Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազը ՀԿ-ների հայտարարությունը «տարօրինակ» է համարում

Սեպտեմբեր 12,2013 13:58

Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի արձագանքը ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից երկու հասարակական կազմակերպությունների դուրս գալու մասին հայտարարությանը:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությունը՝ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Իմ կողմից բանակում մահվան եւ սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը եւ փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախաքննության նկատմամբ առկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ գործերի բացահայտմանը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ եւս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին:

Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, եւ հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է: Հանձնաժողովի առաջին նիստերը հույս էին ներշնչում,  որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը եւ օգտակար լինել ծառացած խնդիրների լուծմանը:

Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է: Հանձնաժողովի կազմից դուրս գալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռեւս առնչություն չունի զինվորական դատախազության հետ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա: Ավելին՝ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգման ընթացակարգերը, եւ զինվորական դատախազությունը որեւէ պաշտոնական գնահատական չի տվել վերը նշված որոշմանը: Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները եւ հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկել հանձնաժողովի  աշխատանքները:

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը կարեւոր է առաջին հերթին Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վերաբերյալ իրական մտահոգվածության, տուժողների հարազատների հույսերն ի կատար ածելու պատրաստակամության տեսանկյունից եւ ամենեւին աղերս չունի մտացածին կամ իրական այլեւայլ նկատառումների հետ: Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար եւ վստահեցնում, որ անկախ ամեն ինչից՝ hանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30