Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոկառնոյում հայերն աչքի են ընկել

Սեպտեմբեր 11,2013 14:17

1305425_678234622187985_724Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-13-ը կայացել է «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռների» շրջանակներում  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրել է  նաեւ վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի: «Առավոտի» հետ զրույցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի բնորոշմամբ, Ա դասի պատկանող այս հայտնի  փառատոնը իր կարեւոր դիրքն ու խոսքն ունի կինոյի այսօրվա քաղաքականության մեջ, ինչ վերաբերում է «Բայց դռներ» ծրագրին, այն յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որեւէ տարածաշրջանի վրա: Այս տարի Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում էր Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի կինոն ու կինոգործիչները:

«Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հրավերով Հայաստան էին ժամանել Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան ու  փառատոնի խորհրդատու, տարածաշրջանի փորձագետ, կինոքննադատ Ժոել Շապրոնը: Նրանք հանդիպում ունեցան Հայաստանի երիտասարդ կինեմատոգրաֆիստների հետ, ներկայացրին, թե ինչ է իրենից  «Բաց դռները», նաեւ ընդունեցին 30 եւ ավելի նախագիծ: Ընդ որում, հայկական եւ վրացական կողմերից ընտրվեց 5-ական նախագիծ, ադրբեջանական կողմից՝ երկուսը»,- ասաց Րաֆֆի Մովսիսյանը:

Նա հավելեց, որ  «Բաց դռների» շրջանակներում Լոկառնոյում կազմակերպվել են հանդիպումներ պրոդյուսերների հետ, հանձնվել դրամական մեծ մրցանակներ՝ նախագծերի համար: Ինչպես արդեն նշվեց,  ներկայացվել են երեք  երկրների վերջին 20 տարիներին նկարված լավագույն ֆիլմերը, հայաստանյան կողմից՝ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն»,  Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» եւ Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմերը:  «Բավականին լավ ցուցադրություններ եղան,  մրցանակակիրների շարքում կար նաեւ  հայկական նախագիծ՝ Օգսաննա Միրզոյանի «Անդունդը», որն արժանացավ 14000 եվրոյի չափով գումարի»,- նշեց կինոքննադատը: Նա նաեւ մի դիտարկում արեց՝ Հայաստանում մտքի ճգնաժամ՝ նախագծերի իմաստով  չկա. «Այսօր վրացական կինոյի բյուջեի պետական մասը 2-2,5 անգամ ավելի է, քան հայկականը, էլ չեմ խոսում մասնավոր ներդրումների եւ համատեղ արտադրությունների մասին, բայց փաստորեն Վրաստանը նույն թվով նախագծեր ուներ ընտրված, որքան հայաստանյան կողմինն էր: Արտադրանքի իմաստով գուցե  կաղում ենք, բայց նախագծերի իմաստով մրցակից ենք գոնե տարածաշրջանում: Այսօր  շատ են խոսակցությունները, թե Հայաստանում կա մտքի ճգնաժամ, կինոն չի  զարգանում, որովհետեւ չկան գաղափարներ: Մենք իրականում ավելի շատ այլ խնդիրներ ունենք, որոնք մշակութային քաղաքականության համատեքստում կարելի է դիտարկել եւ պատկան կառույցների՝ իրենց համակարգային թերությունները շտկելու միջոցով պետք է հասնել դրանց լուծմանը՝ արտադրական պրոցեսում:

Կարեւոր հարց է նաեւ «Կինոյի մասին օրենքի» բացակայությունը, որովհետեւ եթե շփվում ես մարդկանց հետ ե՛ւ «դրսում»,  ե՛ւ Հայաստանում, բոլորի մոտ ապշանք է առաջացնում այն հարցը, որ Հայաստանում չկա «Կինոյի մասին օրենք»: Դա կարեւոր օղակ է, որը պետք է նպաստի ե՛ւ արտադրական պրոցեսի բարելավմանը, համակարգային մի շարք խնդիրներ պետք է ճիշտ դասակարգի, կանոնակարգի փոխհարաբերությունները, նպաստի ոչ միայն քո ներքին ռեսուրսների ճիշտ դասավորմանը, այլեւ հավատ  ներշնչի այն կողմին,  որը կհամաձայնի համատեղ արտադրության»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30