Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավանտյուրան» ՀՀ կախվածությունը Մոսկվայից խորացնելն է՝ ԼՂՀ «անվտանգությունը» շահարկելով

Սեպտեմբեր 11,2013 14:49

Իսկ ՀՀ քաղաքացիների նվաստացումը Մոսկվայի կողմից մտահոգիչ չէ՞

Սեպտեմբերի 7-ին ՀԱԿ վարչության նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության առիթով մեկ ձեւակերպմամբ ի ցույց դրեց իշխանությանը «այլընտրանք» հանդիսացող ուժի տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ, երբ նշեց. «…եվրաինտեգրման պարագայում կամ Եվրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պիտի գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ»:

Սա չի կարելի, իհարկե, անսպասելի դիրքորոշում համարել առաջին նախագահի կողմից, որովհետեւ դեռ 2008-ից Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս Արեւմուտքի նկատմամբ բավական հստակ դիրքորոշմամբ, իսկ Սերժ Սարգսյանին ներկայացնում էր որպես ՌԴ-ից երես թեքած ու Արեւմուտքի գիրկը նետված նախագահ։ 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում նա նշել էր. «Երես թեքելով ՌԴ-ից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ ԼՂ հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է ՌԴ-ին դուրս մղել ԼՂ կարգավորման գործընթացից։ …Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է, արդյոք, Արեւմուտքի գիրկը նետվելու եւ ԼՂ-ի հարցի լուծման մենաշնորհը նրան վերապահելու վտանգավորությունը, որը վերջ ի վերջո կարող է հանգեցնել ազգային աղետի։ Անտարակույս՝ ո՛չ…»։

Տարօրինակ չէ նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը չխոսեց Մոսկվայի կողմից գազի սակագների բարձրացման, Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքի փաստերի մասին, ինչը ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի «անվտանգության» ուղղակի սպառնալիքն է, մինչդեռ գերադասեց հրահանգել՝ թթու խոսք չասել Պուտինի հասցեին: Նրա ելույթի հիմնական մեսիջը հետեւյալն էր՝ ՀԱԿ-ը կարող էր Հայաստանը ավելի արժանապատվորեն դարձնել Մաքսային միության անդամ, քան դա արեց Սերժ Սարգսյանը: Տեր-Պետրոսյանը խոսում է իշխանության «ծեծված», «ջարդված», «նվաստացած» լինելուց, իսկ ո՞վ է համարձակվելու խոսել նվաստացած ՀՀ քաղաքացու մասին: Մոսկվայի ճնշումների հասցեատերը ՀՀ քաղաքացին է, իսկ մնացածը քաղաքական հաշվարկներ են:

Քանի՞ անգամ պետք է ՀՀ-ն ընդգրկվի մեռելածին ռուսական պրոյեկտների մեջ

Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ, Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է գտնվում ռուսական ռազմաբազան, Ռոբերտ Քոչարյանի «բալանսավորված» արտաքին քաղաքական արդյունքում ռազմավարական օբյեկտներ տրվեցին Ռուսաստանին՝ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում: Պարզապես մի տրամաբանական հարց է ծագում՝ Հայաստանը իր տնտեսական ապագան ԵՄ-ի հետ կապելու իրավունք չունի՞, հավերժ դատապարտվա՞ծ է ՌԴ-ի կցորդը մնալ… ՀՀ քաղաքացիները դատապարտվա՞ծ են ունենալ նախագահներ, որոնք Հայաստանի մշտական խնամակալ են համարում Ռուսաստանին: Եվ վերջապես՝ քանի՞ անգամ Հայաստանը պետք է իր հավատարմությունն ապացուցի Կրեմլին՝ ընդգրկվելով մեռելածին, կենսունակությունը չապացուցող ռուսական պրոյեկտների մեջ:

Մի՞թե այդ «անվտանգության» ապահովումը հնարավոր չէ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմաններում: Եվ բացի այդ՝ եթե անգամ իշխանությանը «այլընտրանք» հանդիսացող քաղաքական ուժերն են համարում, որ դեռ իրենից ոչինչ չներկայացնող Մաքսային միությունն է ապահովելու Ղարաբաղի «անվտանգությունը», թող բարի լինեն ՌԴ իշխանություններից պահանջել, օրինակ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կամ՝ եթե ՌԴ-ն է Ղարաբաղի «անվտանգությունն» ապահովում՝ ընդհանրապես, ինչո՞ւ ենք բանակցությունները շարունակում ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով, որի կազմում է նաեւ Ռուսաստանը…

Ցավալին այն է, որ ՀՀ առաջին նախագահը հստակ գիտի ՌԴ իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: ԵԱՀԿ ՄԽ-ի ռուսաստանցի բոլոր համանախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնպես որ հիմա որքան դատապարտելի են իշխանությունների արդարացումները, թե իբր, Ղարաբաղի  «անվտանգության» հարց կա, նույնքան քննադատության է արժանի իշխանությանը «այլընտրանք» հանդիսացող ուժի դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ, ըստ էության, չի տարբերվում Սերժ Սարգսյանի մոսկովյան որոշումից:

Ամենեւին նպատակ չունենալով արդարացնել Սերժ Սարգսյանի կեցվածքը՝ չորս տարի ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ Բրյուսելում բանակցելու, զույգ համաձայնագրերի վրա աշխատելու, այնուհետեւ մեկ օրում Պուտինի ճնշմամբ՝ մեկ այլ որոշում հրամցնելու, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը գոնե փորձ է արել դեպի ԵՄ ինտեգրվելու ուղղությամբ քայլ անել, մի բան, որ փաստորեն Տեր-Պետրոսյանը նախ չէր անի, որովհետեւ դա «ավանտյուրա» է համարել, իսկ եթե փորձեր էլ՝ պետք է նախ սպասեր Կրեմլի «դաբրոյին», եւ պարզ է, որ Մոսկվայի պատասխանը ստեղծված իրավիճակում «ոչ» էր լինելու։

Այսօր նույնիսկ այսօրվա իշխանությունների մատուցած մոսկովյան անակնկալի պայմաններում Հայաստանում հասարակական որոշ շերտերի կողմից ընդվզման դրսեւորումը ապացույցն է այն բանի, որ ՀՀ քաղաքացիներին Մոսկվայից որոշումներ չի կարելի պարտադրել՝ լինի դա իշխանությունների ձեռամբ, թե իշխանության «այլընտրանքների» ներքին ճնշումներով ու դասախոսություններով այն մասին, թե ինչպես պետք է անել, որպեսզի «նվաստացած» չվերադառնալ Մոսկվայից, այլ ավելի արժանապատվորեն մխրճվել անկենսունակ ռուսական պրոյեկտի մեջ։

Ամփոփումը՝ հաջորդ համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1. ՀԱՊԿ-ի ԲՈԼՈՐ երկրները (Հայաստանը ներառյալ) Ղարաբաղը ԴԵ ՅՈԻՐԵ ճանաչում են Ադրբեջանի մաս: Ուստի՝ եթե ՀԱՊԿ-ի անդամ ռուսական զենքով Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա,ապա «ՀԱՊԿ-ի Հայաստանյան անվտանգության երաշխիքը» ՔՈՌ ԿՈՊԵԿԻ արժեք ՉԻ ունենալու:

    2. Հայաստանը ԼՂՀ-ի երաշխավոր Չէ, որովհետև ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև դե յուրե ՈՉ ՄԻ պայմանագիր ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:Ուստի՝ա) ՀՀ-ն Ղարաբաղը de jure ճանաչում է Ադրբեջանի մաս, բ) եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա և ՀՀ բանակը միջամտի,ապա, միջազգային իրավունքի տեսանկյունից ,սա կլինի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ու Ադրբեջանը միջազգային դատարանում կարող է դատի տալ Հայաստանին՝այս միջամտության համար և նաև փոխհատուցում պահանջել:

  2. Համլետ says:

    Աննա ջան,ի՞նչ պատահեց,ինչու՞մն էր սխալը…

    • Հարգելի Համլետ: Մեկնաբանությունները միշտ էլ հրապարակվում են, եթե չեն խախտվում հրապարակման կանոնները: Ուշադրություն դարձրեք այն կանոնի վրա, ըստ որի՝ կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի վրա:

      • Համլետ says:

        Քննադատությունը հարձակում չէ…Հեղինակն ինքն է ,,հարձակում գործել,, իր անձնական նվաստացումը հանիրավի ՀՀ բոլոր քաղաքացիներին վերագրելով…

  3. Сергей says:

    Համլետը ճիշտ է, Աննա։ Ինչպես կարելի դրականապես արտահայտվել մի նախագահի մասին, ով հանուն Ղարաբաղի ողջ հայաստանը դրեց Պուտինի ոտքի տակ։ Գուցե որոշ ժամանակ անց նա «մեկ օրում Պուտինի ճնշմամբ» Հայաստանի գերբն ու դրո՞շը կդնի նրա ոտքերի տակ։ Ես բնավ ռուսամետ չեմ և ոչ էլ լևոնական, բայց չեմ կարող չգնահատել նրա քաղաքական պատրաստվածությունը և պատմական պահը ճիշտ գնահատելու կարողությունը։։ Կարծեմ մի այլ առիթով էլ եմ արտահայտել իմ տեսակետը այն մասին, թե որն էր Լևոնի սխալը, համարելով, որ նա իրեն շրջապատել էր ոչ բավարար հասուն ու ազնիվ կադրերով։ Թերևս հենց այդ պատճառով էր հանրության դժգոհությունը նրա կառավարումից։ Ես զարմանում եմ, որ հոդվածի հեղինակը, չնկատելով Սերժ Սարգսյնի վարած «քաղաքականության» անհեթեթությունը, որով շշմեցրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին, գրում է. «Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը գոնե փորձ է արել դեպի ԵՄ ինտեգրվելու ուղղությամբ քայլ անել…»։ Դա քայլ չէր, դա խաբեություն էր, որով «թոզ փչեց» թե մեր, թե Եվրոպայի աչքերին, Հայաստանը միջազգային ասպարեզից հետ մղելով առնվազն մեկ հարյուրամյակ ։ Մի՞թե սխալ է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է .«Եվրոինտեգրման պարագայում կամ Եվրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պիտի գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ»: Նա ճիշտ է։ Հասուն քաղաքագետը նման քայլերից առաջ հազար չափում մեկ կտրում է։ Այլապես պիտի ստացվեր այն, ինչ ստացվեց ՝ նվաստացում մի ողջ ազգի, մի ողջ պետության։ Սա այն դեպքն է, երբ ասում են ՝ մի հիմարը քարը ծովն է գցում, հազար խելոքը չեն հարողանում հանել։ Ավաղ, այդ քարը երկար պիտի որոնենք ծովի հատակին։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/07/383264/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/11/384505/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/11/384505/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30