Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»

Սեպտեմբեր 12,2013 14:17
 «Այսօր արվեստի մարդը «գոյի» խնդիր ունի. իրական արվեստի մարդը: Արվեստին պետք են հովանավորներ»,- կարծում է երիտասարդ ռեժիսոր Հարություն Գալֆայանը: Թեև նմանատիպ և այլ դժվարություններին՝ Հարությունը առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում: Երիտասարդ ռեժիսորը հավատում է, որ արվեստը, լինելով մշակույթի բաղկացուցիչ մաս, մեծ դեր ունի. «Շատերն այն կարծիքին են, որ այն գոյություն չունի, հորինովի է: Կարծեմ` Նիցշեն էլ ասել է, որ այն ստեղծվել է գորշ իրականությունից դուրս գալու համար: Իմ կարծիքով` Արվեստի դերը հենց արվեստասեր հասարակությանը լիաթոք  բավարարելն է»,- ասում է նա: Նա  կարծում է, որ բոլոր թատրոնները պետք է ծառայեն միմիայն մեկ գաղափարի՝ մշակույթի զարգացմանը, որպեսզի չլճանան: Հարությունի ցանկությունն է, որ Հայաստանն ավելի շատ մասնակցի միջազգային հեղինակավոր թատերական փառատոնների, լինեն հովանավորներ, ովքեր կհովանավորեն այդ ամենը. «Լինեն իսկապես թատրոնին նվիրյալ պրոդյուսերներ, որ հասկանան, բացի Եվրատեսիլից և այլ մրցույթներից, կան նաև թատերական միջազգային փառատոններ ու մրցույթներ, որ լրագրողները այդ փառատոնները լուսաբանեն բուռն, որ նոր դեմքեր ու դեպքեր բացահայտեն»,-ասում է նա:  Հարությունը կարծում է, որ ժամանակակից թատրոնն ավելի շատ խոսքի և մարմնի պլաստիկայի թատրոն է. «Ըստ իս, ժամանակակից ներկայացումը խոսքի և մարմնի շարժմամբ կառուցված պատկերներն ու բեմավիճակներն են՝ նոր ու թարմ ռեժիսորական մտքերով, լուծումներով համալրված` կամուրջ ունենալով նաև հանդիսականի հետ»: Հարությունը նաև մտահոգություն է հայտնում, որ մեր իրականության մեջ արվեստի՝ մարդկանց ինքնամաքրելու  ֆունկցիան շատ քիչ է գործում. «Այդպիսի դեպքերը հատուկենտ են: Համենայն դեպս ինձ համար, որ ազդեցություն ունենան վրաս»,- նշում է նա: Արվեստի հանդեպ սերը Հարությունի մեջ մանկուց է ձևավորվել, նա պատմում է, որ փոքր տարիքից իր տատիկի հետ ամեն շաբաթ-կիրակի գնում էին թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, համերգներ. «Ուզում էի բացահայտել այդ բեմի խորհրդավոր առեղծվածը: Ինձ համար այդ ամենը հանելուկային էր՝ այդ բացվող-փակվող վարագույրը, լույսերը… Իսկ հիմա ես բոլոր թատրոնների կուլիսներում եղել եմ, անգամ որոշներում խաղացել եմ իմ բեմադրած ներկայացումը: Կյանքն իրոք հաճելի անակնկալներով է լեցուն»: Հարությունը հիմա աշխատում է նոր բեմադրությունների վրա, հետաքրքրվում է ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններով. «Հիմա շատ ժամանակակից դրամատուրգներ կան` ինչպես հայ, այնպես էլ` արտասահմանյան դրամատուրգներ: Կցանկանայի, որ մարդիկ կարդան նաև հայ հեղինակների և չասեն, թե  չկան հայ գրողներ: Իսկ երբևէ՞ փորձել են հետաքրքրվել՝ կա՞, թե՝ ոչ, որ նման ամպագորգոռ բաներ են հայտարարում կամ ասում, որ թատրոն հիմա չկա: Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա: Ցավոք, հիմա դերասաններին ճանաչում են սերիալներում կերտած դերերից», – նշում է նա: Երիտասարդ ռեժիսորը կարծում է, որ շատ ասելիք ունի և հուսով է, որ կկարողանա իր ասելիքը հանդիսատեսին հասցնել. «Ինչպես գիտենք, նոր սերունդը, ով լցված է թատրոնով կամ արվեստով, ցանկանում է վերափոխել աշխարհը, գուցե դարձնել ավելի լավը հենց արվեստի միջոցով»:
Արփինե Արզումանյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30