Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաժարվել ցմահ ազատազրկման դատավճիռներ կայացնելուց

Սեպտեմբեր 11,2013 14:24

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի քաղբանտարկյալ Արմենակ Լեւոնի Մնջոյանը «բաց նամակով» դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանին:

Մեծարգո պարոն Անդրեասյան.

Ես՝ ՀՅԴաշնակցության «Դրո» գործով մահվան բռնադատված Արմենակ Լեւոնի Մնջոյանս, ահազանգելով տեղեկացնում եմ Ձեզ 1991-2003թթ. մահապատիժ ստացած դատապարտյալների դեմ կիրառված խոշտանգումների եւ անօրինականության, ինչպես նաեւ 2003թ.-ից առ այսօր դատապարտյալների իրավունքների եւ ազատությունների խախտման, բոլշեւիկյան ռեպրեսիաների կիրառման իրողության մասին, ակնկալելով Ձեր օժանդակությունն ու զորակցությունը հանուն արդարության վերականգնման մեր պայքարի:

1-ին. 1991-2003 թթ. մինչեւ օգոստոսի 1-ը մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դատապարտվել ենք մահապատժի, սակայն մեր դեմ չի կիրառվել դատավճիռ-օրենքը, սրանով իսկ խախտելով դատավճիռների կատարման մասին ամրագրված ՀՀ օրենքը: Մինչդեռ օրենսդրորեն նախատեսված չի եղել նաեւ մահապատիժը չկիրառելու դեպքում դատապարտյալների պահման կարգն ու ռեժիմը: Թվով 54 մահապատժի դատապարտվածներս ենթարկվել ենք օրենքով չկարգավորված եւ գոյություն չունեցող մի ռեժիմի, որը պայմանավորվել է ինչպես բանտի ադմինիստրացիայի, նույնպես էլ երկրի քաղաքական վերնախավի տվյալ պահի տրամադրություններով: Արդյունքում՝  տասներկու  դատապարտյալներ մահացել են աննկարագրելի տանջանքներով:

2-րդ՝ 1991-2003 թթ. մահապատժի դատապարտված անձանց՝ ԵԽ-ի կողմից պարտադրված մահապատժի վերացման արդյունքում, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից 01 օգոստոսի, 2003թ.-ի (ՆՀ.103-Ա) հրամանագրով անարդարացիորեն դատապարտել են զմահ ազատազրկման: Մինչդեռ, ՄԻՀ-ԱՊ-ի մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ պատիժ կարող են նշանակել միայն դատարանները: Իսկ դատարանները պիտի նշանակեն այն պատիժը, որը կկարգավորվեր հանցագործության կատարման ժամանակ ուժի մեջ եղած օրենքով՝ այն է՝ 15 տարվա ազատազրկմամբ: ՀՀ նախագահը ոչ միայն իրավասություն չի ունեցել ո՛չ սահմանադրական եւ ո՛չ էլ օրենսդրական արդարադատություն իրականացնելու համար, այլեւ այն ուղղակիորեն արգելված էր նրան իշխանությունների բաժանման մասին Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով: Այն, որ նախագահն իր  (ՆՀ.103-Ա) հրամանագրով դատավճիռ-պատիժ է նշանակել, եւ ոչ միայն, որ նոր պատժատեսակ է նշանակել, այլեւ նշանակել է հանցագործության կատարման պահին գոյություն չունեցող պատժատեսակ: Սրանով իսկ խախտվել է նաեւ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ կետը, 42-րդ հոդվածի 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ կետը:

3-րդ. 1991-ից առ այսօր Հայաստանում ձեւավորված բդեշխական իշխանությունը, իր ավելի քան գորշության արդյունքում, հանցագործությունների կանխման համար պատճառաբանելով իբր զսպման մեթոդ, իրականացրել է եւ դեռ շարունակում է իրականացնել չափազանցված պատիժների կիրառումը: Այս մեթոդի համաձայն՝ դրա մասին տեղեկության սփռումը հասարակության մեջ իբր կանխարգելիչ նշանակություն կունենա: Սակայն նման պատիժները իրենից պարունակում են օրենքի խախտում, քանի որ թեկուզ «տարահամոզման» նպատակներ հետապնդելով, այնուամենայնիվ, որեւէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող, ոչ իրավաչափ պատժի նշանակումն արդեն իսկ օրենքի կոպիտ խախտում է: Չափազանցված պատիժների արդյունքում, ցմահների թիվը հասնում է 104 դատապարտյալների՝ «չհաշված մահացածներին», եւ այն ունի աճման պոտենցիալ: Ցմահ դատապարտյալների համար նոր բանտի կառուցումը, ցմահների թվի ավելացումն ու նրանց վաղաժամկետ չազատումը, այլեւս պետական ընդգծված քաղաքականություն է:

4-րդ. Ցմահ դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ չազատելու մասին նեոբոլշեւիկյան դրսեւորումը հատկանշում է նաեւ օրենսդրական հետեւյալ ակտով՝

(Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ընդունված 2003 թ. նոյեմբերի 5-ին: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին.

Հոդված 1. ՀՀ քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թ.) 76-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ.

«Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 305-րդ հոդվածով, 387-րդ հոդվածի 2-րդ մասով, 388-րդ հոդվածի 2-րդ մասով, 389-րդ եւ 393-րդ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ նախագահ՝ Ռ. Քոչարյան, 2003, նոյեմբերի 26, Երեւան, ՀՕ-26-Ն):

Հակառակ այն հանգամանքին, որ ԵԽ-ի կողմից արված ճնշումների արդյունքում 2006 թ. հունիսի 13-ին սույն օրենսդրական ակտը ենթարկվել է փոփոխության, սակայն, այնուամենայնիվ, դե ֆակտո այն մնացել է ակտիվ կիրառության մեջ:

5-րդ. Ցմահ ազատազրկումը եվրոպական չափանիշներով ժամանակավոր է եւ իր մեջ կրում է 2 հստակ բանաձեւած նպատակներ՝ 1-ին՝ ազատազրկված քաղաքացու հոգեբանական փոփոխումը, եւ 2-րդ՝ ազատազրկված քաղաքացու վերադարձի ապահովումը դեպի հասարակություն: Մինչդեռ Հայաստանում պետությունը վրեժ է լուծում  եւ պատժիչ ռեժիմային միջոցներով չարչարում ու խոշտանգումների է ենթարկում հանցանք կատարած անձին մինչ  ի մահ, այդպես էլ  պայմանական վաղաժամկետ չազատելով նրանց: Հետեւաբար, ցմահ դատապարտումը Հայաստանում վերածվել է մահապատժի դաժանաբար, դանդաղ ու տանջալի կիրառման գործիքի:

6-րդ. Հասարակության ամեն մեկ անդամ առանձին վերցրած՝ դեմ է որեւէ տիպի սպանության եւ բացարձակապես չի կարող համաձայն լինել որպես հավաքականություն այդ սպանությանը, որը իրականացնում է այս պարագային պետությունը մեր հանդեպ՝ ցմահ դատապարտման միջոցով կիրառելով փաստացի մահապատիժ: Այս պարագային, հասարակությունն իր կամքին դեմ մասնակից է դառնում այդ սպանությանը: Մինչդեռ ազատազրկումը, որի ֆունկցիան քաղաքացու ուղղումն է, որն իր գործառույթով ընդունելի է ամեն մեկ անհատ քաղաքացու եւ հանրության համար, չի կարող կորցնել իր նպատակն ու էությունը եւ դառնալ ցմահ բանտարկության միջոցով մահապատժի կիրառում:

Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա՝ հայցում եմ Ձեր օժանդակությունն ու զորակցությունը՝ ՀՀ իշխանություններին ուղղված, ի պաշտպանության իմ արդարացի հետեւյալ պահանջների.

1-ին. 1991-2003թթ. մահապատժի դատապարտված թվով 54 դատապարտյալներիս ճանաչել խոշտանգվածներ հին եւ նոր ռեժիմների կողմից եւ ապա եվրոպական չափանիշներին համապատասխան վարձահատույց լինել մեզ, իսկ մահացածների դեպքում (թվով 19 դատապարտյալներ)՝ նրանց ընտանիքներին կամ ժառանգներին:

2-րդ. 1991-2003թթ. մահապատժի դատապարտյալներիս 01 օգոստոսի, 2003թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից հակասահմանադրական հրամանագրով ցմահ բռնադատումը ընդունել որպես 1999թ. հոկտեմբերի 27-ի ԱԺ-ի դահլիճում կատարված ողբերգության հետեւանքով առաջացած քաղաքական պահանջ, իսկ ցմահ բռնադատվածներիս ճանաչել որպես քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների:

3-րդ. 1991-2003 թթ. մահապատժի դատապարտված այն բոլոր դատապարտյալներիս, որոնց պատժի կրման 15 տարին (կամ 20 տարին, եթե որեւէ մեկն ունի մեկից ավելի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ) լրացված է, անհապաղ ազատ արձակել բանտերից՝ պաշտոնապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության եւ ՄԻՀԱՊ-ի մասին եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքները, ազատությունն ու արդարությունը պաշտպանող հոդվածների վրա:

4-րդ. Ցմահ ազատազրկված դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատազրկման 25 տարվա շեմն իջեցնել նվազագույնը 15 տարվա՝ ապահովելով դատապարտյալների աստիճանական ինտեգրացիան հասարակությանը, որի միջոցները պետք է հանդիսանան անկաշկանդ եւ ազատ հեռահաղորդակցման կապի միջոցները՝ բջջային հեռախոսներ, համակարգիչներ, տեսազանգեր, ինտերնետից օգտվելու հնարավորություններ: Ինչպես նաեւ տեսակցությունների եւ դատապարտյալների արձակուրդային իրավունքների կիրառումը:

5-րդ. Հրաժարվել ցմահ ազատազրկման դատավճիռներ կայացնելուց, քանի դեռ ՀՀ քրեական օրենսգրքում հստակորեն սահմանված չէ «ցմահ ազատազրկում» պատիժը, ոչ միայն, թե որ դեպքերի՝ հանցանքների համար է այն նախատեսված, այլեւ, թե որ տիպի հանցագործների համար է այն կիրառելի: Քանի ուղղման է դատապարտվում ոչ թե հանցանքը-երեւույթը, այլ հանցանք կատարած անձը:

Մեծարգո պարոն Անդրեասյան.

Ես պատրաստ եմ համագործակցել ինչպես պետական, նույնպես էլ հասարակական այն կազմակերպությունների եւ անհատների հետ, որոնք հոգեբանորեն իրենց միջից դուրս են մղել ստրուկը եւ առաջնորդվում են ազատ ապրելու եւ ազատորեն արարչագործելու ներքին մղումով: Նրանց, որոնց տրված է տիեզերական բնությամբ իրենց մեջ կրելու ազգի հավաքական եւ բարոյական կամքի զորությունն ու բացարձակապես մերժում են ստրկական կախվածությունը հզորագույն տերերից:

Ազատության եւ արդարության պայքարը հանուն ճշմարտության չի կարող ուղեկցվել անբարո եւ մերժելի տեխնոլոգիաներով այնպես, ինչպես չեն կարող այդ պայքարին մասնակցել անբարո եւ մերժելի ստրուկն ու բդեշխը, որքան էլ, որ այդ պայքարը լինի անհավասար դիրքերից եւ ակնածանքով լցված հզոր հակառակորդից: Քանզի ասված է՝ «Մի՛ ակնածիր հզորից, մինչեւ մահ պայքարիր հանուն ճշմարտության եւ Տեր Աստված կպայքարի քեզ հետ…» (Աստվածաշունչ. Սիրաք):

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30