Համաշխարհային գրականության նորն էլ չի հասցրել յուրացնել
Ժամանակակից աշխարհում առնչվում ենք բուռն փորձարարությունների հետ՝ երաժշտարվեստում, բեմարվեստում, կերպարվեստում եւ այլն: Ինչպե՞ս է դա արտահայտվում գրականության ոլորտում: Գոնե վերջին շրջանում հանդիպում ենք գրքի, ընթերցանության գովազդի՝ «Գիրք կարդալը նորաձեւ է» եւ նման բովանդակությամբ պաստառների:
Այս առիթով «Առավոտը» զրույցի հրավիրեց գրականագետ, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանին:
«Գրականության զարգացումը մշտապես պայմանավորված է եղել ավանդույթի նորացմամբ ու գրականության պատմության ընթացքում ավանդույթից կտրված ստեղծագործությունները մնացել են իբրեւ փորձարարություն: Օրինակ, 1940-50-ական թթ. ֆրանսիական «Նոր վեպը» այդպես էլ մնաց պատմական փաստ: Դրա հեղինակները՝ Ալեն Ռուբ Գրիեն, Նատալի Սարոտը, Միշել Բյուտորը եւ մյուսները հրաժարվում էին կերպարի պատկերացման ավանդական միջոցներից, ընդհանրապես սյուժեից, բաներ, որ գրականությունը դարձնում էին պարզապես անընթեռնելի…»,- ասաց Հրաչյան: Ռեպլիկին, թե փաստորեն գրականության մեջ բացառում է էքսպերիմենտը, մեր զրուցակիցն ասաց. «Էքսպերիմենտը նոր ուղիներ, հնարավորություն է բացում գրողի հետագա ստեղծագործական դաշտում, բայց ամբողջովին փորձարարական ստեղծագործություններն ինձ համար անընդունելի են»: Հետո էլ կարծես հերքելով իրեն, օրինակներ բերեց սեփական երկերից: «Ապուշների ուղեւորությունը» վեպիս մեջ կա փոքրիկ էքսպերիմենտ. երբ ադրբեջանցի եւ հայ հոգեկան հիվանդ գերիների փոխանակություն է կատարվում, գերիներն իրենք փոխանակում են սեփական մարմինը, որպեսզի վերադառնան իրենց հոգեբուժարանները: Սա, իհարկե, փոքրիկ էքսպերիմենտ է, ինչը բխում է սյուժեի զարգացման տրամաբանությունից: Կամ՝ «Երկվորյակների արեւը» վեպում, որն ընդհանուր դասական ձեւի մեջ է գրված, այդուհանդերձ, սյուժեն ու կոմպոզիցիան, կարող եմ ասել, դարձյալ փորձարարական են: Օրինակ, վեպը, որ սովորաբար բաժանված է գլուխների, իմ դեպքում այն ընթերցողին է ներկայանում մեկ պարբերությամբ: Սյուժեն էլ է դրվագային, բայց դա էլ հայելային պատկերման սկզբունքով է գրված, այսինքն՝ եթե երկվորյակներից տղան փնտրում է իր եղբորն ու անհետ կորած հորը, այստեղ հայտնվում է նաեւ հոր երկվորյակը եւ այլն»,- ներկայացրեց արձակագիրը:
Հարցին՝ ինչպես համաշխարհային դասական բալետային կամ օպերային գլուխգործոցները հաճախ ներկայացվում են նորովի կամ մերօրյա ընթերցմամբ, կա՞ նման իրողություն գրականության մեջ եւս, գրականագետը նշեց, որ հայ գրականության մեջ նման փորձեր արել են Կարինե Խոդիկյանը եւ Ալեքսանդր Թոփչյանը, ապա պատասխանեց. «Գրականության մեջ դրանք դրսեւորվում են դասական սյուժեների նոր ընթերցմամբ: Օրինակ, Ֆրանսիայում վերջին շրջանում վերաշարադրվեց Ֆլոբերի հանրահայտ «Տիկին Բովարին» կամ նորովի ներկայացվեց Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն»: Դասական գործերի սյուժեները նույնն են, սակայն շարադրվում են նոր տեխնիկայով ու հրամցվում նոր մեկնաբանմամբ: Օրինակ, Դյումայի սյուժեներով իսպանացի Արթուրո Պերես Ռեվերտեն նոր վեպեր է գրում… Դասական գրականության մեջ սյուժեն միշտ միագիծ է եղել, հիմա արդեն այն զարգանում է մի քանի ուղղություններով: Մյուս կողմից էլ՝ առաջին պլան է մղվում դետեկտիվ ինտրիգը, մի բան, որ գրավում է ժամանակակից ընթերցողին»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այսօր գրականությունը զարգացման նոր փուլ է թեւակոխել, որը հաջորդում է անմիջապես հետանկախության շրջանում ձեւավորված գրականությանը եւ եկել է նոր սերունդ, որը դեռեւս կայացման ընթացքի մեջ է (ինքն էլ իրեն համարում է նման հեղինակ-Ս. Դ.): Հրաչյա Սարիբեկյանը համոզված է, որ գրողների նոր սերունդը կտրված է խորհրդային գրականության ավանդույթներից, բայց համաշխարհային գրականության նորն էլ չի հասցրել յուրացնել. «Ժամանակ է անհրաժեշտ, որ յուրացվի այդ փորձը եւ օտարվի ժամանակից, որպեսզի կարողանա պատկերել իր ժամանակը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ