Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքրություն է պետք, հակառակ դեպքում՝ մենք կամուսնանաք առանց սիրելու՝ միայն սերունդը շատացնելու համար»

Սեպտեմբեր 11,2013 18:26

«Ամենազզվելի բանն այն է, երբ դու վստահ չես՝ ինչքա՞ն ժամանակ կսիրեք իրար: Դիտավորյալ կռիվներ ես սարքում, բաժանվում ես և այլն: Երբ սիրելիդ չի շտապում լրջացնել ձեր հարաբերությունները, դու դրանից սկսում ես գժվել»,- ասում է 21-ամյա Արփինեն: Հավելում է՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ սերը ստիպում է համբերատար լինել: Արփինեի խոսքով ՝ ամենաքիչը 5 ժամ սիրելիի հետ խոսում է հեռախոսով: Երբեմն ձանձրանում է, բայց չի հոգնում, միշտ էլ թեմա գտնվում է խոսելու համար : Նա նաև ասում է՝ օր չկա, որ չհանդիպեն իրար. «Ոնց որ ամուսիներ լինենք, որ սաղ օրը տեսնում ենք իրար, կռվում, ձեռք առնում, բայց միշտ էլ հաշտվում ենք»: Մանվելի հետ ծանոթացել է պատահաբար: Արփինեն անգլերեն պարապմունքներն անցկացնում էր այն շենքում, որի բնակարաններից մեկում աշխատում էր Մանվելը: Դա հաշվապահական կենտրոն էր, որը վարձակալել էր տարածքը: Պատմում է. «Առաջին անգամ գնում էի ծանոթանալու երեխաների հետ, ում հետ շուրջ մեկ տարի սովորելու էի: Շենքի տվյալ հարկի բնակարանների բոլոր դռները միագույն էին: Ներս մտա մի դռնով ու նստեցի: Հարցրեցի՝ ե՞րբ է սկսելու, որտե՞ղ է դասախոսը, պատասխանեցին՝ հիմա կգա: Ու եկավ մի տղամարդ, նա սկսեց ինչ-որ բաներ բացատրել մաթեմատիկայից: Զարմացա, ձեռք բարձրացրի ու հարցրի, թե ինչ կապ ունի մաթեմատիկան, ես եկել եմ խոսակցականս զարգացնելու, ես չեմ ուզում տնտեսագիտական անգլերեն անցնել»: Աղջկա խոսքով՝ իրարանցում է սկսվում, բայց շուտով պարզվում է, թե ինչն ինչոց է: Բանն այն է, որ հաշվապահական կենտրոնի աշխատակիցները երբեմն ժողովներ էին ունենում, որի ընթացքում ավելի հմուտ մասնագետները դասընթացներ էին անցկացնում՝ խորացնելու իրենց աշխատակիցների հմտությունները: Աշխատակիցները, տեսնելով Արփինեին, ենթադրում են, թե նա նորեկ է: Ինչևէ, նրանցից շատերն արդեն հասցրել էին ծանոթանալ Արփինեի հետ, երբ պարզվում է թյուրիմացությունը: Դասախոսի հրահանգով՝ Մանվելը ուղեկցում է աղջկան: Ամբողջ ճանապարհին նրանք ծիծաղում են: Հետագայում տղայի ընդմիջման և աղջկա տուն գնալու ժամին նրանք հաճախ են պատահաբար հանդիպում, երբեմն էլ տղան աղջկան ուղեկցում է դեպի տուն: Այսպես շարունակվում է այնքան, մինչև որ սիրահարվում են և ընկերություն անում. «Ամենալավը ամենասկիզբն է, երբ նոր ես ընկերություն անում, քեզ թվում է՝ դու աշխարհի կենտրոնում ես կամ քո տեսած ֆիլմերի գլխավոր հերոսուհիների դերում: Ավաղ, հեքիաթային օրերն անցնում են արագ, դրանք տևում են այնքան ժամանակ, երբ սկսում ես լիարժեքորեն ճանաչել սիրելիիդ, իմանալ նրա թերությունները, նրա խնդիրները: Հենց խնդիրներից էլ սկսվում են պոռթկումները: Դու իմանում ես, որ նա ավելի քիչ է վաստակում, քան սկզբում էր ասում (ծիծաղում է ,-հեղ), որ այն մեքենան, որով գալիս էր ինձ տուն ուղեկցելու, չի վաճառել, դա նրա ընկերոջինն էր, և  շատ այլ բաներ ես իմանում»: Արփինեն նաև հավելում է՝ այդ ամենն, իհարկե, որևէ նշանակություն չուների իր համար. «Ինձ համար կարևորը ջերմությունն է, ոչ թե նյութականը»: Միևնույն ժամանակ նշում է՝ մարդ չի կարող աչք փակել այն ամենի վրա, ինչը առնչվում է իր ապագային. «Մեր՝ պաշտոնապես ընկերություն անելու օրվանից անցել է 5 տարի, սկզբում ասում էր՝ համալսարան ընդունվես, կամուսնանանք, հետո թե երկրորդ կուրսդ ավարտելուն պես կամուսնանաք, ապա՝ երրորդ: Ես արդեն 4-րդ կուրսի ուսանողուհի եմ, և մենք դեռ նշանված չենք: Իմ հաշվարկով՝ ամենաշուտը 4 տարուց կամուսնանաք: Ես չեմ շտապում, բայց հարց է՝ ինչքան էլ որ կապված ենք իրար, նորություն է պետք, հետաքրքրություն, հակառակ դեպքում՝ մենք կամուսնանաք առանց սիրելու՝ միայն սերունդը շատացնելու համար»: Հարցին, թե որն է նրանց չամուսնանալու պատճառը, պատասխանում է. «Այժմ Մանվելը կայուն աշխատանք չունի, ասում է ՝ մինչև այնքան չաշխատեմ, որ կարողանամ տուն պահել, չենք ամուսնանա: Ես էլ հո չեմ համոզելու, որ քչով էլ յոլա կգնանք, ախր ես էլ եմ աշխատում, կօգնենք իրար»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30