Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը վերլուծաբանների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշման մասին, ասաց՝ կատարվածը փաստ է, դա քաղաքական որոշում էր. «Ով էլ լիներ ՀՀ նախագահի տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ թեկուզ Պարույր Հայրիկյանը, նույն որոշումն էր կայացնելու, որովհետեւ ընտրության հնարավորություն Հայաստանը չուներ»: Ըստ նրա, Վրաստանի, Ուկրաինայի դեպքում ՌԴ-ի ազդեցությունը տնտեսական ոլորտում կարող է լինել, Վրաստանի դեպքում լուրջ ճնշում չի էլ լինի. «Սակագների հետ կապված, տնտեսական նույն սցենարներով ճնշումները Հայաստանի վրա կարող են բանեցնել, բայց Հայաստանն այդ ամենից բացի ունի կարմիր գիծ, որը չի կարող անցնել՝ ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, նրանք չունեն իրենց ադրբեջանցիները»:
Ըստ պարոն Իսկանդարյանի, իր ազդեցությունն ու ուժը Ռուսաստանը ամենաշատը կարող էր ցույց տալ հենց Հայաստանի վրա՝ իր անվտանգության հարցերը հաշվի առնելով:
Թե ինչ կլինի Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո՝ պարոն Իսկանդարյանն ասաց, որ դեռ հնարավոր է բանակցություններ լինեն, անդամակցությունը գրվի թղթի վրա, ինչ վերաբերում է Եվրոպային, ոչ ոք չի մեռնի. «Վերնագրեր կան մամուլում՝ Հայաստանի պատմությունը վերջացավ: Փաստորեն Ցեղասպանություն եղավ, պատերազմ եղավ՝ պատմությունը չկորավ, հիմա կորա՞վ: Ինձ թվում է, մեր իշխանությունները պատրաստվում են մեկնել Վիլնյուս եւ պատրաստվում են ստորագրել ինչ-որ մի բան: Ասում են՝ միայն քաղաքական մասն ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագրի, բայց դա չափազանց դժվար տեխնիկական առաջադրանք է: Բացի տեխնիկականից, կա քաղաքական հանգամանքը, որ ինչ է, մեզ ծաղրո՞ւմ եք:
Հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ ինչ-որ մի նոր միջոց գտնվի՝ Եվրոպայի հետ բանակցությունները վերսկսելու համար կամ Հայաստանի հետ հատուկ դեպք կլինի: Բայց ինչ լինի, ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը դեռ չի ավարտվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ