ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Արդարադատության խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բադիրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվելուց հետո դատավորի կայացրած սխալ վճռի համար փոխհատուցում պետությունը և հարկատուն։ Արդարադատության խորհրդի անդամի թեկնածուն, որը պատրաստվում է վերընտրվել այդ պաշտոնին, նշեց, որ լինում են դեպքեր, երբ օրենքը, որով առաջնորդվում է դատավորը, չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Բադիրյանը հայտնեց, որ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դատական ակտով որոշման մեջ ճանաչվում է, որ դատավորը թույլ է տվել օրենքի ակնհայտ կոպիտ խախտում, ապա դա առաջացնում է կարգապահական համապատասխան պատասխանատվություն։
Ինչ վերաբերում է նյութական պատասխանատվության կամ փոխհատուցման խնդիրներին, ապա Բադիրյանն ասաց, որ ինքը համաձայն է պատգամավորի դիտարկմանը, որ օրենքի խախտում թույլ տված դատավորն ինքը պետք է նյութական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար՝ ընդգծելով, որ հարկատուն իսկապես պարտավոր չէ վճարել ոչ կոմպետենտ դատավորի սխալի համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ