«Սիրիական ճգնաժամին ռազմական միջամտությանը ես թերահավատորեն եմ տրամադրված: Ինձ թվում է նաև ԵՄ անդամ երկրներն են այն կարծիքին են, որ Սիրիայում ռազմական միջամտությունը ավելի շատ կխորացնի ճգնաժամը, քան կնպաստի դրա լուծմանը»,-այսօր Եվրոպական խորհրդարանում սիրիական ճգնաժամի թեմայով հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` անդրադառնալով այն հարցին` արդյոք անհրաժե՞շտ է Սիրիայում ռազմական միջամտություն:
Նա նաև մտահոգություն հայտնեց ԵՄ անդամ երկրների վարած քաղաքականության վերաբերյալ: Մասնավորապես ասաց. «Քանի դեռ անդամ երկրներն առաջնահերթություն են տալիս իրենց անհատական և ոչ Եվրամիության համընդհանուր շահին, մենք չենք կարող ունենալ կայուն արտաքին քաղաքականություն: Այդ պատճառով էլ այժմ դեռ հեռու ենք ընդհանրական և անվտանգ արտաքին քաղաքականության ապահովումից»:
Ըստ ԵԽ նախագահի` Եվրամիության վիճակը ամենևին էլ հրաշալի չէ: Նա նշեց, որ այս ամառը, ինչպես նախորդ հինգ ամառները, «դրամատիկ» էր և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «մարդիկ կորցրել են վստահությունը, իսկ ճգնաժամի ծայրը դեռ չի երևում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ