Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Սուքիաս Ավետիսյանի` Ֆյուլեն հնարավոր է «պատրվակ է գտնում»

Սեպտեմբեր 12,2013 12:27

«Նույն պարոն Ֆյուեն եւ եվրոպացի մեր բոլոր գործընկերները, կարծում եմ, որ տեսել են, թե ինչքան խորը համագործակցություն է մեր եւ ՌԴ-ի միջեւ` եւ ռազմատեխնիկական, եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում: Ու չեմ կարծում, թե իրենց համար շատ զարմանալի է, որ մեր նախագահը հայտարարեց, որ մենք ցանկանում ենք միանալ Մաքսային միությանը, որը, բնական է, որ հետագայում որոշակի պայմանագրով կլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի դիտարկումներին: 
Հիշեցնենք, որ Մեդիամաքս  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում եվրոպացի չինովնիկը հստակ ասել է. «ԵՄ հետեւողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները»:
Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչն անգամ այս հայտարարությունից հետո պնդում է, որ Հայաստանը ընտրել է եվրոինտեգրման ճանապարհը եւ շարունակել այն. «Եթե ինչ-ինչ հարցեր կան, որ իրենք գտնում են, որ անընդունելի է… համենայնդեպս, մենք չ նախաստորագրման համաձայնագիրն ունեք մեր ձեռքի տակ, որ հասկանանք, թե էնտեղ ինչ են պահանջում, ոչ էլ Մաքսային միության համաձայնագիրն ունենք: Երբ որ այդ երկու համաձայնագրերը կլինեն հասու բոլորիս համար`մենք էլ կնայենք, թե ո՞ր մասով, ո՞րն է ընդունելի, որը`ոչ»:
Հետաքրքրվեցինք, քանի որ պատգամավորն ինքն էլ խոստովանեց, որ Մաքսային միության համաձայնագիրն էլ չկա ու հստակ չէ`թե մյուս կողմն ինչ է առաջարկում, այդ դեպքում ինչո՞ւ են այս օրերին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ամեն կերպ համոզում, որ դա Հայաստանի համար շահեկան է: «Որովհետեւ, վերջին 23 տարիների ընթացքում դեռ մենք ԵՄ-ի հետ որեւիցե համաձայնություն, որեւէ հայտարարություն, ինտեգրման գործընթաց չէինք սկսել, բայց ՌԴ-ի հետ արդեն հիմքը դրվել էր: Դրա համար էլ մենք չենք կարող այդ ուղուց հրաժարվել: Մենք այդ ուղին բռնել ենք, այդ ուղով առաջ ենք շարժվել`զուգահեռ Եվրոպայի հետ փորձելու ենք այդ ինտեգրման քաղաքականությունը տանել»:
Օրերս իր մամուլի ասուլիսում առաջին անգամ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ եվրոպացի գործընկերները մշտապես տեղեկացված են եղել Հայաստան-ՌԴ հարաբերությունների ու դրանց հեռանկարների մասին: Պարոն Ֆյուլեն այդ առիթով ուղղակիորեն հայտարարել է. «ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երեւան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել»: Այդ առիթով մեր դիտարկմանն ի պատասխան Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ես չգիտեմ, վերջին պահին են տեղեկացե՞լ, թե դա իրենք ուղղակի այսօր փորձում են պատրվակ գտնել եւ ասել, որ քանի որ վերջում ենք տեղեկացել, դրա համար չենք ուզում այսօր ձեզ հետ համագործակցել: Այսինքն, նախագահն ընդամենը համաձայնություն է տվել առաջիկայում Մաքսային միությանը միանալու համար. Որեւէ պայմանագիր չկա: Երբ մենք պայմանագիր կկնքենք ՌԴ-ի, հետո է ԵՄ-ի հետ, թող այն ժամանակ եվրոպացիներն ասեն, թե մեզ անտեսում եք»:
Եթե այդ փաստաթղթերը հրապարակայնացվեն ու պարզվի, որ Հայաստանի համար առավել շահեկան է ԵՄ-ի հետ ինտեգրումը`Հայաստանը կկտրի՞ իր պորտալարը ՌԴ-ից`մեր հարցին պատգամավորը կրկնեց, որ անցյալի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի համար առավել վստահելի եւ ապահով է ԱՊՀ երկրների հետ, քան եվրոպական:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30