«Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Մեդիամաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում եվրոպացի չինովնիկը հստակ ասել է. «ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները»:
Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ հույսեր ունի՝ նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրվելո՞ւ է Ասոցացման համաձայնագիրը, ԱԺ նախագահը կրկնեց, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը. «Կա երկրորդ կողմ, որը լինելու է Հայաստանում վաղը, հանդիպելու են երկրի իշխանությունների հետ, և այդ քննարկումների արդյունքում որոշում կկայացվի: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ՝ շարունակելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումները»: ԱԺ նախագահը, սակայն, չհստակեցրեց, թե ի՞նչ երկրորդ կողմի մասին է խոսքը:
Հարցին, թե ե՞րբ են եվրոպացի գործընկերներին տեղեկացրել, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցին հստակ պատասխան է տվել արտգործնախարարը: Հիշեցնենք, որ պարոն Ֆյուլեն այդ առիթով ուղղակիորեն հայտարարել է. «ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հիմա էլ ենք խոսում ԵՄ հետ համագործակցության մասին, շարունակում են բանակցել:
Լրագրողները հետաքրքրեցին, թե ո՞ր գործոնն ազդեց, որպեսզի Հայաստանը Մաքսային միությանը միանալու հապշտապ որոշում կայացնի: Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, որ ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, նախագահը հայտնել է իր համաձայնությունը, մտադրությունը, դրանից բխում են տարբեր գործընթացներ, որոնց ուղղությամբ ապագայում երկու երկրների կառավարություններն ու համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատանք տանեն: «Երբ որ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց նա:
Հայաստանի վրա շա՞տ ճնշումներ են գործադրվել, հատկապես, որ այդ մասին Ֆյուլեն խոսեց հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա մեր իշխանությունների վրա: Եվ որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը»:
Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին երբեք ոչինչ չի ասում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր երկրի իշխանություններն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ հերյուրանք է համարում այն խոսակցությունները, թե Արցախի հարցում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ