«Մենք հասանք մի կարեւոր հանգրվանի, երբ տեղի ունեցավ հանգուցալուծում: Ես միակն էի, որը դեռ ամիսներ առաջ ասաց, թե Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի: Չնայած իրավիճակն այնպիսին էր, որ կամ ԵՄ-ն կամ Ռուսաստանը պետք է հուսախաբ լինեին, որովհետեւ հայտարարվել էր, թե եւ-եւ-ը ընդունելի չէ ու պետք էր ընտրություն կատարել: Մենք բաց թողեցինք եւ-եւ-ի շանս, իսկ այդպիսի շանս կար փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին: Հետո կար կամ-կամ-ի հնարավորությունը, որի մեղավորն են ՀՀ քաղաքական ուժերը»,-այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` երբ հարցը դրվեց կամ-կամ-ի հարթության վրա՝ ինքը կանխատեսեց, որ ՀՀ վարչախումբը թեքվելու է դեպի Եվրասիական միություն եւ Մաքսային մթության համաձայնագիր է ստորագրելու՝ հրաժարվելով ԵՄ ինտեգրումից:
Երբ ասում եմ՝ կար շանս համադրելու, նկատի ունեմ փետրվար-մարտ-ապրիլ ամիսները, քանի որ ՌԴ-ն ակնկալում էր, թե այս հարցերը կդառնան լուրջ քննարկումների առարկա: Բայց նախագահական ընտրությունների ժամանակ ներկայացված առաջին երեք ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն, որը չմասնակցեց ընտրություններին՝ ակնկալվում էր, որ այս առումով կլինեն բանավեճեր, ինչը այդպես էլ չեղան:
«Եւ-եւ-ի հնարավորության բացթողումը մեր քաղաքական ուժերի, քաղաքական ընտրանու մեղքով է եղել ու հիմա նրանք շարունակում են պնդել, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Մերկապարանոց անհիմն հայտարարություններ են անում, բայց սա նավթի առեւտուր չէ, նախ անվտանգության համակարգի հարց է»,- հավելեց նա՝ նշելով թե կրկին Սերժ Սարգսյանը իր շախմատը խաղաց ու այս առումով հիմնականում բոլոր քաղաքական ուժերը լռել են:
«Սերժ Սարգսյանը մի խնդիր ուներ` ՀՀԿ-ի մենաշնորհը պահել եւ այդպես էլ արեց, իշխանությունը պահելու խնդիր լուծեց: Ի վերջո դա է այդ կուսակցության ալգորիթմը»,- ավելացրեց Հովհաննիսյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ