Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ «ԵՄ-ն չպետք է Հայաստանը դուրս թողնի ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից»

Սեպտեմբեր 11,2013 18:15

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ այլապես կնշանակի, որ Կրեմլի ճնշումները ազդեցին նաեւ Բրյուսելի վրա

«Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլեւս հրատապ չէ», օրերս Twitter սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշեց  Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ավարտին: «Միրոսլավ Լայչակի հետ համաձայնության եկանք, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլեւս օրակարգային խնդիրների թվում չէ: Շարունակում ենք աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ», – գրել էր շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Aravot.am-ը Դավիթ Շահնազարյանին հարցրեց, թե որքանո՞վ էր արդարացված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման միանշանակ դիրքորոշումը: «Եթե ԵՄ-ն, այնուամենայնիվ, որոշի Հայաստանը դուրս թողնել ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ, դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային եւ էմոցիոնալ որոշում: Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները Հայաստանի առջեւ, քանի որ դա կնշանակի, որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, տարածվում են նաեւ Բրյուսելի վրա։ Այսինքն, կնշանակի, որ Բրյուսելը նույնպես ենթարկվել է Մոսկվայի ճնշումներին եւ Կրեմլի  կայսերապաշտական նկրտումներին: Մաքսային միության անդամակցությունը երկար գործընթաց է, մշուշոտ ճանապարհ՝ լի անորոշություններով,  եւ դեռեւս շատ մեծ հարցական է, թե արդյո՞ք դա ընդհանրապես կյանքի կկոչվի, թե ոչ: ԵՄ-ն պետք է շարունակի համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ՝ ԵՄ Ասոցացման ծրագրի շրջանակներում»:

Aravot.am-ի հարցին, իսկ եվրոպացիները ունեի՞ն այլընտրանք, չփակելու Հայաստանի առջեւ հնարավորությունների դռները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը չի կարող համատեղվել Մաքսային միության անդամակցության հետ: «Ակնհայտ է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրն ու Մաքսային միության անդամակցությունը բացարձակապես անհամատեղելի են, բայց պետք է ելնել այն իրողությունից, որ ներքին հակասություններով լի, քայքայվող Մաքսային միությունը, որպես այդպիսին, չի գործում եւ որպես կազմակերպություն չունի ոչ միայն ապագա, այլեւ՝ ներկա: Հարցական է նաեւ՝ արդյո՞ք այն ճանապարհը, որը պետք է անցնի Հայաստանը դեպի ՄՄ անդամակցություն՝ կավարտվի այնպես, ինչպես Կրեմլն է ծրագրել: Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային սրընթաց զարգացող գործընթացներն ու տեղաշարժերը նույնպես չեն նպաստելու Մաքսային միությանը՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք անդամակցությանը», պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30