Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում հայհոյանքներ էին լսում, իսկ ամբաստանյալները ծիծաղում էին

Սեպտեմբեր 12,2013 17:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր վերսկսվեց Արթուր Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի, Ալլա Մախովայի, եւս 6-ի գործով դատական նիստը: 
Թմրանյութերի՝«բուպրենորֆինի» իրացման գործով, 14 դրվագով մեղադրյալների մեջ են երկու կին ՝ Արմինե Գեւորգյանը եւ Ալլա Մախովան: Վերջինը Արթուր Պետրոսյանի կինն է, կալանավորված է եւ գտնվում է արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Ալլա Մախովան դատական նիստի ժամանակ վատացավ, մի պահ թույլատրվեց, որ նա ուղեկցողի հետ դուրս գա նիստերի դահլիճից, իսկ ընթացքում դատարանը ընդհատեց նիստը, քանի որ նա վատառողջ էր, իսկ ձայնագրառումների հրապարակումն էլ չէր ավարտվել:
Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին, նաեւ հայտնեց, որ պետք է հետազոտվեն գործում եղած ապացույց ճանաչված ձայնագրառումները:
Խոսքը հեռախոսային խոսակցությունների մասին էր, որոնք տեղի էին ունեցել արդարադատության նախարարության «Հրազդան», ապա «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող, դատապարտյալ Արթուր Պետրոսյանի եւ այս գործով ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանի, մյուս ամբաստանյալների հետ՝ կապված թմրանյութի ձեռքբերման, իրացման հետ:
Ձայնագրառումները լսելուց առաջ դատավորը զգուշացրեց եւ ներողություն խնդրեց դահլիճում ներկա գտնվող կանանցից, ասելով, որ չեն կարող չլսել ձայնագրառումները, որոնցում առկա են հայհոյանքներ:
Իսկապես հայհոյանքները շատ էին, սակայն ամբաստանյալների համար այդ պահը միասին քրքջալու առիթ էր տալիս:
Հրապարակումը տեւեց 1,5 ժամ:
Արթուր Պետրոսյանը, ըստ այդ ձայնագրառումների, որոնք կատարվել են նրանցից գաղտնի, հանձնարարում է Ալբերտիկին՝ Ալբերտ Հակոբյանին, հաբերը տանել իր ասած մարդկանց, որոնցից յուրաքանչյուրի համար նա ստացել էր 50 հազար դրամ, կար ձայնագրառում, որ մեկ թմրադեղի դիմաց Ալբերտը պետք է ստանար 60 հազար դրամ:
Կար մի դրվագ, երբ Ալբերտ Հակոբյանն ասել էր Արթուրին, թե գնացել է կարաոկե: Այս դրվագը համեմված էր խրատական բնույթի հայհոյանքներով. «Կարաոկե ես գնում: Մտածե՞լ ես, ո՞ւր ես մնալու, ի՞նչ ես ուտելու: Փող հավաքիր, կայֆավատ լինելու վախտը չի: Երգ ես զակազ տալի, ընենց ես պահում, ոնց որ անհոգ հարուստի տղա ես»:
Անցյալ տարվա օգոստոսի 16-ի հեռախոսային ձայնագրության հրապարակման ժամանակ, Արթուրը հերթական անգամ հանձնարարել էր Ալբերտին, որ նա հասցնի իր ասած մարդուն «19 շիշ կոնյակը» եւ «6 շիշ արաղը»: Պայմանական «խմիչքը»՝«բուպրենորֆինը», պետք է տրվեր «գեներալի տղու»:
Հրապարակման ժամանակ Արթուր Պետրոսյանը ոտքի կանգնեց եւ ասաց, որ Գագիկ Քերոբյանի եւ Ալլայի անունները չկան, նրանք անմեղ են, իսկ իր համար ասաց. «Ես հիվանդ տղա եմ, նարկոման մարդ եմ: Գագիկը այդ ժամանակ նստել էր, ոնց կարող էր բերել տար, չկա Գագիկի անունը ոչ մի տեղ», սակայն դատարանը շարունակեց հրապարակել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30