ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած միջադեպի օրը Սդղի գյուղից վերադառնալիս Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությանը՝ ասաց, որ դեռ նախաքննություն է կատարվում:
«Նախաքննությունը պարզել է, որ Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանը, ինչի վերաբերյալ դեռ նախաքննություն է կատարվում: Այնուամենայնիվ, Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ մինչեւ այժմ ձեռքբերված ապացույցները չեն հիմնավորվում, նկատի ունենալով նաեւ, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ Ավետիքի մարմնին հրազենային վնասվածքներից բացի՝ որեւէ այլ բնույթի վնասվածք չկա: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի վիճարկել ոչ Հայկ Ալումյանը, ոչ էլ՝ Էմիլ Բուդաղյանը»,- ասաց պարոն Հարությունյանը:
Պարոն Հարությունյանը մեկնաբանեց նաեւ Էմիլ Բուդաղյանի պնդումները, թե մարզպետի թիկնապահն է զանգել, կանչել որդուն Սուրիկ Խաչատրյանի տուն:
«Դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումները վկայում են այն մասին, որ Զարզանդ Նիկողոսյանը ոչ Ավետիք Բուդաղյանին, ոչ էլ Արտակ Բուդաղյանին չի զանգահարել, հակառակը՝ հունիսի մեկին, ժամը՝ 22:59-ին Ավետիք Բուդաղյանն է իր հեռախոսահամարից զանգահարել Զարզանդ Նիկողոսյանին եւ 52 վայրկյան խոսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ