Մեր հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը։
– Պարոն Խուդոյան, կալանավորը, որը համոզված է, որ իրեն անարդարացի են
անազատության մեջ պահում, այնինչ իր կողքին՝ ակնհայտ եւ մեծ հանցանք գործածներն ազատ են արձակվում, դատարանի դահլիճում այսպիսի հայտարարություն է արել՝ «էնպես մի արեք, որ ե՛ս փոխեմ իմ խափանման միջոցը»։ Դուք, որպես մասնագետ, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, ի՞նչ պետք է հասկանալ դրա տակ։
– Իհարկե, մարդուն պիտի ճանաչես, որ ասես, բայց ինքնասպանության սպառնալիք կարող է դա լինել։ Բոլոր դեպքերում՝ դա է երեւի, ուրիշ որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ։
– Իսկ եթե մարդը նման հայտարարություն է անում, որքա՞ն հավանական է, որ նաեւ իրագործի դա։ Հնարավո՞ր է, որ երբ բարձրաձայնում է այդ մասին, արդեն նրա մոտ այդ ցանկություն-մտադրությունը մի տեսակ պարպվում է:
– Գիտեք, բանտի պայմաններում շատ–շատերը խորը դեպրեսիայի մեջ են հայտնվում։ Այսինքն՝ այդ պայմաններն արդեն իսկ նպաստավոր են, շատ նպաստավոր։ Իհարկե, առանց անձը քննելու հնարավոր չէ ասել՝ ինչ կհաջորդի այդ սպառնալիքին, բայց բոլոր դեպքերում ուշադիր պետք է լինել։ Պետք է լուրջ ուշադրություն դարձվի այդ հայտարարություններին, միգուցե նրա հետ պետք է հոգեբան զրուցի։ Անուշադրության պետք չէ մատնել։
– Դուք կարծում եք, որ այսպիսի հայտարարությունը հենց այնպես չէ՞ր կարող արվել՝ առանց որեւէ լուրջ հիմքի, ուղղակի պահի ազդեցությամբ։
– Սա սպառնալիք է։ Ինչի՞ սպառնալիք կարող է լինել։ Իմ կարծիքով դա ինքնասպանության սպառնալիք է։ Ձեր այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, թե որքանով է հավաստի։ Բոլոր դեպքերում, եթե ահազանգ կա, որ օրինակ, երկրաշարժ է լինելու, պետք է պատրաստվես: Կալանավորի այդ հայտարարությունը ահա այդպես պետք է ընկալվի։
– Պարոն Խուդոյան, տվյալ դեպքում խոսքը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին է, ով հակասական ու կեղծ ցուցմունքների հիման վրա է դատապարտվել, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին օրերս ազատ արձակվեց։ Տիգրանը նաեւ այդ զուգահեռն է տարել եւ այդ զուգահեռի ֆոնին է նման հայտարարություն արել։ Ըստ ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ մարզպետի որդու ազատ արձակումը Տիգրան Առաքելյանի հոգեվիճակի վրա։
– Անարդարության զգացում, հուսահատություն։ Դա էլ մի լրացուցիչ դեպրեսիայի պատճառ է։ «Ե՛ս իմ խափանման միջոցը կփոխեմ» ասելով՝ նա հո նկատի չունի՞, որ կալանավայրից կփախչի։ Դա նշանակում է՝ կյանքից կփախչի։ Մարդը այդ աստիճան անարդարության է բախվում, բնականաբար շատ ծանր կտանի։ Ուրեմն, այս դեպքում հաստատ դեպրեսիան առկա է:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում