Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը կարող է նույն կերպ հայտարարել, որ ինքը ցմահ նախագահ է»

Սեպտեմբեր 11,2013 18:42

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Շատերը վստահեցնում են, որ նա այդ գործընթացը նախաձեռնել է՝ վարչապետի պաշտոնը ստանալու համար: Aravot.am-ը այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ ունի այդ նախաձեռնությունը իր կարծիքով:

Արամ Սարգսյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների մասին գործող իշխանությունը խոսում էր դեռ նախորդ ընտրություններից, խոսում էին նաեւ ընդդիմադիր կուսակցությունները: Մեր դիրքորոշումը՝ որպես կուսակցություն, միշտ եղել է հետեւյալը. իշխանությունը իր բացթողումների եւ ձախողումների պատճառ ուզում է տեսնել Սահմանադրությունը՝ օրենսդրության վրա բարդելով հակաօրենսդրական քայլերի պատասխանատվությունը: Սահմանադրությունը մեղավոր չէր, որ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը կեղծեց ընտրությունները, 2004-ին «Կոլցո» օպերացիա կիրառվեց Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի դեմ: Սահմանադրությունը բացարձակ մեղք չուներ Մարտի 1-ի համար: Սահմանադրության մեջ գրված չի՝ կրակիր քո ժողովրդի վրա: Սահմանադրությունը, եթե հարգում ես՝ օրենք է, եթե չես հարգում՝ թուղթ է: Մեր երկրում Սահմանադրությունը չի հարգվում: Սերժ Սարգսյանը կարող է նույն կերպ հայտարարել, որ ինքը ցմահ նախագահ է ու վերջ: Կգտնվեն մարդիկ, որ կշտապեն այդ «փաստը» հաստատող ձեւակերպումներ գտնել Սահմանադրության տարբեր հոդվածների ենթատեքստերում: Ինչպես պետականության այլ հայտանիշներ, Սահմանադրությունը եւս մեր երկրում արժեզրկելու գործընթաց է ծավալվում, որը մեկ հանդարտվում-մոռացվում է, մեկ՝ սրվում, նայած թե ինչ է պետք իշխանությանը: 2005-ին սահմանադրական «բարեփոխումների» հանրաքվե անցկացվեց, րոպեում քառասունհինգ մարդ արագությամբ քվեարկվեցին այն փոփոխությունները, որոնք չէին կատարելագործում պետական կառավարման համակարգը, բայց Ռոբերտ Քոչարյանի վարչապետության դեպքում ուժեղացնելու էին նրա իշխանությունը ու թուլացնելու նախագահի դիրքերը: Այդ նախագիծը չգործեց: Հիմա հերթական փորձն է նախաձեռնվում երկրի Հիմնական օրենքը՝ Օրենքների օրենքը սեփական իշխանության վերարտադրությանը իրավական կերպարանք տալուն ծառայեցնելու համար: Նախագահական, թե խորհրդարանական կլինի Հայաստանի Հանրապետությունը, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ տարբերություն, եթե կեղծվում են ընտրությունները, եթե ընտրվածները լեգիտիմ չեն: Ոչ լեգիտիմ իշխանությունը մշտապես հարվածի տակ է դնում երկիրը արտաքին աշխարհի առաջ, արդեն չեմ ասում ներքին կյանքի այլասերման մասին բոլոր բնագավառներում՝ քաղաքականից տնտեսությունից, բարոյահոգեբանական մթնոլորտից մինչեւ արժեհամակարգ: Սահմանադրության փոփոխությունը չէ համադարմանը: Սահմանադրական ոչ մի փոփոխությունը համակարգային փոփոխությունների երաշխիք չէ: Ի վերջո, նախագահական կառավարման համակարգը Հայաստանում դեռ չի էլ գործել այնպես, ինչպես գրված է Սահմանադրության մեջ, Հայաստանում այժմ գործում է մեկ անձի իշխանություն, որի բազում ապացույցներ ինքներդ էլ կարող եք թվարկել: Ոչ խորհրդարանը, ոչ կառավարությունը, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կատարում օրենքով սահմանված գործառույթները: Տարին մեկ փոխեք Սահմանադրությունը կամ ընդհանրապես հրաժարվեք Սահմանադրությունից, մեր պայմաններում ոչ ոք ոչինչ չի նկատի: Եթե նույնիսկ Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այդ փոփոխությունները պետք է արվեն բոլորովին այլ տրամաբանությամբ ու այլ նպատակադրումով՝ ոչ թե Սահմանադրությունը պետք է հարմարեցնես քո նպատակներին, այլ քո նպատակները պետք է բխեն սահմանադրական նորմերի իրականացումից»:
Պարոն Սարգսյանը նաև ասաց, որ «Հանրապետությունը» կողմ է միայն մեկ փոփոխության՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, որը կարգավորվում է «Ընտրական օրենսգրքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30