Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նոր ծրագիրը»` 3.8 միլիոն դոլար արժողությամբ:
Մեր երկրում կենսաթոշակային բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ բարեփոխումների գործում իրենց մասնաբաժինն ունեցող այլ կառույցներից 4 տարի հետո ակնկալում են, որ նրանց կադրային եւ կառուցվածքային կարողությունները, աշխատանքային ոճը եւ այլն, համապատասխանեցված կլինի միջազգային չափանիշներին: Միջազգային գործընկերները նաեւ ակնկալում են, որ կենսաթոշակի համակարգում նվազագույնի կհասցվի մարդկային գործոնը եւ կվերացվեն կոռուպցիոն ռիսկերը:
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նոր ծրագիրը»` 3.8 միլիոն դոլար արժողությամբ: Ինչպես ներկայացրին ծրագրի աջակիցները` ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները եւ Հայաստանում ծրագիրն իրականացնողները` USAD/PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, այդ գումարներով, առաջիկա տարիներին տեխնիկական աջակցություն կտրամադրվի կենսաթոշակային բարեփոխումներում ներգրավված կառույցներին` կենսաթոշակի համակարգում միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ներդնելու: Ծրագրի տեւողությունը 2013-2017 թթ. է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, այս ծրագիրը շարունակելու է նախորդ ծրագրի արձանագրած արդյունքները` ձեւավորելով կենսաթոշակային բազմաստիճան համակարգի ամբողջական ենթակառուցվածքը:
Ըստ նախարարի, կենսաթոշակային նոր համակարգը կներդրվի 2014 թ. հունվարից:
Կենսաթոշակային բարեփոխումների պատասխանատուներն արդեն ձեւավորել են նոր համակարգ եւ տիրապետում են մոտ 500 հազար կենսաթոշակառուների տվյալների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ