Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկ ամիս առաջ կազմակերպած ցույցը որոշել էին նորից կրկնել:
Ինչպես նախորդ անգամ, այս ցույցի նպատակը եւս անցած ամիսների չվճարված աշխատավարձերն են:
«Անցած ամսվա ցույցից հետո, թեև տվեցին, բայց մաս-մաս, շատ փոքր մասն էր, հիմա նորից կանգնել ենք փաստի առաջ` էլի փող չկա, որ ամենօրյա ծախսերը հոգանք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկի կինը` նկատելով, սակայն, որ մեկ ամիս առաջվա ցույցից հետո բնականոն աշխատել են:
Եթե «Վանաձոր-Քիմպրոմը» շարունակի չվճարել աշխատակիցների աշխատավարձերը, նրանք որոշել են փակել մայրուղին:
Ի պատասխան գործարանի աշխատակիցների բողոքի` «Վանաձոր-Քիմպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը հայտնել է, որ աշխատավարձերը ուշանում են, քանի որ գործարանի բանկային հաշիվները սառեցված են:
«Տնօրինությունը աշխատանքներ է տանում դրանք վերաբացելու համար»,-ասել է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ