Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք. «Սպասում եմ ռուսաստանցի համանախագահ` Իգորի հետ իմ աշխատանքին»

Սեպտեմբեր 12,2013 11:25

Ամերիկացի նոր համանախագահը կարեւորում է` երկրորդ ուղու նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ժողովուրդների միջեւ իրականացվող ծրագրերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը մամլո ասուլիս էր հրավիրել Երեւանում:
Սա նրա առաջին այցն է Հայաստան, եւ ստանձնելով համանախագահի պաշտոնը նա նպատակ ունի լսել եւ սովորել:
Քսան տարի է անցել հակամարտությունից, տարածաշրջանի ժողովուրդները մեծ գին են վճարել, եւ արժանի են զարգացման, նշեց նորանշանակ համանախագահը:
Նա նկատեց, որ եթե չլինի քաղաքական կամք, փոխզիջումներ չլինեն` խաղաղություն չի հաստատվի: Տարածքային ամբողջությունը, ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառումը մեր առաջնահերթություններն են, եւ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ պատրաստ ենք շարունակել կարգավորման գործընթացը:
«Ես ուզում եմ կարեւորել վստահություն եւ անվտանգություն ձեւավորող միջոցների, կամ` այսպես կոչված` երկրորդ ուղու նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ժողովուրդների միջեւ իրականացվող ծրագրերը, որը կապահովի անհրաժեշտ վստահությունը կարգավորման գործընթացում: Կարծում եմ, մենք կարող ենք թարմացնել, նորովի ջանքեր գործադրել երկրորդ ուղու բոլոր հնարավոր նախաձեռնությունների մասով, եւ ես ակնկալում եմ հետագա աշխատանք` տարածաշրջանի առաջնորդների հետ` խնդրի կարգավորման շուրջ, որը կբերի խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն»:
Aravot.am-ի հարցին` հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու անսպասելի որոշման մասին հայտարարությանը, ամերիկացի համանախագահը մտավախություն չունի՞, որ Ռուսաստանը կսկսի նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առանձին նախաձեռնություններով հանդես գալ, համանախագահը նկատեց. «Սպասում եմ ՌԴ-ի հետ` որպես գործընկերոջ, աշխատանքին, ռուսաստանցի համանախագահ` Իգորի հետ իմ աշխատանքին: Որպես գործընկերներ մենք միասին աշխատելու ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»:
Անդրադառնալով Բաքու կատարած իր այցին եւ Բաքվի դիրքորոշմանը նա նշեց, որ բոլոր կողմերից պետք է լինեն զիջումներ, «եթե ուզում ենք հաջողության հասնել»: «Ես այստեղ եմ առանց մյուս համանախագահների, որպեսզի ծանոթանամ ընդհանուր իրավիճակին, լսեմ բոլոր կողմերի դիրքորոշումը», ասաց նա:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, ի՞նչ նոր իրական քայլեր են պատրաստվում ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, նա պատասխանեց, որ նոր առաջարկներ չի բերել իր հետ, ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել կարգավորման ուղղությամբ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում:
Հանրային ռադիոյի հարցին`կապված ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ ինչ են պատրաստվում անել Բաքվում, նա շրջանցեց հարցը` հավելելով, որ այս պահին որեւէ մեկնաբանություն չունի, իր այցը նպատակն է` լսել, հասկանալ ու իրավիճակը գնահատելը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30