Էդուարդ Հարենց անունը հայտնի է ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրված յուրաքանչյուր մարդու, եւ նրան ներկայացնելու հարկ կարծես թե չկա: Բանաստեղծ եւ թարգմանիչ Էդուարդ Հարենցը բանաստեղծական հինգ ժողովածուների («Երազ կորուսյալ», «Արցունքոտված անուրջներ», «Կիսատ պատանություն», «Մեխակե անձրեւ», «Լեթարգիական արթնություն») հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն եւ այլ լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է:
«Առավոտի» հետ զրույցում երիտասարդ բանաստեղծն ասաց, որ շուտով տպագրության կհանձնվի իր բանաստեղծությունների վեցերորդ ժողովածուն:
Մեր դիտարկմանը, թե Է. Հարենցի պոեզիային բնորոշ է տողի կտրուկ, կարճ եւ ասույթային լինելը, պատկերային խտությունն ու ընդգրկունությունը, եւ կարդալու համար ոչ միայն երկար ժամանակ է պահանջվում, այլեւ որոշակի պատրաստվածություն, այսինքն՝ ամեն մեկը չի կարող լինել նրա ընթերցողը, բանաստեղծը պատասխանեց. «Ես չեմ ուզում ասել՝ իմ ընթերցողը բարձր է կամ ցածր, դա կարեւոր չէ այնքան, եւ պետք չէ սեւեռվել դրա վրա, բայց ես էլ եմ զգում, որ իմ ընթերցողը տեսակով տարբեր է, իսկ ինչ վերաբերում է խտությանը, ես չեմ կարող ասել՝ դա ինչու է այդպես: Հրանտ Մաթեւոսյանին հարցնում են՝ դու ինչու ես գրող, նա ասում է՝ բա ծառն ինչո՞ւ է ծառ, հիմա նույն հարցն է, որին չեմ կարող պատասխանել: Կան այնպիսի մտածելակերպի տեր մարդիկ, որոնք մտածում են, թե դա սարքվում է, բայց սարքվող պոեզիան միանգամից տեսանելի է: Ես շատ ուրախ կլինեի, որ բանաստեղծությունը իրոք տեղ հասներ, իրոք հասկացող ընթերցողը լիներ, ի վերջո, բանաստեղծությունը գրվում է կարդացվելու համար: Բայց դա ընթերցողի խնդիրն է, բանաստեղծության խնդիրը չէ բոլորովին եւ բանաստեղծի խնդիրն էլ չէ: Գրողը, որ գիրքը տպեց, այլեւս այդ գիրքն իրենը չէ, ընթերցողինն է, այդտեղ արդեն գրողը մահանում է, մյուս բոլոր հարցերը ընթերցողը պիտի ինքն իր մեջ տա ինքն իրեն, փորձի պատասխաններ գտնել: Գուցե կան գրողներ, որոնք բացատրում են՝ ինչ են գրել, ինչ են ուզեցել ասել, ես այդպես չեմ կարող. երբ բացատրում եմ, այդ բանաստեղծությունը դադարում է գործելուց, ավելի լավ է՝ նա գործի»:
Գրողը գտնում է, որ բանաստեղծության հաջողության պայմաններից մեկը լեզուն է, այսինքն՝ թե ինչպես կօգտագործես լեզվի հնարավորությունները. «Հակոբ Մովսեսն ասում է, թե մի հպարտացիր, բառերը քոնը չեն, քոնը ընդամենը բերանն է. համաձայն եմ, հանճարեղ է ասված, բայց պոետը պիտի միշտ իշխի բառի վրա, մանավանդ լեզվի վրա,- համոզված է Էդուարդ Հարենցը,- ճիշտ է, բառերն են ընտրում քեզ, քո ստեղծածը, այսինքն՝ բառերն են ընտրում քո գրիչը, ինչպես ասում է Օկտավիո Պասը, բայց, ամեն դեպքում, բառերի կողմից կատարված ընտրությանը ուղղորդել է պետք, այ այստեղ է, որ բանաստեղծը իշխում է բառի վրա, օրինակ, ես երբեք չեմ ասի՝ իմ բառը ինձնից մեծ է, բարձր է, այդպիսի բան չկա. ես իմ բառից բարձր եմ, որովհետեւ այդ բառը շնչողը ես եմ, այդ բառով ապրողը ես եմ, այդ պոեզիան քայլողը, այդ պոեզիան լռողը, այդ պոեզիան խոսողը, այդ պոեզիան մտածողը, այդ պոեզիայով ապրողը ես եմ, ըստ այդմ էլ իմ բառը չի կարող ինձնից բարձր լինել, դրա համար լեզուն շատ կարեւոր է: Երբեմն թվում է, թե ամեն ինչ արդեն ասված է, այլեւս ասելու բան չկա, այդ դեպքում ինչո՞ւ ես գրում, եթե ամեն ինչ ասված է: Ուզում եմ ասել, որ կարեւորը ինչպես-ն է, ինչպես ասելն է, ձեւն է, ոճն է, իսկ դա ի՞նչն է, դա լեզուն է: Վերջիվերջո, արվեստը լեզու է, համրի ընկալած արվեստն էլ է լեզու, դա էլ իր համրության լեզուն է, կապ չունի, դրա համար ես չեմ կարող ասել, թե ես ինչու եմ խիտ գրում: Չգիտեմ, պոեզիան իմ թերապիան է, ինչ-որ սինդրոմով ծնվել եմ, պոետի սինդրոմով երեւի»:
Արդի հայ պոեզիայում եւ հատկապես երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններում նկատվում է գրեթե իսպառ հրաժարում բանաստեղծության ավանդական ձեւերից կամ այսպես ասած՝ կշռույթավոր չափածոյից: Էդուարդ Հարենցն այն բացառիկներից է, որոնք ժամանակ առ ժամանակ դիմում են կշռույթավոր չափածոյին: Մեր հարցին, թե ինչո՞ւ են ժամանակակից պոետները հրաժարվում դասական, տաղաչափական ձեւերից եւ նախընտրում վերլիբրը՝ բանաստեղծության տաղաչափության ազատ ձեւը, բանաստեղծը դժվարացավ պատասխանել այն պարզ պատճառով, որ ինքը երկու ձեւով էլ գրում է եւ հավելեց. «Կան շրջանակներ, որոնց համար դա փրկություն է, որովհետեւ չեն տիրապետում տաղաչափական արվեստին, բայց ես կարծում եմ, որ մեզանում ոչ այնքան տաղաչափական արվեստից գլուխ չհանելու խնդիրն է, որքան խուսափելը բռնահանգից, քանի որ հանգը կարծես թե ընկալվում է որպես երեխայի ծնունդը կաշկանդող ինչ-որ բան, այսինքն՝ կաշկանդում է միտքը, ասելիքը, չի տեղավորվում, ավելի լավ է՝ ազատ լինեն: Երեւի դրանից է, բայց դա էլ միանշանակ այդպես չէ, որովհետեւ այնպես չէ, որ ամեն մի ազատ գրող բանաստեղծ է, կամ ամեն ազատ բանաստեղծություն բանաստեղծություն է»: Իսկ ինքն իրեն կաշկանդված զգո՞ւմ է հանգավոր բանաստեղծություն գրելիս: «Ոչ, ես հենց դա էի ուզում ասել: Այսօր էլ հայ պոեզիայում կան պոետներ, որոնք յուրաքանչյուր եվրոպացի գրողից էլ կարող են բարձր լինել եւ այդպիսին էլ կան: Նրանց հանգավորված ստեղծագործություններից երբեք չես ասի, որ կաշկանդված են: Եթե կաշկանդվեն, էլ չեն գրի: Վերլիբրին անցում կատարելու պատճառներից մեկն էլ այդ կաշկանդվածությունն էր: Բայց երբ կարդում ես Հենրիկ Էդոյանի, Մհեր Արշակյանի, Ներսես Աթաբեկյանի, Հրաչյա Թամրազյանի, Հրաչյա Սարուխանի պոեզիան, հասկանում ես, որ այս դեպքում արդեն չի արդարացվում այն հանգամանքը, թե իբր հանգը հին է, չի կարելի, կաշկանդող է, չի թողնում եւ այլն: Նրանց պոեզիայում բռնահանգ չկա: Երբ տեսնում ենք, թե ովքեր են այդ նույն հանգերով գրողները, այսինքն՝ ոչ թե ովքեր են, այլ ինչ գրականություն են ստեղծում, հասկանում ենք, որ այդ բռնահանգից էր պետք ազատվել, ոչ թե տիպիկ չափածոյից: Այնպիսի տենդենց էլ կա, որ ասում են՝ եթե երկու հանգն էլ չի կարողանում իրար կապել, էլ ի՞նչ բանաստեղծ է: Դա էլ է սխալ. ինչպես ուզում է, թող այնպես էլ գրի, թող երկու բառ գրի, երկու տող գրի. կարեւորը պոեզիան է: Բայց ինչ-որ գայթակղիչ բան կա ազատ գրելու մեջ, դրա համար էլ այսօր բոլորը գրում են, սոցցանցերն ուղղակի ողողված են «բանաստեղծներով»: Չնայած երբ գրողն է խոսում այդ մասին, թվում է՝ ինչ-որ վերամբարձ մոտեցում կա, իսկ իրականում շատ մեծ խնդիր կա. խնդիրը գրողը չէ, անունը չէ: Գիրը ոչ թե ձեւ է, ոչ թե ոճ է, մոդա է, այլ կերպ է, այդ կերպը չկա: Ինչ-որ խաղիկներ են անում, տաֆտալոգիա թվացող բաներ են ասում, որ իրենք իբր միտք են դնում մեջը, հակառակ բաներ են ասում, որ զարմացնեն, դա բոլորովին որեւէ խնդիր չի լուծում: Պոեզիան ինքը պիտի խոսի, ինքնին իրենից պիտի ինչ-որ բան ներկայացնի, հեղինակը չկա, հեղինակը մեռած է, գիրը պիտի խոսի նրա փոխարեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը, թե ինչպիսի՞ն է այսօր գրող-գրաքննադատ-ընթերցող կապը: Արդյոք պե՞տք է, որ գրաքննադատը միջնորդ դառնա գրողի եւ ընթերցողի միջեւ՝ փորձելով ուղղորդել վերջինիս, թե՞, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է գրող-ընթերցող ուղիղ կապը, բանաստեղծը պատասխանեց. «Եթե խոսքը իսկական գրականագետի մասին է, ապա կարեւոր է այդ եռամիասնությունը: Միջնորդը մի քիչ սխալ ընկալում է, ավելի ճիշտ է ասել ուղղորդող, գրողին օգնող, ընթերցողին օգնող: Իհարկե, ամենակարեւորը հենց գիրն է: Գրող-ընթերցող կապն ապահովողը առաջին հերթին գիրն է: Բայց քանի որ գրական տեքստը հասարակ ընթերցողի համար ինչ-որ կոդեր ունի, որոնք պետք է բացել, գրականագետի ներկայությունն անհրաժեշտություն է դառնում»: Բանաստեղծը կարծում է, որ կան այնպիսի ստեղծագործողներ, որոնք առանց գրականագետի էլ կարող են կապ ստեղծել ընթերցողի հետ, բայց դրանից գրականագետի դերը բոլորովին չի թուլանում, եւ կան այնպիսիք, որոնք գրականագետի անհրաժեշտությունն զգում են, ոչ թե իրենք են զգում, այլ իրենց գիրը, գրի տեսակը: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Տարվա լավագույն բանաստեղծական գիրք» մրցույթին (2012թ.), որտեղ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուն ստացել է առաջին կարգի մրցանակ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի մրցույթները գրողի համար, եւ արդյո՞ք դրանք հիմնականում անունների մրցույթներ չեն՝ նկատի ունենալով մրցույթներն ընդհանրապես, ոչ միայն գրական:
Գրողը նշեց, որ այստեղ մեծ խնդիրներ կան, որ երկուսն էլ գործում են այս դեպքում, եւ որ աշխարհում է այդպես: «Անունների մրցակցություն է, թե որեւէ գործի, միանշանակ չեմ կարող ասել, բայց կարեւորը այդ մրցությունն է: Էլի անձը մեջը խառն է, անձի խնդիրը կա, վրիպումներ են լինում: Բայց գոնե իմ գրքի շահած մրցանակի կապակցությամբ վստահ կարող եմ ասել, որ այդ մրցանակը չի շահել Էդուարդ Հարենցը, այդ մրցանակը շահել է տվյալ գիրքը, դա ամենակարեւորն է: Կան մրցանակներ, որ շահում են հեղինակները, իհարկե, ինչ-որ գրքով, ստեղծագործությամբ, նկարով, քանդակով եւ այլն, բայց շահում են անունները, դա այնքան էլ լավ չէ, այսինքն՝ դա ընդհանրապես լավ չէ. կարեւոր է, որ ներկայացված գործը շահի»,- ասաց Հարենցը:
ՀՀ դպրոցների եւ բուհերի ծրագրերում ընդգրկված չեն ժամանակակից հեղինակները: Մեր հարցին, թե պե՞տք է, արդյոք, ընդգրկել, գրողը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ: Կան հեղինակներ, որոնց կարելի է ընդգրկել, ինչպես, օրինակ, Լեւոն Խեչոյան, Հովհաննես Գրիգորյան, Ներսես Աթաբեկյան ու էլի շատ ուրիշներ»:
Զրուցեց
ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ