Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներն այսօր «Նոյյան տապան» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ ահազանգելով, որ իրենց դեմ բռնությունները շարունակվում են:
Հարցին՝ ինչու եք պահանջում հենց այդ երկու պաշտոնյաների հրաժարականը եւ ոչ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեց. «Բացի նշանից, որ այդ մարդիկ ապօրինի որոշում են կայացրել, նաեւ ներգրավված են կոռուպցիայի մեջ, քանի որ իրենք գծատեր են, անձնական շահ են հետապնդել՝ այդ որոշումը կայացնելիս: Բացի դա, նրանք դրսեւորել են քրեական վարքագիծ»:
Ռուզաննա Գրիգորյանը նշեց նաեւ, որ քաղաքացիական շարժումները հաջողությունների են հասել, բայց դեռեւս իրենց չի հաջողվել որեւէ ապօրինի որոշում ընդունող պաշտոնյայի պաշտոնանկ անել:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ լճացել է վիճակը, հնարավո՞ր է մարտավարության փոփոխություն լինի, հացադուլ՝ ակտիվիստ Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ իրենց պայքարի միջոցները փոխելու են, գործիքները, հնարավոր է նաեւ պահանջները. «Դրա մասին լրացուցիչ կհայտարարենք, որովհետեւ ողջամիտ ժամկետն արդեն սպառվել է»:
Ըստ Ռուզաննա Գրիգորյանի, որեւէ հարց չի կարող լուծվել 10 հոգու մասնակցությամբ. «Եթե պատասխանատվության հարցը իսկապես հանրային օրակարգի խնդիր է եւ գտնում է, որ որեւէ պաշտոնյա պետք է պատասխանատվություն կրի ստեղծված վիճակի համար, ուրեմն անպայման կմիանա»:
Ակտիվիստները նաեւ վստահեցրին, որ ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել իրենց սպառնացողներին, ակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառողներին. «Որեւէ մի քրեական տարրի անգամ չեն կասկածում այդ գործողություների մեջ, ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ այդ ամենը տեղի է ունենում ոստիկանության թույլտվությամբ»:
Շարժման մասնակից Լենա Նազարյանն էլ նշեց, որ սեպտեմբերի 10-ին ավագանու նիստ է եղել եւ արգելվել է նստացույցի մասնակիցներին մասնակցել այդ նիստին. «Ավագանին բաց, թափանցիկ է, որեւէ ավագանու անդամ մինչ այսօր չի բարձրացրել մեր խնդիրը, լռել են, միայն «Բարեւ Երեւանի» անդամ Ստյոպա Սաֆարյանն է փորձել բարձրացնել ,այդ հարցը, նրա խոսափողն անջատել են: Ավագանին հարմարավետ տեղավորվել է իրենց աթոռներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ