Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետ. «Հայաստանի վրա ճնշումներ են եղել, թե’ ՌԴ-ի, թե’ Եվրամիության կողմից» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2013 15:59

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լավ է վերաբերվում, որ Եվրամիությունը 2 տարի օգնել է, որպեսզի հայկական ապրանքների որակը բարձրանա
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` նախօրեին արած այն հայտարարության առնչությամբ, թե ՌԴ-ն «հրեշավոր» ճնշումներ է գործադրել Հայաստանի վրա` Մաքսային միություն (ՄՄ) մտնելու համար, այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երեւան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Մոսկվայից տեսակամրջին մասնակցող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը նկատեց. «Ճնշումներ եղել են եւ ՌԴ-ի եւ Եվրամիության կողմից: Շնշումներ եղել են ոչ թե Հայաստանի, այլեւ ավելի շատ Ուկրաինայի վրա: Ճնշումները ահռելի էին երկու կողմից էլ: Այն բանից հետո, երբ Ուկրաինայի հետ հարցը անլուծելի դարձավ, Ուկրաինային առաջին հերթին պարտադրեց Եվրամիությունը ընտրություն անել՝ կամ-կամ, դրանից հետո եկավ Հայաստանի հերթը, որի դեպքում հարցը ոչ թե տնտեսական էր այլ` ռազմական անվտանգությանն էր առնչվում»:
Ալեքսանդր Սկակովի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում

Թե ինչ հեռանկարներ կբացի Հայաստանի համար Մաքսային միությանը անդամակցությունը, Մոսկվայից տեսակամրջին մասնակցող Վրաստանում եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան,Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն մինչ կթվարկեր, որ Ռուսաստանը սառեցված մրգերի, հայկական թարմ բանջարեղենի եւ մրգերի կարիք ունի, ինչը առիթ է Հայաստանի գործարարների համար ապրանքն արտահանելու, ասաց, որ նկատել է` Հայաստանում հոռետեսական տրամադրություններ Մաքսային միություն մտնելու առիթով:

Ըստ նախկին դեսպանի. «Դա միայն ռազմական կամ առեւտրային համագործակցություն չէ, դա հումանիտար համագործակցություն է: Ես չէի կասկածում, որ Հայաստանը կընտրի այն ճանապարհը, որն ընտրել է: Դա տարրական այբուբեն է, Եվրամիության հետ ստորագրումը արգելք կդներ Եվրասիական միության հետ միավորումը եւ դա էր ճիշտ ճանապարհ Հայաստանի համար, այն բխում է ազգային հետաքրքրությունների շահերից»:
Պարոն Կովալենկոյի խոսքի շարունակությունը` տեսանյութում.


Երեւանից տեսակամրջին մասնակցող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ էր դեսպանի այն մտքին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ «շատ թելերով կապված է եւ կորցնել այդ թելերը՝ ցանկալի չէ»: Ըստ նրա. «Հայաստանը Ռուսաստանի համար ռազմական գործընկեր է Հարավային Կովկասում»:


Ինչ վերաբերում է ՄՄ-ի հետ ճանապարհային քարտեզ չունենալուն, ապա Իսկանդարյանը կարծում է, որ ժամանակի հարց է:
Նախկին դեսպանին չէր անհանգստացնում, որ երկու տարի Հայաստանը Եվրամիության հետ աշխատել է ապրանքների որակի բարձրացման վրա, ինչը հայ գործարարներին կօգնի, որպեսզի որակյալ ապրանք արտահանեն ՌԴ. «Ռուսաստանը պահել է իր խոսքը եւ 20 տարի Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է պահպանում, Մաքսային միության պարագայում էլ Ռուսաստանը կպահի իր խոսքը»,-Հայաստանի քաղաքացիներին հանգստացրեց նախկին դեսպանը` հավելելով, որ ծրագրեր կան Հայաստանում՝ բացել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, որպեսզի այդ բուհում սովորել ցանկացող ՀՀ քաղաքացին չհասնի Մոսկվա, այլ հենց հայրենիքում ստանա այդ կրթությունը եւ իր գիտելիքները կիրառի հենց Հայաստանում:
Հայաստանից տեսակամրջին մասնակցող ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի խոսքերով էլ, ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ էլ կարեւոր է եղել, ինչը լրացվել է մյուս ոլորտներով, եւ մի բան հաստատ է, որ ռուսական ներդրողները հանդիսանում են Հայաստանի հիմնական ներդրողները. «Ենթակառուցվածքներ, էներգակիրներ, կապ եւ այլն»,-թվարկեց պարոն Մարկարովը:
Պարոն Կովալենկոյի այն դիտարկմանն ի պատասխան, թե Հայաստանում ՄՄ-ին միանալը հոռետեսական տրամադրություններ է առաջացրել, պարոն Մարկարովն ասաց. «Տպավորությունները սուբյեկտիվ են, օպտիմիստական են փաստերը, պետք է օբյեկտիվ նայել՝ ինչ է տալիս մեզ Մաքսային միություն մտնելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30