Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միություն. առաջ դեպի անցյալ

Սեպտեմբեր 12,2013 13:38

Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան եվրաինտեգրումն է

Սկիզբը

Երբ հնչում են կարծիքներ, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու վերաբերյալ, մեկ օրում, ճնշումների ներքո եւ անսպասելիորեն կայացրած որոշում չէր, ինչ-որ առումով իսկապես այդպես է: Ներքին ճնշումները բավական ուժգին էին ե՛ւ մինչեւ մոսկովյան որոշումը, ե՛ւ նույնիսկ այսօր:

Օրերս Դավիթ Շահնազարյանը ուկրաինական «Զերկալո նեդելի» կայքին տված հարցազրույցում խոսելով ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման եւ դրան դրդող պատճառների մասին՝ նշել էր, որ Մոսկվան Հայաստանում ունի ճնշման որոշակի լծակներ ներքաղաքական դաշտում. «Երկրում կան այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսիք են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ ուրիշներ, որոնք գործում են ռուսական շահերի շրջանակներում»:

Վերհիշենք, թե ռուսական ազդեցության տարբեր գործիչներ մամուլի ակումբներում ու հարցազրույցներում ինչպիսի գրոհ էին իրականացնում, վստահաբար՝ ոչ պատահաբար, այլ նպատակաուղղված՝ նախ սկզբում ՀՀ-ն էին Եվրոպայից փրկում, ապա «ջերմություն» սկսեց նկատվել ԼՂ-ի նկատմամբ:

ԼՂ անվտանգությունը պահպանում է հայ զինվորը, որքան էլ աշխարհաքաղաքական վերադասավորությունները մեկ այս, մեկ այն կողմի օգտին լինեն, մի բան անհերքելի է՝ համամարդկային արժեքների վրա հիմնված, եվրոպական զարգացման ուղին բռնած Հայաստանն ու ԼՂ-ն են Արցախի անվտանգության միակ երաշխավորն ու պաշտպանը:

Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշեց. «Դուք գիտե՞ք` ինչ է Մաքսային միությունը կամ Ասոցացման պայմանագիրը, ԽՀԱԱԳ պայմանագիրը: Պրոբլեմը սա է, որ իրականում մարդիկ դատողություններ են անում գործընթացների մասին, բայց բացարձակապես պատկերացնում չունեն ոչ դրանց էության, ոչ ստորագրման հետեւանքների մասին»: Ըստ ilur.am կայքի՝ նա նաեւ հավելել է. «4 տարի բանակցել են եվրոասոցացման պայմանագրի շուրջ, ծախսել են մեծ փողեր, պաշտոնյաները ասում էին, թե մենք շատ լուրջ դիվիդենդներ կքաղենք, արթնացրել են ինչ-որ հույսեր, իսկ հետո մի հանդիպման ժամանակ պարզվում է, որ իրականում այդ ամբողջ ծրագիրը հակասության մեջ է մտել Ռուսաստանի շահերի հետ, մեզ սպառնում է անվտանգության հարցով, կարող էր անդրադառնալ Ղարաբաղի վրա, եւ 180 աստիճանով փոխվում է Հայաստանի ընթացքը»:

Մի՞թե դեռ գոյություն չունեցող Պուտինի կառույցն ու ԵՄ միասնական գործող շուկան միմյանց համեմատելի բաներ են: Սա այդ դե՞պքն է, երբ պետք է փաստաթղթերի հրապարակայնացում պահանջել՝ Ղարաբաղը մատնացույց անելով, երբ պարզ է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը եվրոպական օրենսդրության կիրառում է ենթադրում եւ ՀՀ-ի՝ դեպի ԵՄ շուկա դուրս գալու բացառիկ հնարավորություն: Պարզապես ցավալի է, որ ԼՂ խնդիրը մեկ «պատրվակ» է՝ իշխանափոխություն իրականացնելու եւ իշխանություն պահպանելու համար (ինչպես 1998-ի իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են պնդել), կամ՝ Հայաստանը ռուսական ազդեցության տակ պահպանելու «ամենածանրակշիռ» հիմնավորումը:

Կարեւորը կարախանյանները գոհ մնան

Այժմ կարելի է ենթադրել, որ Ղարաբաղն արդեն հուսալի ձեռքերում է: «Պրոֆեսիոնալ, լուրջ տնտեսագետների խնդիրն է պարզել, հաշվարկել այդ պայմանագրով Հայաստանի համար բացվող հնարավորությունները եւ Հայաստանի առջեւ դրվող սահմանափակումները: Սա լուրջ պետք է ծանրութեթեւ արվի: Մինչեւ չարվի, ես որեւէ գնահատական չեմ կարող տալ»,- նշեց Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթում՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ կոնկրետ գնահատականից խուսափելով:

Թեեւ այս օրերին բավական ուսումնասիրություններ են տպագրվում ՌԴ-ի տնտեսական ողբերգական վիճակի, այդ երկրի կենսամակարդակի անկման մասին, այնուամենայնիվ՝ դրանք հազիվ թե արժանանան ՀԱԿ-ի ուշադրությանը: Կարծում ենք՝ ՀԱԿ-ին այս հարցում կարող է օգնել բացառապես Սմբատ Կարախանյանը, ով շաբաթը մեկ հարցազրույց էր տալիս ու բացատրում, թե ինչ չարիք է սպասվում Հայաստանին, եթե հրաժարվենք Եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներից ու ստորագրենք ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: «Եթե այս իրավիճակով Հայաստանը նման տեսակի պայմանագիր է ստորագրում, ապա ՌԴ-ն ստիպված՝ իր ներքին շուկան պաշտպանելու համար, գնալու է հստակ քայլերի: Դա վերաբերում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ուկրաինային, ե՛ւ Մոլդովային: Չինովնիկները դրա մասին բաց են խոսում, բաց են խոսում նաեւ ՌԴ իշխանության ներկայացուցիչները, բոլորը: Ես հստակ ասում եմ՝ դա ՌԴ իշխանության տեսակետն է, ինչը Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է»,- վերջերս նշել էր Կարախանյանը «1in.am»-ին տված հարցազրույցում: Այնուհետեւ նա խիստ ուշագրավ մի միտք էր արտահայտել. «Եթե Հայաստանը ցանկություն հայտներ լինել Մաքսային միության կազմում, ՌԴ-ն շահագրգռված կլիներ հնարավոր եւ անհնար բոլոր ձեւերով ցամաքային միջանցքի հարց լուծել: Այդ հարցն էլ կա, բայց դա չի բարձրաձայնվում պաշտոնական մակարդակով, սակայն ՌԴ-ում կան որոշակի նախագծեր. տարբեր ճանապարհների մասին է խոսքը: Պաշտոնական դիրքորոշումներում դա բացակայում է, որովհետեւ դա ապագայի հարց էր, ՌԴ-ն կլուծեր այդ հարցը, եթե ՀՀ-ն գնար այդ ինտեգրացիայի ուղղությամբ: Ես չեմ ասում, որ այդ հարցը վաղը կլուծվեր, բայց այդ հարցը բարձրացված էր: Հասկանում ենք, որ դա հեշտ չէ: Բայց արդեն իմաստ չունի, քանի որ Հայաստանն իր ընտրությունը կատարում է եւ իր ճանապարհները պետք է որոշի: Մի քանի հարցի պատասխան եմ ակնկալում այսօր՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղի եւ Նախիջեւանի կարգավիճակը, Հայաստանի տնտեսական վիճակը»:

Մնում է սպասել, թե երբ են կարախանյանները իրենց իսկ բարձրացրած հարցերի բոլոր պատասխանները առաջիկայում ոչ միայն ներկայացնելու, այլեւ Մոսկվայի հայանպաստ եւ ազգանվեր մղումների մասին լուրերն ու որոշումներն ավետելու հայ հասարակությանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Եվրոպայի տնտեսական վիճակն էլ պակաս ողբերգական չէ: Իսկ բարոյական վիճակը՝ ուղղակի կատաստրոֆիկ է:

  2. Azad says:

    ԵՄ բացահայտ սնանկություն է. իսկ ՄՄ ՝ հույս ու ապագա: ԵՄ.ականները դատարկաբաններ են երբ ոչ մի երաշխիք չեն տալիս: Ճամանակն է որ քաշվեն հրապարակից և հանգիստ թողնեն ծրագիր ունեցողներին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30