբերող այն միտքը, թե տնտեսական խնդիրները պետք է լուծել մեկ համակարգում` Ռուսաստանի հետ, իսկ քաղաքական եւ սոցիալ-մշակութային խնդիրները լուծել Եվրոպայի հետ անհամատեղելի կարող են լինել, ասաց, որ չի բացառում Եվրոպայի հետ առևտուր. «Եվրոպացին կարիք ունի նրա, ինչը որ արտահանում ենք, հատկապես` հանքային, հումքային ռեսուրսների: Ի տարբերություն եվրոպական մոտեցման` Ռուսաստանի հետ մենք պատրաստի արտադրանքի արտադրություն կազմակերպելու գործառույթները կվերականգնենք եւ հենց պատրաստի արտադրանքը կվաճառվի Ռուսաստանում»: Նրա խոսքի շարունակությունը՝ տեսանյութում
Պարոն Սաֆարյանը նշեց նաեւ. «Հայաստանի՝ Մաքսային միության մեջ մտնելով, Լեռնային Ղարաբաղն էլ հետն է մտնելու, որով կլուծվի նաեւ մեր անվտանգության հարցը: Մեր տնտեսական օրենքների մեջ թվով 60 փոփոխություն է սպասվում, որ կարողանանք ներդաշնակեցված տնտեսական տիրույթում գտնվել, որպեսզի մեր արտադրած ապրանքները հեշտ թափանցեն Ռուսական շուկա: Այս քայլը կարեւոր է նրանով, որ մեր երկրում մոնոպոլիան կկազմալուծվի»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ