Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանը պետական գույքը 9 մլն-ով գնել է եւ 89 մլն-ով նորից վաճառել պետությանը»

Սեպտեմբեր 11,2013 18:22

Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը, ինչպես տեղեկացրել ենք, նոր բացահայտումների շարք էր սկսել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անցյալի մասին:

Այսօր նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ, թե ինչ խախտումներ է արել Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ. «Շարունակելով կատարել ՀՀ իրավապահ համակարգի պարտականությունները եւ ի լրումն հրապարակածս 50 փաստերի, հայտարարում եմ, որ մեր ժամանակների հակահերոս Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնավարման վերջին տարում՝ 1999-ին, ընդամենը 9 մլն  դրամով իր ծառայողական մեքենայի վարորդ Ռազմիկ Թունյանի անունով ձեռք է բերել ՀՀ շինարարության նախարարության Գորիսի թիվ 21 շինմիավորման վարչության վարչական շենքը եւ այն վարձակալության տրամադրել ՀՀ էներգետիկայի նախարարության «Գորիսի Բարձրավոլտ էներգացանց» ձեռնարկությանը: ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ֆինանսական ծանրակշիռ միջոցներ ծախսելով, սեղմ ժամկետում հիմնանորոգել է վարձակալած շենքը: Էներգետիկայի նախարարությունը ընդամենը մեկ ամիս անց 89 մլն դրամով «սեփականատիրոջից» գնել է այդ շենքը: Լիսկան հայոց պետությունից գնել ու նույն պետությանը տասնապատիկ ավելի գնով վերավաճառել է ՀՀ պետական գույքը»:

Ըստ Սամվել Հարությունյանի, կատարվածը ՀՀ պետական գույքի եւ ֆինանսական միջոցների առանձնապես խոշորամասշտաբ վատնում ու հափշտակություն է, ինչը ՀՀ Քրեական օրենսգրքով որակվում է որպես ծանր հանցագործություն. «Այն հեղինակել են Գորիսի նախկին քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Այդ գործարքը Լիսկայի համար լավագույն նախադեպ է հանդիսացել մեկ ուրիշ դարակազմիկ գործարքի, երբ նա ՀՀ կառավարությունից «վաստակել» է մեր ազգային սեփականությունը հանդիսացող, մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքը շահագործելու իրավունքը եւ այն կարճ ժամանակ անց ավելի քան 20 մլրդ դրամով վաճառել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սուրիկ Խաչատրյանի՝ բազմաթիվ ծանր ոճիրների հեղինակ, մի շարք եկամտաբեր չգրանցված օբյեկտների հարկեր չվճարող սեփականատեր, դրանց համար քրեական պատասխանատվության չենթարկված, գժի թղթով անգործունակ եւ անմեղսունակ ճանաչված եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, ինչպես նաեւ նրա մի շարք մերձավորներ, մասնակից չլինելով Արցախյան պատերազմին, որեւէ մարտական գործողության, բժշկական եւ այլ կեղծ փաստաթղթերով ապօրինի որոշումներով ձեռք են բերել պատերազմի մասնակցի հաշմանդամության կարգեր, վկայականներ եւ տարիներ շարունակ մսխել համեմատաբար բարձր կենսաթոշակները, որոնց գումարը հասնում է միլիոնավոր դրամների: Կատարվածը ՀՀ Քրեական օրենսգրքով նույնպես որակվում է իբրեւ ծանր հանցագործություններ, որոնք հեղինակել են Լիսկան, նրա եղբայրը, մերձավորները եւ պետական մի շարք պաշտոնյաներ ու բժիշկներ: Համոզված եմ, որ այս փաստերի հրապարակումից հետո տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ շարունակվելու է ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարների հանցավոր անգործությունը»:

Սամվել Հարությունյանը նաեւ կոչ արեց մարդկանց, որ վաղը ժամը 18-ին մասնակցեն ազատամարտիկների հանրահավաքին՝ Ազատության հրապարակում՝ ասելով, որ հանրահավաքում ինքը կարեւոր ասելիք ունի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե հայը ազգային արժանապատվություն ունենար, լիսկան այսօր ազատության մեջ չէր լինի:

  2. Համլետ says:

    Եթե այս բոլոր փաստերի մասին տեղեկացված է Լիսկայի հովանավոր Սարգսյան Սերժիկն ու գիտակցաբար շարունակում է կասեցնել համապատասխան իրավա-քննչական գործառույթները,կամ որ նույնն է՝ չի հանձնարարում համապատասխան կառույցներին ստուգել իրեն իսկ կողմից պետական բարձր պաշտոն ստանձնած ու պետական պարձրացույն պարգևի արժանացրած անձի կողմից ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող հրապարակային բացահայտումների իսկությունը,ապա նա հավասարապես կիսում է նշված հնարավոր հանցագործությունների մասնակցի ու դրանք պարտակողի ողջ պատասխանատվությունը:
    Այլ տրամաբանական բացատրություն լինել չի կարող:

  3. Արամ says:

    ՈՒր է պետություն, լիսկան և պետություն է և իշխանություն: Վայ են երկրին ու ժողովրդին , որի ազգային հերոսը, արիության շքանշանակիրը լիսկան ու նրա նմաններն են:Այդքանով էլ օրենքի իշխանություն է տիրում երկրում, ու արդարություն, մարդասպանը դառնում է զոհ:Սա ֆանտաստիկայի շարքից է:

  4. Մինաս Կարապետյան says:

    Քառ. մետրը 5-6 դրամով պետական հողեր են առնում ու ծախում պետ պաշտոնյաներն ու արտոնյալները արարատյան դաշտում, 20 – 30 անգամ էժան շուկայի գնից: Միչ այդ ջրի գնով գործարաններ, էլեկտրոկայաններ, հանքեր, շենքեր, եւ ընդհանրապես ում աչքն ինչ կտրեց, հափ արեցին ազգիս “նվիրյալ ծառաները”: Լիսկան լեշակերներից մեկն է, դրա համար էլ նրան բան ասող չկա: Կամ որ նրան ասեն, բա մյուսներին ինչ անեն? Այս պարագայում մնում է ընչազրկված ու բողոքավոր մասսան զրոյացնել, չեզոքացնել՝ իրենց կարճատեւ հետագան ապահովելու համար, որն էլ հանդարտ իրականացվում է: Որիշ ինչ բացատրություն կարող է լինել այստեղ! Միակ փրկությունը բոլշեւիզմն ու դաժան կուլակաթափը կարող էր լինել, որն արդեն օրակարգից բոլորովին դուրս է՝ միջազգային կապիտալիզմը վերջնականորեն հաղթել է!
    Կարծես ՀՀ – ին լիկվիդացվելուց բացի այլ բան չի սպասվում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30