Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քինք բոկսինքի Եվրոպայի ոսկե մեդալակիր, աշխարհի արծաթե մեդալակիր, ԱՊՀ ոսկե մեդալակիր, աշխարհի 2011թ.գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:
Նա մեղադրվում է երկու տարի առաջ` սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում Դավիթ Օհանյանին սպանելու, եւ ներկայումս արտերկրում գտնվող Հակոբ Բուդաղյանին մարմնական վնասվածք հասցնելու համար:
Վարաժ Մանուկյանը ցուցմունք տվեց եւ հրաժարվեց պատասխանել թե իր պաշտպանի` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանի, թե մեղադրող Հայկ Չախոյանի, թե դատավորի հարցերին:
Վարաժ Մանուկյանն ասաց, որ ընկերուհու հետ կապված քաշքշոց եղել է: Ըստ նրա, իր մեքենայի մեջ դանակ է եղել, որը չի օգտագործել, քանի որ այն ոստիկանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է: Նա ասաց, որ ինչ -որ մեկի իր գլխին հասցրած էլեկտրաշոկի հարվածից հետո, գետնին ընկած դանակն է վերցրել, հավանաբար, հենց իրեն «խփողներինը», եւ փորձել է պաշտպանվել, վախեցնել:
Երբ վազել էր, իր ետեւից վազել էին երկուսը, ըստ ամբաստանյալի` Հակոբի համար էր, իսկ կռիվը շարունակվել է:
Վարաժն ասաց, որ իրեն ոստիկանության բաժին բերման չեն ենթարկել, ինքն է գնացել, եւ հայտնել, որ դանակով խփել է, իսկ թե ում, այդ ժամանակ չգիտեր:
«Էն մտքից, որ մարդու եմ խփել, իմ համար մեկ էր, թե ինչ կարձանագրեին, ինչ կնկարեին, կգրեին: Հիմա եմ ասում. ես Դավթին չեմ խփել, ես մարդասպան չեմ:Վկա Գրիգոր Ղազարյանը կռվին չի եղել, սուտ է ասում, իր հնարածն է պատմել:Ես ինձ մեղավոր եմ ճանաչում մարմնական վնասվածք հասցնելու համար, բայց ոչ՝ մարդասպանության»:
Դատավարության կողմերից բացի դատարանում որեւէ մեկը չկար, ինչպես եւ միշտ:Չկար նրա խնամքին գտնվող երրորդ կարգի հաշմանդամ հայրը, մայրը, տատիկը:
Վարաժի պաշտպանը դատարանին ներկայացրեց ֆիզկուլտուրայի ինստիտուտը եւ մագիստրատուրան գերազանց ավարտելու մասին տեղեկանքը, դիպլոմները, Վարաժի պարգեւատրումները:
Կարդացեք նաև
Վարաժը ծառայել է Արցախում, հայտնի Բուդաղյանների հրամանատարության ժամանակ, եղել է վաշտի, ջոկի, դասակի հրամանատար, կար Ա.Բուդաղյանի բնութագիրը իր հրամանատարի մասին անգամ:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց պաշտպանի կողմից դատարան ներկայացրած բոլոր փաստաթղթերը, նաև հանրապետության նախագահին ուղղված Վարաժի մոր նամակը, որը ուղարկվել էր նախագահականից գլխավոր դատախազություն, դատախազությունից էլ դատարան: Ի դեպ, նամակի հետ դատարան էր ուղարկվել «Առավոտի» այս տարվա հուլիսի 20-ի հրապարկումը Վարաժ Մանուկյանի գործի մասին:
Մեղադրողը հակասություն տեսավ Վ. Մանուկյանի դատաքննության եւ նախաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ, ուստի միջնորդեց հրապարակել դրանք: Սակայն աշխատանքային ժամի ավարտի հետ կապված այն հետաձգվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ