Վերջերս Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մի շարք հ/կ-ների ու լրագրողների մասնակցությամբ ստուգայց էր կազմակերպել Գյումրու Մուշ և Անի թաղամասեր` տեղում բարձրաձայնելով, որ որևէ շինարարություն չի ընթանում ու անօթևաններին խաբում են: Մինչդեռ կառավարությունը նախատեսել էր 2013 թվականի աշնանը արդեն իսկ շահագործման հանձնել լրացուցիչ կարգով կառուցվող 420 բնակարանները:
Լևոն Բարսեղյանը հենց Մուշ թաղամասում, դիմելով ՀՀ իշխանություններին, հայտարարել էր. «Եթե իրենք էնքան կան, որ կկարողանան իրենց խոստման համաձայն սեպտեմբերին սկսել ու ավարտել 420 բնակարանի շինարարությունը, ես խոստանում եմ անունս փոխել՝ դնել Գյուլչիթայ»: Այդ ընթացքում ՀՀ նախագահին, վարչապետին ու քաղաքաշինության նախարարին նույն հարցով մի քանի գրություններ ու բաց նամակ էր հղել նաև «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը:
Վերջինս մամուլի ասուլիս հրավիրելով` հույս էր հայտնել, որ իրենց նամակին անպայման որևէ պատասխան կլինի, շինարարությունն էլ կշարունակվի: Վահան Թումասյանը նաև շեշտել էր, որ չի ուզում հավատալ շրջանառվող այն վարկածին, որ Գյումրիում շինարարությունը դադարեցնելով` Սերժ Սարգսյանը վրեժ է լուծում այս քաղաքի բնակիչներից նրա համար, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրեն ձայն չտվեցին: Այս նամակներից ու աղմուկից հետո այսօր վերջապես Գյումրու Մուշ թաղամասի շինհրապարակ էր հյուրընկալվել քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Մենք ականատես եղանք, որ այն նույն շինհրապարկում, որտեղ մի շաբաթ առաջ կենդանի մի շունչ չկար, այժմ 1-2 տեխնիկա էր աշխատում: Նախարարին տեսնելով` լրագրողները սկսեցին տարբեր հարցեր ուղղել նրան:
Առաջին հարցը, որը հետաքրքրում էր բոլորին` ինչո՞ւ են դադարեցրել շինաշխատանքները: «Աշխատանքները հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ կային, այսինքն` կառուցապատող կազմակերպությունը, որը հանդիսանում է նաև պատվիրատու, վերանախագծվեցին, ինչով վերանախագծվեցին, քանի որ դուք բոլորից էլ լավ գիտենք, որ նոր կառուցվող 8 բազմաբնակարան շենքերի 430 բնակարանների տանիքների համար լրացուցիչ ծրագրեր է նախատեսում, ուստի դրա հետ կապված լրացուցիչ վերանախագծման աշխատանքներ սկսվեցին, և արդեն ավարտվել են, և դուք ինքներդ տեսնում եք, որ աշխատանքներն արդեն սկսվել են », -ասաց նախարարը: Նա հավաստիացրեց, որ ձգձգումը ֆինասական որևէ խնդրի հետ կապված չէ, քանի որ պետությունը իր առջև դրված խնդիրները ամբողջությամբ իրականացրել է, ֆինանսավորումը տրված է «Գլենդել Հիլզ»-ին: Լրագրողները հետաքրքրվեցին` բա Ախուրյանում ինչո՞ւ է դադարեցված շինարարությունը, հո այնտեղ էլ վերահանախագծման գործ չկա՞: « Ո՞վ ասաց, որ Ախուրյանում նման խնդիր չկա, չէ՞ որ Ախուրյանում ևս մեկ լրացուցիչ նոր շենք ենք կառուցում, Ախուրյանում ի սկզբանե նախատեսված էր 3 շենք, հիմա վերանախագծման արդյունքում պետք է կառուցվի 4 շենք, քանի որ այնտեղ գոյություն ունի 1,3 սենյականոցների խնդիր, և քանի որ եզրափակիչ փուլում է և շահառուների ճանաչման գործընթացը, և ծրագիրը ընդհանրապես, ուստի մենք իրավունք չունենք մանրամասն չուսումնասիրելու, և որևէ շահառու դուրս չպիտի մնա ցուցակից»: Իսկ ի՞նչ է նշանակում բնակարանների վերանախագծում, շարունակեցին հետաքրքվեցին լրագրողները: «430 բնակարանները վերջանական արդեն նախագծվել են` քանի հատ մեկ սենյականոց պետք է լինի, քանի` երկու, քանի երեք», -տեղեկացրեց նախարարը:
Կարդացեք նաև
Մի՞թե հնարավոր չէր սկսել հիմնային աշխատանքները, ի՞նչ կապ ունի սենյակների թվաքանակը հիմնային աշխատանքների սկսման հետ, այս հարցին ի պատասխան նախարարը փորձեց համոզել, որ դրանք սկսվել են անցած տարվանից: Իսկ ի՞նչ երաշխիք ունեն գյումրեցիները, որ նախարարը ոտքը քաշելուն պես շինաշխատանքերը չեն դադարեցվի, այս հարցին ի պատասխան Սամվել Թադևոսյանը խոստացավ ամեն շաբաթ այցելել Գյումրի ու ցույց տալ, որ շինարարությունը շարունակվում է: Նախարարը նաև շեշտեց, որ շինկազմակերպության փոփոխություն չի լինի, քանի որ 2008 թվականին «Գլենդել Հիլզ»-ն է մրցույթում հաղթող ճանաչվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ