Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանն այս օրերին նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպումներ է ունեցել Կապանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների հետ:
Այսօր թեկնածուն այցելել էր Դավիթ Բեկ գյուղ եւ լսել գյուղաբնակների բարձրացված խնդիրները: Սեպտեմբերի 3-ից իր նախընտրական քարոզարշավը մեկնարկած Արմեն Կարապետյանը մինչեւ օրս հասցրել է լինել Կապանի տարածաշրջանի Ագարակ, Նորաշենիկ, Ուժանիս, Եղվարդ, Սյունիք եւ մի շարք այլ գյուղական համայնքներում, որտեղ բնակիչները պատգամավորի թեկնածուին են ներկայացրել գյուղերում առկա ու գյուղացիներին մտահոգող տարիներ ի վեր չլուծված խնդիրները: Իսկ խնդիրները տարաբնույթ էին ու բազմաթիվ՝ սկսած ոռոգման ու խմելու ջրի հարցերից, մինչեւ ճանապարհների նորոգման, գյուղմթերքի իրացման, գյուղտեխնիկայի բացակայության, գյուղերի դատարկման եւ այլ կարեւորագույն խնդիրներ:
Արմեն Կարապետյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կարեւորում է գյուղապահպանման հարցերը, ծանոթ է տարածաշրջանի գյուղերի հիմնախնդիրներին, թեեւ այս օրերին ծրագրերով չի ներկայանում բնակիչներին, բայց հետագայում պատրաստ է օգտակար լինել տարածաշրջանի գյուղերի զարգացմանը: «Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, ընդամենն իմ փորձը, որպես տարիների ընթացքում համայնքային ծառայություններում աշխատած ու ծառայությունների հետ շփված մարդ, իմ գիտելիքները ներդնեմ ու հետագայում օգտակար լինեմ ձեր գյուղերի, ձեր այսպիսի համայնքների զարգացման համար», – գյուղերի բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:
Բնակիչները դժգոհեցին, որ ԱԺ պատգամավորներից ոչ մեկն այսօր գյուղեր չեն այցելում, ականջալուր չեն լինում գյուղացիների խնդիրներին, անտարբեր են ու մոռացության են մատնել առանց այն էլ դատարկված ու սահմանամերձ գյուղերը: Արմեն Կարապետյանը բնակիչներին խոստացավ մշտապես հանդիպել իրենց հետ եւ լսել գյուղացիներին մտահոգող հարցերը:
Կարդացեք նաև
Առաջիկայում թեկնածուն նախատեսում է այցելել Մեղրի եւ Ագարակ ու հանդիպումներ ունենալ Մեղրու տարածաշրջանի բնակիչների հետ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Օրհնյալ լինի էն օրը,երբ Սյունիքը լիակատար կազատագրվի ՀՀԿ-ից:
Էս ՀՀԿ-ական պատգամավորի “թեկնածուն” էլ, ընտրվելու դեպքում, խոստացել է էլ ավելի շատ հանքեր բացել: Խոսքեր չկան: