Այս տարվա մայիսի սկզբից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գրիգոր Ամալյանին փոխարինած Գագիկ Բունիաթյանը այսօր ԱԺ-ում ներկայացնում էր իր ղեկավարած հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին հաղորդում: Անշուշտ, դժվար է ներկայացնել քո նախորդի արած գործունեությունը, եւ դժվար է պատասխանել մի ոլորտի մասին հարցերի, որը ղեկավարում ես ընդամենը մի քանի ամիս, սակայն, այդուհանդերձ, պարոն Բունիաթյանը, կարելի է ասել, չհանձնեց ԱԺ-ում զեկույց կարդալու քննությունը: ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը անգամ պարոն Բունիաթյանին «մտերմիկ խորհուրդ» տվեց՝ հաջորդ անգամ ավելի պատրաստված գալ Ազգային ժողով՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ սա ձեր առաջին բեմելն է, եւ որոշակի անպատրաստվածություն կար»:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվում էր եթեր սփռվող գովազդի անբարեխղճությամբ եւ բովանդակությամբ, ՀՌԱՀ նախագահը նկատեց, եւ հետո պարբերաբար շեշտում էր, որ իրենց հանձնաժողովին օրենսդրական իրավունք չի տրված բովանդակային առումով վերահսկել հեռուստաեթերը. «Եվ, երեւակայի, ես կարծում եմ, որ դա ճիշտ է»:
Տիկին Աճեմյանը նկատեց, որ ինքը խոսում է անբարեխիղճ գովազդի մասին, պարոն Բունիաթյանը անկեղծորեն պատասխանեց. «Անբարեխիղճ գովազդը… բարդ է իմ համար, չեմ հասկանում հարցի խնդիրը, ինչ նկատի ունեք՝ անբարեխիղճ գովազդը ո՞րն է»: Բարեբախտաբար, պատգամավորն այլեւս, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի իրավունք չուներ արձագանքելու հարցին:
Շատ ավելի դաժան իրավիճակ ստեղծվեց, երբ չորս հարցով ՀՌԱՀ նախագահին դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինս հետաքրքրվում էր թե ինչպես է Հայաստանին հատկացված 21 անալոգային հաճախականությունից մնացել միայն յոթը, իսկ պարոն Բունիաթյանը համառորեն պատասխանում էր, որ մենք ունենք 18 համապետական եւ 10 մարզային ալիքներ: Զուրաբյանը խոսում էր երեք մուլտիպլեքսորների մասին, Բունիաթյանը ասում էր, թե 2015 թվականին թվայնացնելու ենք եթերը… Ի վերջո, այլ ելք չէր մնում, քան անկեղծորեն խոստովանելը՝ «Երեւակայի, ես ձեզ ճիշտ չեմ հասկանում: Էդ ձեր նկատառումները՝ երեք, հինգ, այսօր, երեկ… դա տեխնիկական հարց է, բարդ տեխնիկական խնդիր է»:
Ինչ վերաբերվում է Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, թե ՀԱԿ-ի համար Հանրային հեռուստատեսության եթերը փակ է, պարոն Բունիաթյանը որպես Հանրային հեռուստատեսության նախկին տնօրեն նկատեց, որ իր իմանալով Հանրայինից ՀԱԿ-ին մի քանի անգամ հրավիրել են հարցազրույցի, բայց ոչ ոք չի եկել:
Դրանից հետո հնչած գրեթե բոլոր հարցերին պարոն Բունիաթյանն ուներ երկու պատասխան՝ «դա տեխնիկական խնդիր է», կամ «մենք բովանդակային առումով չենք վերահսկում եթերը»: Եվ ամեն դեպքում կոչ էր անում՝ «երեւակայի, որ դա լավ է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ