Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ 7 տարի տևող «Առողջ սկիզբ. Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանություն» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
Ծրագիրը իրականացվել է 2006-2013 թթ Արմավիրի. Գեղարքունիքի և Տավուշի ընտրված համայնքներում «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության, «Արաբկիր» բժշկական համալիրի – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Հույսի կամուրջ» մի շարք այլ կազմակերպությունների կողմից Դանիայի Արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:
Ծրագիրն ուղղված էր Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության բարելավմանը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց. «Այս ոլորտը, որի թիրախը երեխաներն են, միշտ գտնվել է մեր ուշադրության կենտրոնում: Եվ եթե մենք փորձում ենք ամեն ինչ անել երեխաների համար, ապա հաշմանդամ երեխաների համար պետք է անենք ավելին, որ նրանք զգան կյանքի բերկրանքը»: Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ յուրաքանչյուր ծրագրի ավարտը մեկ ուրիշի սկիզբն է:
Կարդացեք նաև
«Առաքելություն Արևելք» կազմակերպության գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը իր հերթին նշեց, որ ծրագիրն ունի հաջողության երկու կարևոր գրավական. առաջինը առաջարկած ճիշտ լուծումներն են, երկրորդը՝ տարբեր կազմակերպությունների և նախարարությունների համագործակցությունը: Միջոցառման եզրափակվեց ծրագրի 7-ամյա աշխատանքի մասին տեսահոլովակներով:
Ամի Չիչակյան