Գծանշումներով կայանատեղիներ կան ամբողջ աշխարհում՝ մեր կարմիր գծերով ոչ մեկին չենք զարմացնի: Դրանց մինչ այս ամառը երբեւէ որեւէ երկրում ուշադրություն չէի դարձրել, քանի որ միշտ այլ երկրներում եղել եմ հետիոտնի կարգավիճակում, ում ուշադրությունը կարող էր գրավել միայն «զեբրան»:
Սակայն այս ամառ մոտ քսան օր մեքենայի ղեկին եմ եղել Իտալիայում, եւ ուրեմն, ուզած-չուզած ուսումնասիրել եմ (որքանով հնարավոր էր) այնտեղի վարորդների փորձը:
Իտալիայում կայանատեղիների գծանշումները երեք գույնի են՝ կապույտ, սպիտակ եւ դեղին: Սպիտակ գծանշումը ցանկացած վարորդի թույլ է տալիս ազատ եւ անվճար կայանել տվյալ տարածքում:
Կապույտը՝ վճարովի կայանատեղիներն են: Կապույտ գծանշումներով յուրաքանչյուր հատվածում տեղադրված էր մեկ, կամ եթե տարածքը մեծ էր՝ մի քանի «պարկոմետր»: Մի սարք, որը կուլ է տալիս քո գումարը՝ որոշակի ժամանակահատվածի համար եւ քեզ տալիս կտրոն, համաձայն որի՝ դու, ասենք, չորս ժամ իրավունք ունես կայանելու տվյալ տարածքում: Այդ կտրոնը անհրաժեշտ է դնել մեքենայի դիմապակու վրա՝ ներսի կողմից, որպեսզի հսկող ոստիկանը այդտեղով անցնելիս ստուգի կտրոնի առկայությունը եւ նշված ժամկետը: Եթե կայանել ես կապույտ գծանշումով տարածքում եւ կտրոն չունես, տուգանքը, որ կարող է գալ քո հասցեով՝ կարող է հասնել մինչեւ 40 եվրոյի:
Դեղին գծանշումներով կայանատեղիները տվյալ տարածքի բնակիչների (ռեզիդենտների) համար են: Եթե օտար մեքենա կայանի տվյալ կայանատեղիում, ապա միանշանակ կտուգանվի:
Մեծ տուգանք է սպասվում նաեւ այն դեպքում, եթե մեքենադ կայանես միակ ազատ մնացած կայանատեղիում, որը հատուկ հաշմանդամների համար է:
Որոշ քաղաքներում կան նաեւ առանց «պարկոմետրերի» վճարովի կայանատեղիներ: Նման բան հանդիպեցինք Պիզայում: Բավականին մեծ տարածք էր, որտեղ տիրություն էին անում մի քանի սեւամորթ երիտասարդներ, որոնք էլ կայանման համար գումարը ստանալուց հետո կտրոն տվեցին՝ մեքենայի դիմապակուն փակցնելու համար:
Կայանման վճարը տարբեր է՝ կախված քաղաքից, կայանատեղիի տեղանքից եւ այլն: Որոշ տեղերում մեկ ժամ կայանելն արժեր 0,60 եվրո, որոշ վայրերում՝ 1,20 եվրո: Հաճախ երեկոյան ժամը 8-ից հետո կապույտ գծանշումով վայրերում էլ էր կայանումն անվճար դառնում:
Շատ էին նաեւ ստորգետնյա կայանատեղիները: Այս դեպքում մտնելիս արգելափակիչի մոտ կտրոն ես ստանում, որը հետո դակում ես մեքենան հանելիս եւ համապատասխան գումարը վճարում: Ստորգետնյա կայանատեղիներն ավելի թանկ արժեն: Սան Ռեմոյում, օրինակ, երեկոյան 5-ից մինչեւ առավոտյան 12-ը կայանելու համար վճարեցինք մոտ 20 եվրո:
Իտալիայում ճանապարհատրանսպորտային մի առանձնահատկություն կա, որը գլխացավանք է դարձել բոլոր վարորդների, հատկապես՝ զբոսաշրջիկների համար: Դա ZTL-ն է՝ Zona Traffico Limitato: Գրեթե բոլոր քաղաքներում, առավելապես՝ զբոսաշրջային կենտրոններում, այս նշանով արգելափակվում է մեքենաների մուտքը տվյալ հատված: Նպատակը պատմամշակութային արժեքները, բնությունը երթեւեկության միջոցների շահագործման արդյունքում առաջացած վտանգավոր արտանետումներից պահպանելն է, օդի աղտոտումից խուսափելը:
ZTL-ներով սահմանափակված տարածք մուտք գործելու իրավունք ունեն միայն այդ տարածքի բնակիչների մեքենաները: Իսկ մյուսները կարող են մտնել այդ տարածք միայն այն դեպքում, եթե հյուրանոցը, որում բնակվում են, ZTL-ի ազդեցության գոտում է գտնվում, սակայն այս դեպքում էլ պետք է խնդրեն հյուրանոցի աշխատակիցներին՝ ոստիկանությանը փոխանցել իրենց մեքենայի համարանիշները, որպեսզի չտուգանվեն: Տուգանքը արգելված տարածք մտնողների համար կարող է կազմել մինչեւ 100 եվրո:
Երբեմն ZTL-ի տակ ավելի մանր տառերով գրված է լինում, թե կոնկրետ ում է վերաբերվում արգելքը, ասենք՝ բեռնատարներին, զբոսաշրջային ավտոբուսներին, եւ այլն: Այն գյուղակի ճանապարհին, որտեղ մենք էինք բնակվում, աչքովս էր ընկել նման մի ZTL: Մինչեւ պարզեցի, որ դա վերաբերվում է միայն շատ հին եւ հետեւաբար շատ գազ արտանետող մեքենաներին՝ բավականին լարված պահեր ապրեցի:
Հետաքրքրիր է, որ մեքենաների վարձակալման կետերում ոչ ոք չի զգուշացնում այդ ZTL-ների գոյության մասին՝ իրենց դա պետք չէ: Մի անկյունում ուղղակի գրված է դրա մասին, այն էլ՝ իտալերեն: Եթե ինքդ տեղյակ ես դրա մասին՝ շատ լավ, եթե չէ, ապա տուգանքների շարանը հետեւիցդ կհասնի մինչեւ քո երկիր: Իսկ գումարները կլցվեն Իտալիայի բյուջե:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մելանյա ջան, ամեն ինչ ճիշտ ու լավ ես գրել, բայց մի հանգամանքի չես անդրադարձել: Հանգամանք, որը եթե բոլորովս հասկանանք, կարծում եմ, որ ավտոկայանատեղիների վճարների հետ կապված շատ իրարամերժ խոսակցություններից զերծ կմնանք: Վերցնենք հենց Իտալիան, որտեղ տարվա մեծ մասը ինքս մեքենա եմ վարում: Մեքենաները շատ են, իսկ դրանք կանգնեցնելու տեղերը՝ քիչ: Դրա համար էլ մարդիկ մտածել են այնպես անեն, որ ամեն մեկը իր մեքենան հավեսով չկանգնացնի ու մնացածներն էլ հիմարի պես պտտվեն ազատ տեղ գտնելու համար: Եթե այնտեղ ժամավճար է սահմանված սահմանափակ ավտոկայանատեղի ունեցող վայրերում նրա համար, որ ավտոմեքենան կանգնեցնողը շատ գումար վճարելու անշահավետությունից դրդված արագ ազատի տեղն ու այդպիսով հնարավորություն տա մյուսներին էլ կանգնելու, ապա մեզանում ոչ մեկին չի հետաքրքրում մյուսի վիճակը ու պետության արտոնությամբ շորթվում է դրամ պարզապես «տոռմուզ» տալու համար: Ի՞նչ մշտականի մասին կարող է խոսք լինել: Ես չունեմ մշտական ու չեմ էլ ուզում ունենալ: Բա ո՞րտեղ կանգնեցնեմ մեքենաս, եթե ուրիշները մշտականով հավերժ կանգնած են: Կայանելու դիմաց վճարելու այս գաղափարը պիտի հասկանանք: 5-10րոպեի անվճար շեմն էլ անիմաստություն է: Գոնե 30 րոպե պետք է լինի: Հաշվարկն էլ ոչ թե ժամերով պետք է լինի, այլ ասենք 15 րոպեներով: Իսկ էս ամենը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ աշխույժ առեւտրի կենտրոնների մոտերքում կանգառ անող ավտոմեքենաներին սկսեցին մոտենալ մուրացիկներ, որոնք վարորդներին «այստեղ ազատ տեղ կա», «ուղիղ դուրս արի», «ղեկը ձախ կամ աջ թեքի» եւ այս կարգի կլանչոցներով իրենց «ծառայություններն» առաջարկելով` մի քանի կոպեկի ողորմություն էին ակնկալում: Կամաց-կամաց դա դարձավ յուրօրինակ բիզնեսի ձեւ ու արդեն ճարպիկ մարդիկ սկսեցին տիրույթներ կիսել ու սեփական կլանչողներին կարգել անխուսափելի կանգառներում: Հետո եկան «մերոնք» ու «արտասահմանում այդպես է» կարգախոսի ներքո այս դրամաշորթությունը ստացավ պաշտոնական բնույթ: Կրկնեմ, կայանելը չպետք է փողով լինի, այլ փողով պետք է այնպես անել, որ ուրիշներին էլ կայանելու հնարավորություն տրվի: Թե չէ, որ վերցնենք, կանգնելը ինչո՞ւ պետք է փողով լինի: Հը՞: