Ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի «խորթ» քույրը վստահեցնում է, որ մայր ու որդի իր հորը մոլորեցրել են ու տան վերաբերյալ կտակ կորզել
«Ազատամարտիկի մորը հանել են հաշվառումից եւ զրկել սեփականության իրավունքից» 16.08.2013 թ.-ի «Առավոտում» հրապարակված հոդվածին արձագանքելով՝ երեկ խմբագրություն էին եկել ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի «հարազատները»:
Նյութում, մասնավորապես, ներկայացրել էինք ազատամարտիկի դժգոհությունն այն մասին, որ «խորթ» քույրը հոգեկան է հանել հորը, որ Աշոտ Պետրոսյանի մորից խլի նրա սեփականությունը: Խոսքը Վարդենիսի Ծափաթաղ գյուղում գտնվող տան մասին է։ «Առավոտ»-ի հետ զրույցում Աշոտ Պետրոսյանը վստահեցրել էր, որ հանցավոր ճանապարհով գյուղի ծխամատյանից իր մորը հանել են հաշվառումից՝ ջնջելով նրա անունը։ «Մայրս այլեւս ոչ մի տեղ գրանցում չունի։ Ժամանակին մորս անունով 1800 քառակուսի մետր հողատարածք էր ձեւակերպված, սակայն խորթ քույրս՝ Կարինե Բադալյանը, այն սեփականաշնորհեց»,- պատմել էր Աշոտ Պետրոսյանը։
Կարինե Բադալյանի պարզաբանմամբ՝ Աշոտ Պետրոսյանն ապատեղեկատվություն է տարածում, թե կտակով հայրը տունն իրենց է կտակել. «Նախ սկսենք այնտեղից, որ Աշոտի մայրը՝ Սեդա Պետրոսյանը, եւ նրա ամուսին կոչեցյալը՝ Արամայիս Բադալյանը, ոչ մի օրինական փաստաթուղթ չունեն այն մասին, որ նրանք ամուսիններ են։ Սեդա Պետրոսյանը ծնվել է Ադրբեջանում, հայտնի իրադարձությունների ժամանակ նա հաջողացրել է Ադրբեջանի իր տունը փոխանակել Հայաստանի Վարդենիս համայնքի Ծափաթաղ գյուղում գտնվող տան հետ եւ ներգաղթել է Հայաստան։ Այդ տունը մինչ օրս կա եւ պատկանում է Սեդա Պետրոսյանին։ Այդ ընթացքում Սեդան ծանոթանում է Կարինե Բադալյանի հարազատ հոր՝ Արամայիսի հետ։ Նրանք համատեղ կյանք են վարում միասին, սակայն նրանց հարաբերություններն այդպես էլ օրինական կարգով չեն փաստաթղթավորվում։ Ավելին՝ Սեդան իր հետ Արամայիսի տուն է բերում իր Ադրբեջանում ծնված 15-ամյա որդուն՝ Աշոտին, որը կրում է մոր ազգանունը՝ Պետրոսյան, իսկ հայրանունը Անուշավան է։ Ուշադրություն դարձրեք, որ Աշոտ Պետրոսյանը որեւէ առնչություն չունի Արամայիս Բադալյանի եւ նրա դստեր՝ Կարինե Բադալյանի հետ։ Ստացվում է, որ Աշոտ Պետրոսյանը ստել է՝ ասելով, թե խոսք է գնում իր «խորթ քրոջ» մասին»։ Ըստ Կարինե Բադալյանի՝ Աշոտ Պետրոսյանը որեւէ կողմից արյունակցական կապ չունի ո՛չ Արամայիս ու ո՛չ էլ Կարինե եւ նրանց արյունակից մյուս Բադալյանների հետ. «Նա պարզապես Բադալյանների գերդաստանին անծանոթ, օտար անձնավորություն է, որը ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հարթություններում չի կարող որեւէ պահանջ ներկայացնել Բադալյաններին»։
Կարդացեք նաև
«Հայրս՝ Արամայիս Բադալյանը, տեսնելով այս իրավիճակը եւ գիտակցելով, որ մորս ոչինչ կարող է չմնալ, ձեւակերպեց կտակ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր Աշոտ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ կտակում գրվել է, որ Աշոտ Պետրոսյանի հայրն իր տունն ամբողջությամբ կտակում է իր կնոջը՝ Սեդա Պետրոսյանին. «Համատեղ սեփականության իրավունքով մեզ պատկանող սեփական բնակելի տան տնամերձ հողամասով, օժանդակ շինություններով համապատասխան մասը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում, ես կտակում եմ ամբողջությամբ Սեդա Հակոբի Պետրոսյանին»:
Կարինե Բադալյանի խոսքերով. «Ինչպե՞ս եղավ, որ հորս հետ ապրած կինն ու նրա զավակը կարողացան հարազատ 80-ամյա հորիցս նման կտակ կորզել։ Հայրս մինչ այդ որեւէ բան չի գրել, եւ նա մշտապես պնդել է, որ ո՛չ Սեդան, ո՛չ էլ նրա զավակը չեն կարող իրենից տան պահանջ ներկայացնել, քանի որ նա հարազատ դուստր ունի, ով էլ կարող է ժառանգել այդ տունը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աշոտը չի պատմել, որ կեղծ կտակը ձեւակերպելուց 3 ամիս առաջ ես 80-ամյա հորս տարել եմ բժշկական հետազոտության, որտեղ պարզվել է, որ նա տառապում է բազմաթիվ ծանր հիվանդություններով, որոնք հատուկ են տարեց մարդկանց, մասնավորապես՝ խոսք է գնացել ծերունական սկլերոզի մասին։ Բժշկական կենտրոնն ինքն է նշանակել անկախ փորձագիտական հետազոտություն, որն իրականացվել է համապատասխան կառույցում, եւ նշվել է, որ հայրս այն վիճակում է, որ չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար (բժշկական բոլոր փաստաթղթերը դատարանի տրամադրության տակ են)։ Կտակր վստահություն չի ներշնչել անգամ դատավորներին, որոնք այդպես էլ արժանահավատ ապացույցի որակավորում չեն տվել դրան։ Կտակարարի կողմից կտակը չկարդալու, վատ լսելու պատճառով կտակի կազմմանը եւ վավերացմանը ներկա է եղել վկա ոմն քաղաքացի Լյովա Լազարյան, որը դատարանում հայտնել է, թե ինքը հասել է նոտարիատ այն պահին, երբ կտակն արդեն կազմված է եղել։ Լազարյանին դատարանում հարցրել են, թե նա կարդացե՞լ է կտակը, ի պատասխան՝ նշել է. «Ոչ»։ Դատավոր Վ. Վարդանյանն ինքն է հեգնել վկային՝ ասելով. «Բա որ չէիր կարդացել, ինչի՞ տակ էիր ստորագրում»։
Ի դեպ, Արամայիս Բադալյանի հուղարկավորությունը կատարվել է իմ ամուսնուն պատկանող Նոր Արեշ, 14 փողոց, 20 տնից։ Հարց է առաջանում՝ ո՞ւր էին այդ ժամանակ կին ներկայացող Սեդան եւ նրա «ազատամարտիկ» որդին։ Հորս հուղարկավորության ընթացքում Աշոտը զբաղված էր հորս պատկանող անասունները վաճառքի հանելով, եւ այդ գումարները ինձ հայրական տնից զրկելու վրա ծախսելով։
Աշոտ Անուշավանի Պետրոսյանն ու նրա մայրը՝ Սեդան, շատ լավ գիտեն, որ իրենք իրավունքներ չունեն հորս, ապա ինձ անցած սեփականության մասով եւ չեն կարող որեւէ պահանջ ներկայացնել։ Ի դեպ, ավելացնեմ նաեւ, որ ես՝ Կարինե Բադալյանս, ունեմ սեփականության վկայականի իրավունքը հաստատող վկայական, որը տրվել է 2004 թվականին»։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ