Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Ստյուարտը IPhone-ով էր, բայց համոզիչ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 12,2013 15:21
PrevPhoto
NextPhoto

Ճակատագրական կանանց մարմնավորելը դերասանուհի Նորա Բադալյանի նախասիրությունն է: Տարիներ առաջ նրա «Լեդի Մակբեթը» ցնցել էր հանդիսատեսին: Երեկ էլ Դերասանի տան բեմում Նորան հանդես եկավ «Մարիա Ստյուարտ» մոնոներկայացմամբ՝ ըստ Շիլլերի:
Քանի որ Նորա Բադալյան- Ստեփան Վերանյան զույգին բնորոշ է նորարարությունը, եւ ոչ ստանդարտ ստեղծագործ մտածողությունը, բնական էր, որ «Մարիա Ստյուարտը» պետք է, լավ իմաստով , անսովոր լիներ: Ներկայացման մեջ չորս լեզու կար՝ լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն, ինչը աշխատատարություն է ենթադրում մոնոներկայացումը պատրաստելիս:
Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ եղել են պահեր, երբ հուսահատվել է, զղջացել, որ նման պատասխանատվություն է ստանձնել, բայց հետո ամեն ինչ հունով է գնացել, քանի որ, նրա ձեւակերպմամբ, Մարիա Ստյուարտի կերպարը իրեն «հետապնդում» էր : Իսկ ինչո՞ւ չորս լեզու: Դերասանուհին ասում է. «Ստյուարտը բավական խելացի, ուժեղ եւ առաջադեմ կին էր, կոմպրոմիսների չգնացող: Նա արել է, ինչ ցանկացել է, բոլոր այն նորությունները, որ եղել են իր երկրում, ինքը փորձել է: Մոնոներկայացման մեջ ֆրանսերեն կտորները հենց Մարիա Ստյուարտի սոնետներից էին, լատիներեն կար, որովհետեւ ինքը կաթոլիկ էր, անգլերենը նրա մայրենի լեզուն էր, իսկ ռուսերենը Պաստեռնակի հրաշք թարգմանությունն էր»:
Ինչ վերաբերում է երաժշտական ձեւավորմանը, դա Նորա Բադալյանի մտահղացումն է. «Երաժշտական ձեւավորումը ինքս եմ արել, այն ծնվել է կերպարի կերտման հետ կապված էմոցիոնալ զգացողություններից: Իմ խաղացածը այն շրջանն է, երբ 19 տարի փակված մնալուց հետո Մարիա Ստյուարտը ամեն վայրկյան սպասում է իր դատավճռի իրականացմանը»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչու է IPhone օգտագործել այս մոնոներկայացման մեջ, որը 16-րդ դարի մարդու մասին է: «Ես կլասիկի մեջ չեմ, նորարար ոճի մեջ եմ, մոնոներկայացման մեջ, այո կար IPhone: Իմ օգտագործած երաժշտությունն էր` IPhone-ի մեջ: Մոնոներկայացման կարեւոր բաղադրիչներից էր Ստեփան Վերանյանի արած լուսային հրաշք ինստալյացիան: Ի վերջո կարող էին այդ լույսերն էլ չլինել, ես միայն իմ արկղիկի լույսերով կարող էի խաղալ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Մեր զրույցի ընթացքում նա հավելեց, որ աշխատում է ժամանակակից իտալացի հեղինակի գործի վրա եւ դարձյալ հետաքրքիր կերպար է ընտրել. «Դեռ չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ էլի ճակատագրական կերպար է: Կարծում եմ՝ պետք է այնպիսի կերպարներ ընտրել, որ ծայրահեղ վիճակի մեջ են, եթե ամորֆ կերպար լինի, հանդիսատեսին չի հետաքրքրի: Իսկ կլասիկ կերպարները հաճախ զերծ չեն մնացել ճակատագրի ուժեղ հարվածներից»:
Նորա Բադալյանի կերտած զգացմունքային Մարիա Ստյուարտը վստահաբար նաեւ հպարտ թագուհի, ուժեղ ու շքեղ կին է, նա գնում է մեռնելու՝ ծիծաղելով «փոքր» մարդկանց ճղճիմ արարքների վրա, որովհետեւ այդպիսին են գենետիկ ազնվականները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30