Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրեն. «Արաբախոս երեխաներ կան, որ արեւմտահայերեն էլ չեն հասկանում»

Սեպտեմբեր 11,2013 14:32

Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի հարկի ներքո գործող Կիլիկյան վարժարանը, որտեղ սովորում էին սիրիահայ երեխաներ ու դասավանդում սիրիահայ ուսուցիչներ, այս ուսումնական տարվանից այլեւս չի գործելու: Aravot.am-ի տեղեկություններով, որոշ սիրիահայ ընտանիքներ դրանից նեղսրտել են: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, Կիլիկյան վարժարանը դառնալու է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի մի մասը, որտեղ խորացված արաբերենի ուսուցում է լինելու, իսկ սիրիահայ երեխաները կրթություն են ստանալու հայաստանյան ուսումնական ծրագրով:

Կիլիկյան վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանի հետ կապվել չհաջողվեց՝ հեռախոսն անընդհատ չէր պատասխանում:
Ինչ վերաբերում է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանին, նա հաստատեց մեր լուրն այն մասին, որ Կիլիկյան վարժարանը դառնում է իրենց դպրոցի մի մասը: «ԿԳ նախարարության եւ Սփյուռքի նախարարության որոշումը դեռ չգիտեմ, ուղղակի բանավոր են ասել»,- նշեց տիկին Բարսեղյանը:
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Կիլիկյան վարժարանն ուներ 298 աշակերտ, որոնցից 50-ը տեղափոխվել է բնակության վայրին մոտ դպրոցներ, մի մասը՝ իրենց դպրոց, ոմանք էլ սպասում են կառավարության որոշմանը՝ արաբերենով խորացված կրթություն ստանալու համար:
Հետաքրքրվեցինք՝ Կիլիկյան վարժարանում աշխատող ուսուցիչները աշխատանքի տեղավորվելո՞ւ են Նար-Դոսի անվան դպրոցում, թե՞ տեղափոխվել են այլ դպրոցներ: «15 ուսուցիչ կար, որոնցից 10-ը ընտանիքներով ամռանը մեկնել է արտերկիր, մյուս 5 ուսուցիչները դեռեւս համարվում են մեր աշխատողը եւ սպասում են կարգավիճակի հստակեցմանը: Եթե թույլատրեն արեւմտահայերենը իբրեւ առարկա մտցնել եւ արաբերենով խորացված ուսուցում իրականացնել Նար-Դոսի անվան դպրոցում, այդ ուսուցիչները կաշխատեն մեզ մոտ: Ի դեպ, արաբախոս երեխաներ կան, որ անգամ արեւմտահայերեն չեն հասկանում, դրա համար են նրանց ծնողները ցանկանում, որ անպայման արաբերենով խորացված ուսուցում լինի, որպեսզի երեխաներն այդ լեզվով կրթություն ստանան, հաղորդակցեն: Նրանք հույսները չեն կորցնում, որ մի օր կվերադառնան Սիրիա կամ այլ արաբախոս երկիր: Ի դեպ, սիրիահայ ուսուցիչների մեջ արաբերենի երկու լավ մասնագետ ունենք, եթե ամեն ինչ հստակվի, նրանք արաբերեն կդասավանդեն»,-պատասխանեց Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի դնօրեն Արուսյակ Բարսեղյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30