Այսօր «Արմատ» ակումբում Սիրիայում ներքին եւ արտաքին զարգացումների, քիմիական զենքը երրորդ երկրին հանձնելու եւ սիրիական հակամարտության ազդեցությունը տարածաշրջանում թեմայի վերաբերյալ խոսեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Թե ինչու ԱՄՆ-ն գնաց փոխզիջման, այս առումով ըստ Պետրոսյանի` տարբեր վարկածներ կան. «Պարզ էր, որ ռազմական հարվածը հղի է բավականին անկանխատեսելի հետեւանքներով: Ակնհայտ է, որ ոչ մեկը չէր կարող կանխատեսում անել, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետեւ ինչպես ասում են պատերազմ սկսելը հեշտ է… Եթե Սիրիան փորձեր պատասխանել թիրախային հարվածներին, հաստատ տարածաշրջանային պատերազմն անխուսափելի կլիներ»:
Արմեն Պետրոսյանը գտնում է, որ պատասխանատվությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի վրա ու այն ակնկալիքները, որոնք կապված էին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի հետ`իրականացան: «Ռուսաստանն արեց առաջարկություն ու հիմա գնդակը նրա դաշտում է` մնում է Ռուսաստանը տեր կանգնի իր խոսքին: ՌԴ-ի առաջարկությունը դարձյալ միակողմանի է, քանի որ դեռեւս ապացուցված չէ, թե սիրիական հակամարտության կողմերից, որ մեկն է կիրառել զենքը»,- նշեց Պետրոսյանը հավելելով, եթե ՌԴ-ն շարունակի դիվանագիտական ակտիվությունը եւ փորձ անի համախմբել հակամարտության կողմերին, այդ դեպքում գուցե հաջողվի նրա նախաձեռնությունը, այլապես ավելի հիմնավորված կլինի ԱՄՆ-ի ներխուժումը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ