Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը քննարկեց ԵՄ արևելյան հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի ճնշման հարցը: Եվրախորհրդարանականները քննադատեցին այն, որ Ռուսաստանը վերը նշված երկրներին թույլ չի տալիս ուժեղացնել տնտեսական կապերը ԵՄ-ի հետ:
Բավական կոշտ ելույթով հանդես եկավ Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա շեշտեց, որ Մաքսային միությունն անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի հետ, որոնց շրջանակներում Եվրամիությունը բանակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Շ. Ֆյուլեն կոչ արեց Արևելյան գործընկերության երկրներին սերտացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչպես դա անում է ԵՄ-ն, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ Մաքսային միության անդամակցություն նշանակում է այն, որ երկրները զրկվում են իրենց` ինքնուրույն մաքսային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:
Նա, մասնավորապես այս կապակցությամբ ասաց. «Արևելյան գործընկերության երկրները կարող են Մաքսային միության հետ սերտացնել հարաբերությունները, որպես դիտորդ երկիր: Միայն այդ դեպքում դա համատեղելի կլինի, միայն այդ դեպքում այն չի խանգարի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»: Ֆյուլեն շեշտեց, որ իրենց հետ համագործակցությունը և Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պահանջում է ամբողջական անկախություն, ինչը թույլ չի տալիս Մաքսային միությունը: Ֆյուլեն անընդունելի համարեց ՌԴ-ի կողմից ճնշումները ԵՄ արևելյան հարևանների նկատմամբ: Ամփոփելով ելույթը Շտեֆան Ֆյուլեն շեշտեց. «Ճգնաժամային այս իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ վատնել մեր միջոցները տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցության վրա»:
Եվրախորհրդարանականներն անդրադարձան նաև այն խնդրին, որ Ռուսաստանն այսօր արգելեց մոլդովական գինիների ներկրումը` պատճառաբանելով, թե դրանց որակի հետ խնդիրներ կան: Եվրախորհրդարանականները այս փաստը համարեցին ՌԴ-ի կողմից ճնշման ցցուն օրինակ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ