Գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստի հայաստանյան տպավորությունները
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2013-14թթ. համերգաշրջանը սկսեց 7-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Վերջինիս գեղարվեստական ղեկավարներն են ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ Մեծ Բրիտանիայում ստեղծագործող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Ինչպես նախօրոք «Առավոտին» հայտնել էր ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, դարձյալ ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո մեկնարկող փառատոնը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 25-ը, նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Հիշեցնենք նաեւ, որ տիկին Սիրունյանի հավաստիացմամբ՝ փառատոնին մասնակից անվանի երաժիշտներից ոմանք փոփոխություններ են կատարել իրենց հյուրախաղային գրաֆիկում՝ մեծանուն հայ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված երաժշտահանդեսին մասնակցելու համար:
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեց Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան եւ գերմանացի անվանի ջութակահար Իզաբել Ֆաուստի մեկնաբանմամբ՝ Մոցարտի առաջին եւ չորրորդ կոնցերտները:
Այս տարի հանդիսատեսի եւ որոշ մասնագետների շրջանում մտավախություն կա, թե ինչպես պետք է ներկայանա նվագախումբը, արդյո՞ք երաժիշտների գերհոգնածությունը բացասաբար չի անդրադառնա փառատոնային 8 սիմֆոնիկ եւ 2 կամերային երեկոների վրա: Խոսակցությունների առիթը նվագախմբի մասնակցությունն էր Շուշիում սեպտեմբերի 1-ին կայացած Անդրեյ Բաբայանի «Արծվաբերդ» օպերային ներկայացմանը: Մեկնարկային համերգը փարատեց այդ անհանգստությունը. Խաչատրյանի 4 մասից բաղկացած եւ էմոցիոնալ կուտակումներով հարուստ սիմֆոնիան, որը պահանջում է առաջին հերթին բարձր տեխնիկական պատրաստվածություն, երաժշտասերը ընդունեց մեծ ոգեւորությամբ: Իսկ հայաստանցի հանդիսատեսին արդեն ծանոթ բարձրարվեստ երաժիշտ Իզաբել Ֆաուստի մոցարտյան կոնցերտների մեկնաբանումը, որ կատարողից պահանջում է վիեննական կոմպոզիտորական արվեստին բնորոշ բարձր ճաշակ ու կատարման տեխնիկական ճշգրտություն, օվացիա առաջացրեց դահլիճում:
Մեզ հետ զրույցում Բեռլինի, Տոկիոյի, Բոստոնի եւ այլ հեղինակավոր նվագախմբերի, Կլաուդիո Աբբադոյի, Ֆրանս Բրյուգենի, Մարիս Յանսոնսի, Ջովանի Անտոնինիի եւ մյուս անվանի դիրիժորների հետ համագործակցած ջութակահարի խոսքերով՝ «Երկրորդ այցս է Հայաստան: Պատիվ է հանդես գալ Խաչատրյանի հոբելյանին նվիրված փառատոնին: Անվանի մենակատար երաժիշտներով ու ծրագրով հարուստ այս միջոցառմանն առաջին անգամ ներկա գտնվեցի 3-4 տարի առաջ: Այլ նվագախմբերից ձեր նվագախումբը տարբերվում է մենակատարների նկատմամբ երաժիշտների անսահման ջերմությամբ: Տարբեր առիթներով նշում եմ ոչ միայն այդ հանգամանքը, այլեւ փաստում Հայաստանի նման փոքր, բայց դարավոր մշակույթ ունեցող երկրի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական բարձր մակարդակը, անկասկած, այս ամենը շնորհիվ գլխավոր դիրիժորի՝ Էդուարդ Թոփչյանի»:
Մեր զրուցակիցը ափսոսաց, որ հասկանալի պատճառով չի կարող գոնե մի քանի օր եւս անցկացնել Երեւանում: «Չէ՞ որ կհանդիպեի փառատոնային համերգներին մասնակից գործընկերներիս, այդ թվում՝ ջութակահարներ Բորիս Բրովցինին (Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտոնին (Ճապոնիա) եւ մյուսներին»,- հայտնեց Իզաբել Ֆաուստը, հավելելով, թե դարձյալ վայելելով հայաստանցի երաժշտասերի ջերմությունը, հեռանում է՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ