«Որ մեկին Բրուտոս անվանես, ինքդ պիտի Հուլիոս Կեսար լինես: Նրան կարելի է արձագանքել ծերուկն անտանելի է դարձել արտահայտությամբ»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես արտահայտվեց փաստաբանների պալատի անդամ, պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը՝ պատասխանելով Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից իրեն «Բրուտոս» անվանելու փաստին:
Նշենք, որ պարոն Աթանեսյանը բարձրաձայնել էր պալատում ֆինանսական չարաշահումների մասին: Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել այն, ինչ ասել է չարաշահումների վերաբերյալ ու հայտնեց. «Զարմանում եմ, որ փաստաբանները մինչև վերջ խոսքդ չեն լսում: Ուրախ կլինեմ, եթե պալատը հերքի այս ամենը: Մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ չունեն հարկային ստուգում, աուդիտ և այլն: Իրենց մակարդակին չեմ իջնի ու չեմ պատասխանի»:
Այն խոսակցություններին, թե քննիչ աշխատելու տարիներին իր աշխատասենյակում քաղաքացու է ծեծել ու դրա համար հեռացվել պաշտոնից, պարոն Աթանեսյանն այսպես արձագանքեց. «Այդ մասին դատախազությունում նյութեր նախապատրաստվել են , բայց դրանք մերժվել են: Իսկ համակարգից ինքս եմ դուրս եկել, ինձ ոչ ոք չի ազատել աշխատանքից, դա կապված է եղել իմ հանգուցյալ ծնողների հետ»:
Պարոն Աթանեսյանը իր մրցակիցներին՝ Արա Զոհրաբյանին, Աշոտ Թադևոսյանին հեռուստաբանավեճի առաջարկություն է արել, սակայն մերժվել:
Ըստ փաստաբանի՝ եթե կառույցն ուզում են բարեփոխել, պետք է այն համալրվի նոր մարդկանցով:
« Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը, անդրադառնալով համակարգի թերություններին, նշեց. «Փաստաբանության թիվ մեկ հիվանդությունը հասարակության անվստահությունն է: Փաստաբանների պալատում մտածում են միայն փող աշխատելու մասին: փաստաբանների պալատը պետք է ընդունի ՀԿ-ների առաջարկությունը, ոչ թե Ռուբեն Սահակյանը նսեմացնի նրանց»:
Խաչատուր Մարոզյանը նաև քննադատեց այն փաստը, որ Ռուբեն Սահակյանն ինքն է պաշտպանում Սուրեն Խաչատրյանին:
Նա քննադատություններ հնչեցրեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հասցեին՝ նշելով, թե այժմ «կասկածում է նրա՝ լավ փաստաբան լինելու հարցում»:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ ընտրելու քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժամը 09.00-ից մինչև 17.00-ը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ