Ամեն ինչով մեզ մատնացույց են անում, որ Հայաստանն ապահով է միայն իշխանության եւ իշխանամերձ օղակների, քրեական տարրերի եւ ամենակարեւորը՝ այդ նույն քրեականների ու իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների ապահովությունը ապահովող օսիպյանների համար:
… Ես առաջին պարբերությունում սխալ եմ թույլ տվել, եւ դա շատ տարածված թյուր պատկերացում է մեր իրականության մասին, որովհետեւ Հայաստանն ամենից առաջ ապահով չէ Սերժ Սարգսյանի համար: Եթե ապահով լիներ, ինչո՞ւ ՀՀԿ գրասենյակ այցելելիս քաղաքի կենտրոնը շրջապատված պիտի լիներ այնպես, ասես տարերային աղետի պատճառով մեկ առանձին վերցրած թաղամասում արտակարգ դրություն է հայտարարվել, կամ այդ հատվածում հատկապես վտանգավոր հանցագործին բռնելու շուրջկալ է: Ստացվում, որ երկիրն անապահով է Սերժ Սարգսյանի համար… Իսկ այ, լրագրողների համար, որոնք սպասում էին, թե կկարողանան գոնե մեկ հարց ուղղել նրան մոսկովյան հանդիպումների մասին, Հայաստանը խիստ ապահով երկիր է, որովհետեւ նույն ոստիկաններն ապահովեցին նրանց՝ Սերժ Սարգսյանի անցանկալի պատասխանները լսելու վտանգից: Կարող էին, չէ՞, թույլ տալ, որ նա լրագրողներին մեղադրեր գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ՝ դրանով իսկ վտանգելով վերջիններիս ապահովությունը: Ապահով է Հայաստանը նաեւ այն մարդկանց համար, ովքեր Սերժ Սարգսյանի որեւէ այցի ժամանակ ուզում են հանդիպել նրան: Այդ դեպքում էլ «ախրանան» է ապահով մարդկանց անվտանգությունը: Մի երկու անգամ չապահովեց, ու մարդիկ քաշվեցին՝ էլ «խիարը թարս բուսնեց», էլ չիմացան, թե եկել են «որ ի՞նչ անեն»…
Երկիրը ապահով է նաեւ այն ակտիվիստների համար, ովքեր բողոքում են տրանսպորտի թանկացման, ապօրինի շինարարությունների, Փակ շուկայի վերակառուցման եւ Մաքսային միությանը միանալու հայտարարության դեմ: Նրանց ապահովությունն ապահովում է «Օսիպյան ընդ քոմփընի» համազգեստավոր ՍՊԸ-ն: Պատկերացնո՞ւմ եք, եթե չապահովեին, ինչ կլիներ: Ու հենց Օսիպյանը տեսնում է, որ մեկի ապահովությունը վտանգված է, կատարում է մարդասիրական քայլ՝ նրան մի քանի ժամով բերման է ենթարկում մոտակա ոստիկանական բաժանմունք: Հո չի՞ թողնի, որ էդ ակտիվիստը անապահով մնա: Այ, եթե ակտիվիստի, ասենք՝ Արգիշտի Կիվիրյանի կամ Վրեժ Զատիկյանի փոխարեն լիներ Սամվել Ալեքսանյանի վարսավիրի օգնականը, ապա խիստ անապահով վիճակում կլիներ, որովհետեւ Օսիպյանը դեմքը կշրջեր՝ չնկատելու տալով նրա անապահով վիճակը եւ բերման չենթարկելով ավելի ապահով վայր…
Եվ հիմա ես լրջորեն մեղադրում եմ ոստիկանությանը Սուրեն Սաղաթելյանի եւ Հայկակ Արշամյանի ծեծի մեջ: Եթե ժամանակին Օսիպյանը անվտանգության միջոցառումներ ձեռնարկեր, այսինքն՝ Սուրենին եւ Հայկակին բերման ենթարկած լիներ ցույցի վայրից, հո նրանց վրա չէի՞ն հարձակվի: Իսկ հարձակվողները հիմա, վստահ եղեք, խիստ անապահով երկրում են ապրում, որովհետեւ Վլադիմիր Գասպարյանը բռունցքը խփել է սեղանին եւ խրոխտ ձայնով պահանջել, որ այդ հարձակվողների ապահովությունը եւս ապահովվի…
Կարդացեք նաև
Հայաստանն, իհարկե, ապահով երկիր չէ Տարոն Մարգարյանի համար: Խեղճի աշխատավայրն արդեն ամսից ավելի շրջափակել են ու չեն թողնում մարդը դռնով հանգիստ աշխատանքի գնա: Իսկ այ, շրջափակող ցուցարարները պարբերաբար ապահով-ապահով հայտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Հայաստանն, իհարկե, ապահով երկիր չէ Սամվել Ալեքսանյանի համար: Նա խեղճուկրակ, ունեզուրկ մի անձնավորություն է, ուզում է մարդկանց լավություն անել, իսկ ինչ-որ անհասկացողներ անընդհատ խաթարում են նրա անվտանգությունը, աչք տնկում նրա չունեցած ունեցվածքի վրա, եւ ինքը ստիպված «Օսիպյան ընդ քոմփընի» համազգեստավոր ՍՊԸ-ին օգնության է ուղարկում իր խիստ ապահով «մատյան գունդը»:
Հայաստանն, իհարկե, ապահով չէ Սուրիկ Խաչատրյանի (որ ավելի հայտնի է Լիցկա մականունով) համար: Այդ Սուրիկ Խաչատրյանը սրճարանում զգում է, որ իր անապահովությունը գալիս է մի քանի սեղան այն կողմ նստած կնոջից, դրա համար էլ մոտենում եւ ապտակում է, բայց դե, ոստիկանները եւ իրավապահները նախանձություն են անում եւ չեն ցանկանում, որ նա ապրի ապահով վայրում, դե, ասենք, «Նուբարաշենում», եւ քրեական գործ չեն հարուցում… տեղն է նրան, թող անապահով ապրի:
Խիստ անապահով վիճակում են նույն Սուրիկ Խաչատրյանի տղան ու թիկնապահը. խեղճերի վրա ինչ մեղք ասես՝ չբարդեցին հերիք չի, դեռ մի հատ էլ ապահով բանտը թողած բաց են թողել անապահով ազատության մեջ: Իսկ այ, Տիգրան Առաքելյանն արդեն երկու տարուց ավելի խիստ ապահով Հայաստանում է ապրում: Նրա անվտանգությունը՝ դատարանի պարբերական որոշումներով, ապահովում է քրեակատարողական վարչությունը: Նույն կերպ նաեւ՝ խոտի դեզն իբր թե այրած երիտասարդը, որ արդեն չորս ամսից ավելի է՝ նույն ապահով Հայաստանի ապահով բանտում է: Բա հո չե՞ն թողնի, որ Տիգրանը կամ Քեմբրիջ ավարտած երիտասարդը դուրս գան էս անապահով իրականության մեջ: Բա մեղք չե՞ն նրանք, հո մարդասպան չե՞ն, որ ապրեն անապահով ազատության մեջ, թաղի խուժան չե՞ն, ընտրությունների ժամանակ ձայն բերող չե՞ն, որ անապահով երկրում ապրեն…
Իսկ դուք ասում եք, թե Սերժ Սարգսյանը չի կատարում ապահով Հայաստան կերտելու իր նախընտրական խոստումը:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Շատ յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերված: Լավ հոդված էր: Շնորհակալություն հեղինակին:
Իհարկե լավն է՝ և հումորը, և հեգնանքը, բայց ցավալի է, որ այդ ամենը հասկանում է երկրի բնակչության քիչ մասը, մնացածին թվում է թե՛ այն ինչ տեղի է ունենում՝ օրինական է և օրինաչափ: Օրինակ,՝ եթե նախագահը ուզենա 90,80,70,60 խփի դա օրինաչափ է, ապա և օպրնական, քանի որ
նախագահը հո թույլ չի տալու, որ իր մրցակիցներից որևէ մեկը այդ նույն բանը անի: Բա էլ ինչի համար է նախագահ: Կամ թաղի խուժանի կողմից ընտրված քաղաքապետը ու՞մ շահերը պետք է
պաշտպանի, եթե ոչ՝ թաղի խուժանի: Ինչպե՞ս կարող է օրինապաշտ, բարոյապես առողջ ոստիկանը
պաշտպանի քաղաքացու շահերը,՝ ընդեմ թաղի խուժանի և այլն: Այս պարադոքսային իրավիճակը
վերջին հաշվով բերում հղկում է մի իրավիճակ, որտեղ գործում է՝ կիսագրագետ, գավառական, թաղի
խուժանի օրենքները, որը և երկիրը վերածվում է մի թաղի կամ գավառի, որտեղ գործում է՝ գաղջ
մթնոլորտ, անշուշտ երկիրը զավթավ մի քանի դուրսպրծուկներով: Հումորը և հեգնանքը, անչափ
գեղեցիկ է, հատկապես երբ տեղին է, ցավոք տվյալ դեպքում տեղին չէ, քանի որ անուժ է նման այլանդակությունների դեմ պայքարելու, և այն շեղում է պայքարի ճիշտ ճանապարհից, քանի որ ոմանց թվում է, որ այս անասունները կկարդան, կհասկանան, որ վատ բան են անում և կուղղվեն,
բայց այդպես չի լինում, այլ հարկավուր է ավելի ագրեսիվ պայքար նրանց դիմակայելու, քան նրանց ջանքերն են՝ թալանի և երկիրը կործանելու ճանապարհին: Իսկական պայքարը սկսել է:
Բավականին լավ հոդված էր, սարկազմն ու սատիրան տեղը՝ համեմունքներն էին պակաս, մի քանիսին մոռացել էիք: Բայց լավն էր, շնորհակալություն: Կարելի էր վերնագրել՝ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ;