ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
Տիկին Նավանեթհեմ Փիլեյին
Խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Պարոն Մայնա Քիաիին
Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Պարոն Խուան Մենդեսին
Կանանց հանդեպ բռնությունների, դրանց պատճառների և հետևանքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Տիկին Ռաշիդա Մանջուին
Իրավապաշտպանների կացության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Տիկին Մարգարետ Սեկագիային
Կարդացեք նաև
Կամայական կալանավորման հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող
Պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին
Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը
Մեծարգո գերագույն հանձնակատար, հատուկ զեկուցողներ և ղեկավար-զեկուցող
Հայաստանի մի շարք շահագրգիռ ՀԿ-ներ և քաղաքացիներ դիմում են ձեզ՝ ձեր ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա, երբ հասցվում են մարմնական վնասվածքներ և վտանգված է մարդկային կյանքը: Պետական մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բռնություններին վերջ տալու համար, ինչը համարժեք արձագանքի ու դատապարտման բացակայության և շարունակաբար ընթացող անպատժելիությանը զուգընթաց՝ վկայում է, որ այդ բռնարարքներն արժանանում են հանցավոր խմբերի ու ոստիկանության աջակցությանը:
2013 թ. հուլիսից ի վեր Հայաստանի քաղաքացիները Երևանի փողոցներում անցկացրել են բազմաթիվ խաղաղ ակցիաներ՝ ի պատասխան իշխանության տարբեր կառույցների կողմից իրականացվող ապօրինի և հակասական որոշումների և գործողություննների: Այդ որոշումների և գործողություննների թվում են Երևանի քաղաքապետի կողմից հանրային տրանպորտի ուղեվարձի չարդարացված և հանկարծակի թանկացումը, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվող բազմահարկ շենքի կառուցումը, որի հետևանքով շրջապատի բնակիչների տները զրկվում են արևի լույսից, պատմամշակութային հուշարձանի ավերումը ՀՀ ԱԺ օլիգարխ պատգամավորի կողմից և ՀՀ նախագահի՝ Եվրասիական մաքսային միությանը միանալու անսպասելի ու ոչ թափանցիկ որոշումը:
Քաղաքացիներն իրենց կարծիքն էին արտահայտում իշխանությունների ապօրինի և հակասական որոշումների ու գործողությունների դեմ՝ գործադրելով արտահայտման և խաղաղ հավաքների անցկացման ազատության իրենց իրավունքները թռուցիկների, հանրային քննարկումների, երթերի, նստացույցերի, ներկայացումների, բողոքի ցույցերի, փողոցները փակելու միջոցով և այլն: Նրանք հարկադրված էին դիմելու մատնանշված գործողությունների, քանի որ նախքան որոշումների կայացումը զրկված էին իշխանությունների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու կամ այդ որոշումները փոխելու հնարավորությունից:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների ոլորտում ստանձնած համապետական օրենքների և միջազգային պարտավորությունների՝ իշխանությունները պարտավոր են նպաստելու արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների անխոչընդոտ գործադրումն ու ապահովելու անվտանգությունը: Փոխարենը, այդ ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանությունը գործում է որպես իշխանությունների ապօրինի որոշումների պաշտպան և չարդարացված խոչընդոտներ է հարուցում բողոքի ցույց իրականացնողների դեմ՝ դրսևորելով հիմնականում ապօրինի և հաճախ ոչ իրավաչափ վարքագիծ:
Շատ դեպքերում ոստիկանությունը խոչընդոտել է հավաքների մասնակիցների շարժումն առանց օրինական արդարացման: Նրանք խլել են բողոքի մասնակիցների պաստառները, մեգաֆոնները և ակցիաների այլ պարագաներ, ինչպես նաև ցուցարարների անձնական սեփականությունը: Առանց արդարացի պատճառի ձերբակալել են տասնյակ ակտիվիստների և ժամերով կալանավորել ոստիկանական բաժանմունքներում՝ հաճախ գերազանցելով թույլատրելի ժամանակը: Ոստիկանության աշխատակիցները հիմնականում «բռնել» են ակտիվիստներին ակցիաների ավարտից հետո, անգամ առևանգել են նստացույցի քնած մասնակիցներին: Նույնիսկ մտել են մասնավոր տներ առանց դատարանի կողմից համապատասխան թույլտվության և ահաբեկել են ակտիվիստների ընտանիքների անդամներին: Կալանավորված քաղաքացիներից ոչ մեկը չի տեղեկացվել իր կարգավիճակի, իրավունքների և կալանավորման հիմքերի մասին: Ոստիկանության ներկայացուցիչները կիրառել են չարդարացված և իրենց լիազորություններից չբխող ուժ, հավաքները խոչընդոտելիս կամ մարդկանց կալանավորելիս հարձակվել են բազմաթիվ քաղաքացիների վրա :
Մի շարք քրեական գործեր և վարչական վարույթներ են հարուցվել ցուցարարներին պատժելու համար հիմնականում ոստիկանության ապօրինի հրամանների դեմ դիմադրություն ցույց տալու հիմքով: Ոստիկանական մեքենայի մեջ բաժանմունք տանելու ճանապարհին ոստիկանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, մինչդեռ քրեական գործը հարուցվել է ոչ թե հարձակվողի, այլ ակտիվիստի նկատմամբ :
Որոշ ոստիկաններ կանաց հանդեպ բացահայտ սեռական վարքագիծ են ցուցաբերել/կամ սեռական բնույթի բառեր արտաբերել: Սեռական ոտնձգության ենթարկված կանանցից ոմանք, հաղթահարելով ամոթը, համաձայնել են ոստիկանության աշխատակիցների կողմից սեռական բնույթի վիրավորանքների վերաբերյալ գրավոր նկարագրություն տալ: Տաթևիկ Մայիլյանը հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Արայիկ Պետրոսյանը սպառնացել է իրան, վիրավորել անպարկեշտ սեքսուալ բնույթի արտահայտություններով: Իր գրավոր հայտարարության մեջ Շողիկ Մելքոնյանը չի բարձրաձայնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, երբ ոստիկանն այնքան է մոտեցել իրեն, որ ամբողջությամբ շոշափել է մարմինը: Նա նաև խոստովանել է, որ երբ ստիպել են մտնել ոստիկանության մեքենան, նույն ինքը` Արայիկ Պետրոսանը սեռական բնույթի հայհոյանքներ է շշնջացել իր ականջին՝ երեք անգամ սպառնալով դիմել որոշակի գործողության : Ոստիկանի կողմից կնոջը համբուրելու հանգամանքը լայնորեն քննարկվել է սոցիալական ցանցերում և արժանացրել է իշխանությունների ուշադրությանը: Զարմանալիորեն, այն չի դատապարտվել, այլ ավելի շուտ որոշ պետական պաշտոնյաների կողմից արժանացել է ցինիզմի, արդարության, հավասարության, արժանապատվության ու կանանց պաշտպանության հանդեպ հարգանքի բացակայության: Օրինակ՝ Երևանի փոխոստիկանապետը ժխտել է մեղադրանքը և հայտնել, թե ոստիկանն ուղղում էր իր ուսադիրները, մինչդեռ իրականում նա բացահայտորեն համբուրում էր աղջկա պարանոցը: Իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը մեկնաբանել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում ոստիկանի պահվածքում. ավելի լավ է համբուրի, քան ծեծի :
Ի հավելումն խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության դրսևորած ապօրինի գործողության՝ Երևանում սկսել են գործել հանցավոր խմբեր, որոնք հարձակվում և ծեծի են ենթարկում քաղացիական ակտիվիստներին, հենց որ նրանք հեռանում են քաղաքացիական ակտիվության գործունեության վայրերից: Տարօրինակ կերպով ոստիկանությունը լիակատար անգործություն է հանդես բերում այդ հանցագործությունները ժամանակին բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, որ նշան է իշխանությունների հետ հանցավոր խմբերի հնարավոր համագործակցության: Ոչ մի առաջընթաց չի գրանցվել տասնյակի չափ ոճրագործների կողմից Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծելու դեպքի կապակցությամբ, մինչդեռ ոմանք զգուշացրել էին իրենց հայրերին «բան չասել» (Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացուցավորները պահանջում են, որպեսզի հանրային տրանսպորտի թանկացման որոշում կայացնելու հարցում պատաստանատու, անձնական բիզնես շահեր հետապնդող, ինչպես նաև տվյալ որոշման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ անպարկեշտ վարքագիծ և բռնարարք ցուցաբերած անձինք պաշտոնանկ արվեն) : Նմանապես, ոչ մի գործողություն չի ձեռնարկվել բացահատելու ակտիվիստ Արման Ալեքսանյանին ավելի քան 15 հոգանոց հրոսակախմբի կողմից փայտե մահակներով ծեծելու հանգամանքը : Իսկ բոլորովին վերջերս՝ ս.թ. սեպտեմբերի 5-ին ակտիվիստներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը դարանակալ հարձակման և դաժան ծեծի են ենթարկվել 6-7 անծանոթ անձանց կողմից: Այս անգամ քրեական գործ չի հարուցվել բռնարարքը բացահայտելու կամ հետաքննելու ուղղությամբ:
Նշված գործողություններից որոշները տեսաձայնագրվել են Երևանի փողոցներում տեղադրված տեսախցիկներով: Ուստիև միանգամայն հնարավոր է անմիջապես բացահայտել հրոսակախմբերի անդամների ինքնությունը: Այդուհանդերձ, ոստիկանությունը ոչ մի ջանք չի գործադրել, ոչ էլ հրատապ գործողության է դիմել հարձակվողների հանդեպ որոշում կայացնելու և/կամ գործողությունների դիմելու ուղղությամբ:
Որոշ այլ դեպքերում ևս ոստիկանության արձագանքը կասկածահարույց է: Ոստիկանության գործողությունները բավականին «մեղմ» Էին հայտնի օլիգարխ պատգամավորի կողմից պատմամշակութային հուշարձան Փակ շուկան աղավաղելու դեմ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնարարքներ իրականացնողների հանդեպ : Երբ քաղաքապետարանի մոտ բռնությամբ չուղեկցվող խաղաղ նստացույցի մասնակիցները հարձակման և սպառնալիքի են ենթարկվել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում պատասխանատու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի որդու կողմից, ոստիկանությունն ընդամենը դիտում էր՝ մինչև չհնչեցվեց ցուցարարների՝ իրենց շահերը պաշտպանելու պահանջը : Դեռ ավելին, երբ ակտիվիստ Արման Ալեքսանյանը հայտնել է քննիչին, թե ինքը նկատել է, որ իր վրա հարձակվողներց մեկը ցույցի մասնակիցներից է եղել, քննիչը միայն ասել է, որ գուցե «շփոթում է», և ոչինչ չի ձեռնարկել :
Ոստիկանության նման արձագանքը ավելացնում է կասկածը և մտահոգությունը, որ այդ բռնի հարձակումները ցույցերի մասնակից ակտիվիստների հանդեպ կազմակերպված են և/կամ աջակցվում են իշխանությունների և/կամ ոստիկանության կողմից, որպեսզի սահմանփակվեն քաղաքացիների ազատ և օրինական արտահայտման և օրինական հավաքների իրավունքները: Բնականաբար, հավատացած ենք, որ անգամ միջոցներ գործադրելիս ոստիկանությունը կեղծ հետաքննություն կձեռնարկի՝ կանխամտածված չբացահայտելու հանցագործներին, որոնք սատարում են Հաjաստանի օլիգարխիկ վարչակազմին:
Հիմնական մտահոգութունը վերաբերում է ընտրովի արդարադատութանը, մինչդեռ իրավապահ մարմինները բավականին արագ են քրեական գործեր կամ վարչական վարույթներ հարուցում քաղաքացիական կամ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով դադարեցնելու վարույթը և փակելու այն գործերը, որոնք աղերս ունեն քրեական հանցագործություններում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց մերձավոր հարազատների հետ: Ամենաթարմ օրինակն առնչվում է մարդասպանության մեջ ներգրավված Սյունիքի նախկին մարզպետի որդուն և թիկնապահին: Գործը փակվեց, քանի որ հետաքննող մարմինը նրանց գործողությունները որակեց որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն :
Բացի դրանից, եղել են դեպքեր, երբ ոստիկանությունն ինքն է ներգրավված եղել ակտիվիստների դեմ գործողություններում: Դմիտրի Հարությունյանը և իր ընտանիքը հարձակման, ահաբեկման են ենթարկվել և ողջ գիշեր պատանդ պահվել իրենց տանը անհայտ խմբի կողմից, խումբն էլ հրաժարվել է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել և շարունակել է իր ապօրինի և բռնի գործողությունները տան ներսում: Ոստիկանությունը թեպետ տեղյակ է պահվել այս գործողությունների մասին, բայց ուշ է ժամանել և այն էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահանջից հետո միայն: Հարձակվողներն առավոտյան ներկայացրել են իրենց ինքնությունը հաստատող փաստաթղթերը որպես ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ : Նման դեպքերը հույս չեն տալիս ենթադրելու, որ ոստիկանությունը կամ այլ իշխանությունները գործողություններ կձեռնարկեն սեփական գործակալներին պատժելու նպատակով:
Խաղաղ հավաքների մասնակիցները Հայաստանում հնարավոր է, որ չունենան ՄԻՊ գրասենյակի պաշտպանությունը, քանի որ այն խիստ անտեսվում է իրավապահ մարմինների կողմից: Օրինակ՝ տարբեր առիթներով ոստիկանությունն անտեսել է ՄԻՊ-ի կարծիքը, ըստ որի՝ թույլ է տրվում մեկ վրան տեղադրել հանրային տարածքում ցուցարարներին շոգից և տեղումներից պաշտպանելու նպատակով: Ուստի Երևանի քաղաքապետարանի մոտի նստացույցի մասնակիցները ավելի քան մեկ ամիս հարկադրված են եղել մնալ բացօթյա՝ արևի և անձրևի տակ, որի հետևանքով մասնակիցներից մեկը արևային հարված է ստացել և մի քանի օրով տեղափոխվել հիվանդանոց :
Ինչ վերաբերում է իրավապաշտպան կազմակերպություններին՝ նրանք նույնպես ամենայն հավանականությամբ իշխանությունների կողմից աջակցվող անհայտ խմբերի թիրախն են: Օրինակ՝ ոստիկանության վերը նկարագրած ապօրինի գործողությունների դեմ ցույցից հետո սոցիալական ցանցերով տեսանյութ է տարածվել՝ մատնացույց անելով վերոհիշյալ ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «գրանտակեր» գործողությունները : Նման կերպով Կանանց ռեսուրս կենտրոնը քննադատության է արժանացել և սպառնալիքի ենթարկվել մի պատգամավորի կողմից գենդերային հավասարության և կյանքի նկատմամբ բացահայտ սպառնալիքի պարագայում որոշ կազմակերպություններին իր ցուցաբերած աջակցության համար :
Նկարագրված իրավիճակը բավականին տագնապալի է, և օր-օրի լարվածությունը թեժանում է: ՀՀ իշխանությունները չեն պահպանում մարդու իրավունքների համապետական և միջազգային նորմերը և անկեղծ մտահոգություն չեն դրսևորում իրենց կատարողականը բարելավելու ուղղությամբ՝ չնայած ոլորտի բարեփոխման նպատակով միջազգային կազմակերպությունների տրամադրած հսկայական օգնությանը:
2008 թ. ի վեր քաղաքացիական հասարակությանը լռեցնելուն ուղղված՝ ոստիկանության կողմից կիրառվող մարտավարություններից շատերը նոր չեն և իշխանությունների կողմից տարբեր ինտենսիվությամբ լայնորեն կիրառվել են ահաբեկելու համար 2008 թ. փետրվարյան կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքող, ինչպես նաև ավելի ուշ սպառնալու ընդդիմության ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին: Այնուամենայնիվ, երկրում մարդու իրավունքների իրավիճակի ընդհանուր հետընթացի և անձեռնմխելի հանցագործ խմբերի արագ բազմացման համատեքստում մարդկանց անվտանգության հետ կապված անհանգստությունն ահագնանում է հասարակության մեջ:
Այսօր Հայաստանում վտանգավոր է ակտիվ քաղաքացի լինելը և հանրայնորեն կարծիք արտահայտելը: Եթե ներկայիս գանգստերային ոճը չփոխվի, այն կհանգեցնի չնախատեսված հետևանքների և լուրջ վտանգի Հայաստանի քաղաքացիների առողջության և կյանքի համար:
Ուստի կոչ ենք անում, որպեսզի ձեռնարկեք գործողություններ՝ վերջ տալու բռնությանը մեր երկրում և պաշտպանելու մարդկանց կյանքը: Հաշվի առնելով Հայաստանի հատուկ կարգավիճակը և մշտապես Հայաստան այցելելու ձեր իրավունքը որպես հատուկ զեկուցողներ՝ խնդրում ենք, որ այցելեք Հայաստան, որպեսզի ավելի լավ ծանոթանաք իրավիճակին և օգտագործեք ձեր լծակը՝ դադարեցնելու Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները:
ՀԿ-ներ
1. Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ
2. Մարինե Մանուչարյան, Քաղաքացիական ֆորում ՀԿ
3. Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
4. Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
5. Գյուլնարա Շահինյան, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ
6. Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
7. Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
8. Միքայել Արամյան, Ընդդեմ իրավական կամայականության
9. Արման Սահակյան, «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
10. Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
11. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
12. Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
13. Աշխեն Բաբայան, Շիրակ ՀԿ-ի Հելսինկյան մարդու իրավունքների խումբ
14. Կարեն Հակոբյան, «Հույս» ՀԿ
15. Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
16. Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
17. Արթուր Ավթանդիլյան, «Կանաչաստան» ՀԿ
18. Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
19. Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» հումանիտար ՀԿ
20. Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
21. Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
22. Հայկուհի Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
23. Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ
24. Հովհաննես Մադոյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
25. Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայության» ՀԿ
26. Արշակ Գասպարյան, «Սոցիալական արդարություն» ՀԿ
27. Էվելինա Գյուլխանդարյան, «Սոցիոսկոպ» ՀԿ
28. Անահիտ Հարությունյան, «Հոգևոր Հայաստան» մշակութային ՀԿ
29. Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
30. Սարհատ Պետրոսյան, «Ուրբանլաբ Երևան» ՀԿ
31. Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» Հկ
32. Մարո Մաթոսյան, Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
33. Լարա Ահարոնյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
34. Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
35. Իզաբելա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
Քաղաղացիական նախաձեռնություն
36. Լալա Ասլիկյան, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն
37. Գրիգոր Ղազարյան, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություն
38. Աննա Շահնազարյան, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն
39. Գայանե Մելքոմյան, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Ակտիվիստներ
40. Ռուզաննա Գրիգորյան
41. Զառա Հովհաննիսյան, «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակ, երկրորդ մրցանակ
42. Նվարդ Մանասյան
43. Ծովինար Նազարյան, «Խիզախ կին 2012» (Հայաստան)