Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսային միությունում Հայաստանի գազի գինը կնվազի, միգրացիան` կաճի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2013 15:31

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի տնտեսական աճը տարեկան 0.5% կլիներ, երկարաժամկետ` 2,3%, իսկ Մաքսային միությանը անդամակցելով` 4%: Այսօր «Նովոստի» մամուլի ակումբում ներկայացնելով Եվրասիական Զարգացման բանկի հետ համատեղ կատարած ուսումնասիրության տվյալները, ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը: 

Մաքսային միությանը ինտեգրվելու տնտեսական առավելություններից պարոն Թավադյանը նշեց ատոմակայանի հետագա շահագործման եւ նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը, գազի գնի 30 % իջեցումը. «Մենք ունենք արտահանման մաքսատուրք 30%, այսինքն` հիմա 270 դոլար է 1000 քմ-ի դիմաց, ավտոմատ դառնալու է 180 դոլար: Սա ՀՆԱ-ում կտա 1% աճ»: Ըստ պարոն Թավադյանի, նավթամթերքների պարագայում էլ, ասենք բենզինի գինը մոտ 30%-ով կնվազի: Տնտեսագետի ներկայացմամբ, Մաքսային միության անդամ դառնալով կվերագործարկվի «Նաիրիտ» գործարանը եւ նավթամուղի կառուցման հավանականություն կա:
Տնտեսագետը չբացառեց նաեւ, որ Մաքսային միության անդամ դառնալով միգրացիայի մի փոքր աճ կլինի, քանի որ միությունում միգրանտների համար վարչական խնդիրները կվերանա եւ աշխատանք գտնելն ավելի հեշտ կլինի, ինչը կհանգեցնի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների աճի տեմպերի մոտ 3%-ով ավելացման:

ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո հաշվի առնված ու Հայաստանին ներկայացված ռիսկերից, ինչպես նշված է վերլուծության մեջ, դա Թուրքիայի հետ փակ սահմանի խնդիրն է, եւ ինչպես ասաց տնտեսագետը, եթե այս խնդիրը չլուծվի, ապա կանխատեսված 2.3% տնտեսական աճը չի կարող լինել:
Հաջորդ ռիսկը մեր տնտեսության լուրջ կախվածությունն է հանքահումքից, որը մենք արտահանում ենք ԵՄ շուկա, եւ եթե գները եվրոպական շուկայում տատանվեն, ապա նույնպես 2.3% աճը չի ստացվի:
Հաջորդ ռիսկերից ԵՄ-ն նշել է` կոռուպցիան, սա ըստ պարոն Թավադյանի, երկրի ներսում լուծվելիք խնդիր է, եւ ոչ մի ինտեգրացիա չի կարող այնպես անել, որ կոռուպցիան երկրում վերանա: Նաեւ ուղեղների արտահոսքի ռիսկ կա, սա իհարկե Հայաստանի դեպքում այնքան էլ մեծ չէր լինելու, ինչպես օրինակ, ինչպես պարոն Թավադյանն ասաց` Լատվիայի դեպքում էր` ժողովրդի 30%-ը գնաց ԵՄ երկրներ:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի ներկայացմամբ էլ` եթե Հայաստանը Մաքսային միության անդամ չդառնա, ռուսական գազի գնի նշանակալի աճ կլինի, որը բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա. «Այստեղ կա լուրջ խնդիր` երաշխավորո՞ւմ է Հայաստանի Հանրապետության մուտքը Մաքսային միություն, որ գազի գները կկանգնեն նույն մակարդակի վրա, նման երաշխիք չկա, քանի որ Մաքսային միությունը դեռեւս գտնվում է էներգետիկ քաղաքականության մշակման ճանապարհին, սակայն այն տենդենցները, որ կան ռուս-բելոռուսական տարբերակում, Մաքսային միության դեպքում պետք է կիրառվի համաչափ եկամտաբերության սկզբունքը: Այսինքն` ռուսական ընկերությունը, որ գազ է արտահանում Հայաստան, այդ արտահանումից պետք է ստանա նույն շահույթը, ինչ արտահանում է Ռուսաստանի դեպքում: Մեր դեպքում ամենակարեւոր խնդիրը Վրաստանում թողնվող տրանզիտային գումարն է, եւ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա Հայաստանում գազի գինը կարող է կանգնել 205-210 դոլարի սահմաններում»:
Պարոն Սարուխանյանի ներկայացմամբ` ասոցացման համաձայնագրում չկա որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի տրանսպորտային շրջափակման հարցը կլուծվի. «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի դեպքում, տեսականորեն, մենք կարող էինք հույս ունենալ օգտագործել Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթգիծը, քանի որ Թուրքիան, որը ազատ առետրի գոտու անդամ է, Վրաստանն էլ` պատրաստվում է, որեւէ լծակ չէին կարող կիրառել հայ տնտեսվարողների վրա` երկաթգիծը չօգտագործել: Սակայն պետք է հաշվի առնել Վրաստանի տրանսպորտի փոխնախարարի արտահայտությունը ` մենք կիրառելու ենք միջազգային պարտավորությունները, բայց չենք կարող հաշվի չնստել Ադրբեջանի հետ, որը ֆինանսավորում է այդ երկաթգիծը»:
Մաքսային միության դեպքում էլ չի նախատեսվում երկաթգծերի զարգացման հարցը, բայց ըստ պարոն Սարուխանյանի, այդ վերլուծության մեջ ներկայացվել է թե ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանի ներգրավվածությունը Մաքսային միություն լինի շահավետ:
Պարոն Սարուխանյանի վստահեցմամբ` Մաքսային միության անդամ դառնալով, Հայաստանը էներգետիկ համակարգում միանշանակ շահում է, ինչը չի կարելի ասել ԵՄ-ի հետ ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու պարագայում:
Օրինակ, ինչպես ասաց «Նորավանքի» փոխտնօրենը, եթե միանայինք Եվրամիության էներգետիկ 3-րդ փաթեթին, ապա այս շուկայի ազատականացումը, որը նշանակում է, որ ազատ առեւտրի գոտի հանդիսացող ցանկացած երկիր կարող է ներքին արտադրողի հետ մրցել, Հայաստանը չէր կարող մրցունակ լինել իր արտադրած էներգիայի արժեքով, քանի որ Վրաստանն ավելի էժան էներգետիկայի արտադրություն է նախատեսում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30