«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը Ազգային ժողովի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց այն մասին, որ ընդամենը չորս ամիս առաջ է ԱԺ-ն հաստատել կառավարության ծրագիրը, որում նշված էին կառավարության տեսլականները, անելիքները, առաջնահերթությունները եւ այլն, ու դրանցում որեւէ խոսք չկար Մաքսային միության եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ համագործակցության մասին, հետեւաբար, ըստ Ալ. Արզումանյանի՝ կառավարությունը մանդատ չուներ ծրագիրը փոխելու եւ պետք է նոր ծրագիր ներկայացներ ԱԺ, հավանություն ստանար, կամ էլ հրաժարական տար:
Ի պատասխան՝ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ Շանհայյան համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) մենք չենք անդամակցում, այլ որպես դիտորդ ենք մասնակցելու, ինչ վերաբերվում է Մաքսային միությանը միանալուն, ապա ծրագրի փոփոխություն, որպես այդպիսին չկա. «Նախկինում ասվում էր, որ կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս Մաքսային միության հետ մեր համագործակցությունը, հետագայում եղան շտկումներ եւ հարաբերությունների զարգացում»:
ԱԺ պատգամավորը նկատեց, որ եթե շտկումներ են եղել, ապա անհրաժեշտ է նոր ծրագրով գալ ԱԺ, եւ ընդհանրապես, Շանհայյան համագործակցության կազմակերպության խնդիրներից մեկը «սեպարատիզմի» դեմ պայքարն է, եւ Արցախի ազատագրական շարժումը նրանք նույնպես դիտարկում են որպես այդպիսին: Վերջին դիտարկմանն ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՇՀԿ-ի շրջանակներում երբեւէ որեւէ որոշում կամ հայտարարություն չի եղել՝ Հայաստանի շահերի դեմ ուղղված, եւ որ Ադրբեջանը եւս խնդրել է որպես դիտորդ մասնակցել այդ կազմակերպությանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ