Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկայի որդուց, Հարսնաքար և Տիգրան Առաքելյան. Հայաստանում «արդարադատությունն» իրականացնում են քննիչները. Պարգև Օհանյան

Սեպտեմբեր 12,2013 10:39

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը կարծիք հայտնեց, որ «Հարսնաքարի» գործով պատժաչափն օրինաչափ է: Նրա գնահատմամբ՝ մեկ-երկու տարի ավել լինելու դեպքում ոչինչ չէր փոխվելու, ցավոք սրտի՝ սպանված բժիշկ Վահե Ավետյանին այլևս հետ բերել հնարավոր չի լինի․ «Կարծում եմ օրինաչափ է, նորմալ եմ համարում, այդ հիմքով սովորաբար հենց այդքան ժամկետով էլ ազատազրկում են, պատահում է՝ ավելի քիչ: Ընդունենք 14 տարի տրվեր, բայց ոչինչ չէր փոխի: Ըստ իս՝ այստեղ այնքան պատժի խստությունը չէ, որքան անխուսափելիությունը:
Իմ կարծիքով, ամենակարևորը՝ բացի անխուսափելիությունը, օրենքի գերակայությունն է, որ, փառք Աստծո, ոնց որ թե կա»:

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքական շահարկում ունեցող այս երկու դեպքերից, փաստորեն, միայն մի դեպքում ինչ-որ չափով գործեց արդարադատությունը, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ մենք ենք մի քիչ քաղաքականացնում՝ հաշվի առնելով, որ ուղղակի քաղաքական դեմքեր են մասնակից, կոնկրետ՝ Սյունիքի դեպքում:

Ինչ վերաբերում է այդ համեմատությանը, ես գտնում եմ, որ տեսականորեն օրենքը մի կողմից թույլ է տալիս, բայց այդ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որն էլ որդեգրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հռչակած սկզբունքը: Դա այն է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի (այդ թվում` և՛ տուժող, և՛ մեղադրյալ) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում ստանալ հրապարակային քննության իրավունք»:

Ըստ Օհանյանի՝ այս դեպքում տուժող կողմը, որը կարծես վերածվել է մեղադրյալի, զրկվում է իր գործի հրապարակային քննության իրավունքից. «Այսինքն, գործը դատարան չի մտնում, ավելին՝ այս պահի դրությամբ, ես ինչպես հասկանում եմ, մեղադրյալի կարգավիճակում է մնացել Արտակ Բուդաղյանը:

Ենթադրենք այս վիճակով գործը եկավ դատարան, այսինքն մի մասով կարճել են, մյուսով եկել է դատարան, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անհավասարություն և ինչ խախտում է։ Մարդը չի կարողանալու դատարանում իր իրավունքը իրացնի, որովհետև քննիչը որոշում է կայացրել, կարճել է, նրանք արդեն արդարադատությունը իրականացրել են, այսինքն՝ քննիչն իրականացրել է»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ սա հակասում է զարգացած երկրներում ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հռչակված, մեր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքին. «Մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանում, իսկ այս դեպքում և մի շարք այլ դեպքերում, երբ քննիչներն իրենց իրավունք են վերապահում գնահատել ապացույցը և որոշել, որ ապացույցները բավարար չեն, գործը դատարան չեն ուղարկում: Տուժողն իրեն ճղում է, որ այդ մարդն է արել, բայց էլ ուրիշ ասող չկա, վերջ՝ բավարար չէ:

Դատարանները վերացնում ենք, քննիչները որոշում են՝ մարդն անմեղ է, թե ոչ: Արդարացման դատավճիռ Հայաստանում կայացնում է այն մարմինը, որն արդարադատություն իրականացնելու իրավունք չունի, ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը, թե ինչու արդարացման դատավճիռներ մեր երկրում չկան կամ շատ սակավ են։ Որովհետև արդարացման դատավճիռներ Հայաստանում կայացնում են քննիչները»:

Նախկին դատավորն անդրադարձավ նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործին և նշեց, որ հենց այս գործը կարելի է որակել որպես «ծայրաստիճան խտրականություն». «Չգիտեմ ինչպես բնութագրեմ՝ հանդգնություն կամ ցինիզմ՝ օրենքի կիրառման պրակտիկայի առումով, որ երբ ուզեն ոնց ուզեն կարող են կիրառել: Այդ դեպքն ընդհանրապես այն տխուր դեպքերից է, ինչպիսին, օրինակ, Մարտի մեկի գործերն էին, որոնք պարզապես սարքվում էին ոստիկանների ցուցմունքներով: Բայց կոնկրետ այս գործով փոխադրանք է տեղի ունեցել, մի բառ սա, մի բառ նա․․․ Այստեղ գործ չկա, այստեղ վատագույն դեպքում պետք է վարչական իրավախախտման մասին գործ գնար, վարչական տուգանք ընդամենը և ոչ թե նման ծանր հետևանք և հետապնդում»:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30