Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ղազինյանի փոխադարձ «հաճոյախոսությունները» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2013 14:44

Այսօր խորհրդարանում`ՀՀ Արդարադատության խորհրդի անդամների թեկնածուների ելույթների ու հարցուպատասխանների ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, քանի որ Արդարադատության խորհրդի անդամների ընտրությունը պետք է տեղի ունենար պաշտոնը թափուր մնալուց երեք ամիս հետո, իսկ պաշտոնը, որի համար ներկայացվել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, թափուր է արդեն մի քանի տարի։ 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում իրավական համակարգն ամենակոռումպացվածն է։ Նրա խոսքով՝, թեև Ղազինյանը պետական պաշտոններ չի զբաղեցրել, բայց երկար տարիներ ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն, ըստ պատգամավորի, նույնպես ամենակոռումպացվածն է, չնայած, ինչպես նշեց նա`«դա չի նշանակում, որ լավ կադրեր չեն եղել»։
Փաշինյանը հրապարակեց, որ իր հավաստի տեղեկություններով՝ իրավաբանական ֆակուլտետում թեզ պաշտպանելու համար պետք է տեր ունենաս. «Կառուցել եք մի համակարգ, որտեղ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Հարուստ հայրիկների զավակներն ընդունվում են իրավաբանական ֆակուլտետ, հետո փողով դառնում են քննիչներ և դատավորներ։ Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավարը ձեր ուսանողն է։ Դա մեծագույն չարիք է, որը թույլ չի տալիս ՀՀ-ին առաջ գնալ»:
Այս դիտարկումներից հետո Փաշինյանը հարց ուղղեց Ղազինյանին․ «Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք Հայաստանում դատական համակարգի այսօրվա վիճակի համար»։
«Ես պատասխանատվություն եմ զգում ոչ ավելի, քան դուք»,- ասաց Ղազինյանը:
Ինչ վերաբերում է իրավաբանական ֆակուլտետի կոռումպացված լինելուն, ապա ֆակուլտետի դեկանն ասաց․ «Շատ հեշտ է Նիկոլ Փաշինյանին կամ նրա թերթին մեղադրել հանրային կարծիք արտահայտելու մեջ, երբ պարզ չէ, թե այդ հանրային կարծիքն ով է ներկայացնում։ Դուք ոչ թե վատ եք տեղեկացված, այլ ընդհանրապես տեղյակ չեք, այն ժամանակից, երբ ձեզ, միգուցե անարդարացի, դուրս թողեցին համալսարանից։ Նման հայտարարություններ անելու համար պետք է տեղյակ լինել, չի կարելի այս ամբիոնից վարկաբեկել անձանց կամ կառույցները»,- ընդգծեց նա՝ հավելելով․ «Նշեք մի փաստ, երբ տերովը պաշտպանել է թեզն, անտերը՝ ոչ»։ Արդարադատության խորհրդի անդամի թեկնածուի խոսքով՝ ինքը չի կարող պատասխանատվություն կրել ֆակուլտետի շրջանավարտների հետագա կենսագործունեության համար։
Միաժամանակ նա հայտնեց, որ իրենց լավագույն շրջանավարտները ցանկություն չունեն աշխատելու պետական կառույցներում, քանի որ աշխատավարձերը ցածր են, նրանք նախընտրում են աշխատել մասնավոր կառույցներում՝ բարձր աշխատավարձով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու Ղազինյանի թեկնածությանը, չնայած վստահ է, որ նա ընտրվելու է։ Նա նաեւ ասաց, որ ի տարբերություն Ղազինյանի, ինքը կարող է փաստերով խոսել ու հավելեց. «ՀՀ քաղաքացի Հարություն Այվազյանը մտել է ձեր ասած տեղը, հարցրել են`ո՞վ է քո տերը»: Փաշինյանն ասաց, որ այդ անձն արտագաղթել է Հայաստանից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30