ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր նախաքննության նոր մանրամասներ ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն ապօրինի զենքի մասին Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե ինքնաշեն զենքի կիրառման դեպքում էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց, պարոն Հարությունյանն ասաց. «Դեպքով առգրավվել են «Բերետտա» տեսակի ատրճանակներ, մեկը գործով ձեռք բերված ապացույցներով պատկանել է Ավետիք Բուդաղյանին , իսկ մյուսը Սուրիկ Խաչատրյանին: Բուդաղյանին պատկանող «Բերետտան» հայտնաբերվել է դեպքի վայրում, դեպքի օրը մեկ «Բերետտա» տեսակի ատրճանակ է գործածվել: Սուրիկ Խաչատրյանի ատրճանակը չի գործածվել, դեպքից հետո է հայտնաբերվել խուզարկության ժամանակ: Հետեւաբար միայն ինքնաշեն լինելը չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Արտակ եւ Ավետիք Բուդաղյաններին դեպքի օրը թիկունքից էլ են կրակել, ՊՆ քննչական ծառայության պետն ասաց, որ դատաբժշկական եւ այլ համալիր փորձաքննությունների եզրակացություններով հիմնավորվել է, որ Բուդաղյանների մարմիններին առկա վնասվածքները թիկունքից չեն եղել: «Արտակ Բուդաղյանի ստացած վնասվածքից երեքը պատճառվել են նույն զենքից ՝ հրացանից, որը գործածվել է Տիգրան խաչատրյանի կողմից; Իսկ Ավետիքի մեկ մարմնական վնասվածքը Զարզանդ Նիկողոսյանի ատրճանակից է եղել: Այլ հրազենային եւ այլ բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել»:
Նրա խոսքերով, Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա ընդհանուր առմամբ հայտնաբերվել է հրազենային վեց վնասվածք:
Կարդացեք նաև
Արմեն Հարությունյանը հերքեց նաեւ, թե կրակոց է եղել Խաչատրյանների դղյակի վերեւի պատուհանից: Նրա խոսքերով, լրացուցիչ զննության ժամանակ ակնհայտ է դարձել, որ առանձնատունը դեպքի վայր նայող հատվածում պատշգամբ չի ունեցել:
ՊՆ քննչական ծառայության պետն անդրադարձավ նաեւ Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետտայի գոռոցներին, թե ամուսնուն հանդիմանել է «Էս ինչ արեցիր, բա ասում էիր, էլ սենց բան չի լինի». «Վերջինիս ցուցմունքի համաձայն, դեպքը չսկսված ամուսինը քնած է եղել եւ դեպքի մասին չի իմացել: Բնականաբար, անտրամաբանական է, որ դիմեր դեպքից անտեղյակ ամուսնուն հանդիմաներ»:
Նա անդրադարձավ համացանցում տեղադրված դեպքի տեսանյութին ու պնդումներին, թե դա մոնտաժված տարբերակն է, ասաց՝«Բովանդակային առումով նույնն են, ժամանակային տեւողության մեջ է տարբերությունը»:
Արմեն Հարությունյանը նաեւ հերքեց, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի պնդումները, թե Արտակ Բուդաղյանը դեպքի օրը գնում էր Ղարաբաղի զորամաս ու միայն ճանապարհին նկատելով Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցող իրադարձությունները՝ ճանապարհից հետ է դարձել. «Հայկ Ալումյանին հերքում են անգամ Արտակ Բուդաղյանի ցուցմունքները: Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբորից իմանալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իր հետ պատահածը, գնացել է Արման Հակոբյանի տուն, վերցրել նրա մեքենան եւ Արմանին ի պահ տված հրացանը ու շարժվել է Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ: Ինչպես ինքն է ասել իր ցուցմունքում՝ զենքը վերցրել է, որ հանգիստ թողնեն ժողովրդին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ