ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում այսօրվանից մեկնարկեց «Գիտելիքի օրվան» նվիրված՝ «Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…» միջոցառումների շարքը:
Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ` մեկ տարի առաջ թանգարանում ավելացվել է ամերիկահայ բարերար Արա Դիլդիլյանի անվան «Աշխարհի քարերը» միներալների սրահը` նշելով, որ վերջինս իր ողջ կյանքի ընթացքում հավաքած միներալները նվիրել է թանգարանին, որով էլ պայմանավորված է անվանումը:
Ըստ նրա` միջոցառումը նվիրված է գիտությանը եւ նա կարծում է, որ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, գիտելիք ունենա, այն երկիր մոլորակից, որի վրա ապրում եւ որից սնվում է: «Սովորաբար, մենք միշտ հարցումներ ենք անում դպրոցականներին, ուսանողներին, թե ինչպիսի միներալներ են իրենց ծանոթ եւ ստանում ենք լավագույն դեպքում երկու-երեք միներալի անվանում»:
Հայտնի 3000 անուն միներալներից գրեթե կեսը ցուցադրված է թանգարանում` ամեթիստ, զմրուխտ, նռնաքար, սաթ, տոպազ, սուտակ, շափյուղա, Սարիգյուղի ագաթները, Արագածի օբսիդիանները, Մարմարաշենի մարմարային օնիքսները, Թեղուտի փիրուզը, և այլն:
Կարդացեք նաև
Գրիգորյանը մեզ հետ շրջելով տարածքով, մի փոքր ներկայացնելով յուրաքանչյուր բաժին ասաց, որ Հնէաբանության բաժնի ցուցանմուշների մեծամասնությունը կազմում են բրածո օրգանիզմների մնացորդները, որոնք կյանքի առաջին փաստացի հետքերն են Երկրի վրա: Բաժնում գլխավոր տեղը զբաղեցնում է թանգարանի ամենամեծ ցուցանմուշը՝ նախապատմական թրոգոնթերյան փղի կմախքը: «Հնէաբանների տեսակետներն այս գտածոյի վերաբերյալ տարբեր են, բացառությամբ մի հարցի, որ փիղը տարիքով փոքր է եղել 5-7 տարեկան»:
Քարաբանության բաժինը ներկայացված է տարբեր տեսակի լեռնային ապարներով: Այստեղ կան հրաբխային, նստվածքային և փոխակերպային ապարներ, բոլոր տիպերն էլ ցուցադրված են ցուցափեղկերում` նշելով, որ ի տարբերություն մնացյալ թանգարանների, այստեղ հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին շոշափելու. «Մեզ մոտ քիմիա առարկայից բաց դասեր են անցկացվում եւ աշակերտները գալով այստեղ, կոնկրետ նմուշին ձեռք տալով ամրապնդում են իրենց գիտելիքները»,-ընդգծեց Գրիգորյանը:
Թանգարանում ցուցադրված է նաև ավելի քան 50 տեսակի օգտակար հանածոների 1000 նմուշ:
Հանքային ջրերի բաժնում ներկայացված է «Հայաստանի հանքային ջրերի ելքերի» քարտեզը:
«Բնական երկրաբանական հուշարձաններ» բաժնում ցուցադրված են Հայաստանի յուրահատուկ երկրաբանական հուշարձանների 24 լուսանկարներ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ