Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք. դարձ դեպի հայրենիք կամ մենք մեզ հաղթելու ժամանակը

Սեպտեմբեր 11,2013 14:14

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկ-երկու օրից, Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաեւ աշխարհի համար խորհրդանշական սեպտեմբերի տասնմեկին, կհստականա Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու ԱՄՆ ծրագիրը։ Թեեւ Օբաման առանց Կոնգրեսի հավանության էլ ռազմական միջամտության իրավասություններ ունի, այնուամենայնիվ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների յոթ կողմ, երեք դեմ հարաբերակցության պայմաններում գրեթե անհավանական է, որ ներկայացուցիչների պալատում բանաձեւը  լուրջ խոչընդոտների  կհանդիպի։

Ամերիկյան ռազմական միջամտության անխուսափելիությունը կարծես հստակ ուրվագծված է, առավել եւս այն բանից հետո, երբ Մեծ քսանյակի կեսից ավելին՝ տասնմեկ երկրներ (Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ԱՄՆ, Իսպանիա), սանկտպետերբուրգյան գագաթաժողովին, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, հրապարակեցին  Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ռազմական գործողությունները սատարելու իրենց դիրքորոշումը՝ այդպիսով առավել ոգեշնչելով  մարդու իրավունքները պաշտպանելու ու հերթական արաբական երկրում ժողովրդավարություն տարածելու ամերիկյան համոզումները։

Ռուսական ռազմանավերն ու ռազմական տեխնիկան օր օրի ծանրորեն խտանում են Միջերկրականի սիրիական ափերին, իսկ ԱՄՆ-ը իր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հետ է կանչում տարածաշրջանից։ Ինչպես ասում են՝ մեծ պատերազմին հինգ րոպե է մնացել, թեեւ սիրիական հողում մարդակեր  պատերազմը վաղուց է մոլեգնում։

Մի կողմ թողնելով տարածաշրջանում պատերազմի ծավալման, ընդհուպ երրորդ համաշխարհային պատերազմի մասին շրջանառվող վարկած-կանխատեսումներն ու փորձելով հերթական անգամ չհուսահատվել կրկնակի կարծրատիպերին դիմելու քաղաքակիրթ ու խաղաղապաշտ  մեծերի երեսպաշտական վարքականոնից («Երկխոսությունը հակամարտությունները կարգավորելու լավագույն միջոցն է, բայց պատերազմները արագացնում են լուծման ճանապարհները», Ֆրանսուա Օլանդ),  պարզապես իրավունք չունենք ծալած ձեռքերով նստել ու այս պահին հավելյալ տագնապ  չբարձրացնել պատերազմի սեղմված  օղակի մեջ խեղդվող սիրիահայ համայնքի համար։

Սակայն տագնապն ինքնին այս պարագայում ոչինչ է, նույնիսկ՝ զազրելի պաթոս, եթե հնարավոր լուծումներ ու գործողություններ չեն մշակվում սիրիահայ համայնքի, բառիս բուն իմաստով, հետագա ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։  Մեկ տարուց ավելի ձգվող պատերազմի ու  հումանիտար ճգնաժամի արդյունքում մեր համայնքի ֆիզիկական, հոգեւոր ու նյութական կորուստներն արդեն անդառնալի են։ Սիրիայում խորացող հակամարտությունը եւ օդային կամ ցամաքային հաղորդակցության անհնարինությունը  տեղաշարժի բացառիկ սահմանափակություն են ստեղծել,  եւ այս իրավիճակում հումանիտար օգնության մասին խոսելն անգամ իրատեսական չէ։

Ավաղ, չի բացառվում, որ ռազմական ինտերվենցիայի պայմաններում նաեւ Լիբանանը կարող է ընդգրկվել պատերազմական շրջագծում։

Ցանկացած սցենարի դեպքում բնական է եւ սպասելի  արտագաղթի նոր ալիքը, եւ ոչ միայն Հալեպից։

Օրերս ՀՀ վարչապետը խոսեց հնարավոր սցենարների, արտագաղթի, մեր հանձնառությունների մասին։ Ինչպիսի՞ն են դրանք, արդյոք իրապես քննարկվել են հնարավոր նոր զարգացումներն ու հստակացվել մեր անելիքների շրջանակը։ Գիտակցվում է արդյոք, թե մեր օրեցօր նվաղող ու փսորած հանրապետության համար,   ինչ նշանակություն ունի  ամենաթանկը՝ մարդկային ռեսուրսը, հասկանում ենք արդյոք, թե պատմությունն ինչ գնահատական է տալու, եթե մեր անտարբեր հայացքի ու անկարող մտքի կողքով սահի ու  եվրոպաներում ու ամերիկաներում  փոշիանա 1915-ի  վերքը չսպիացրած մեր մնացորդացը։ Իսկ 15-ին մենք պետություն չունեինք…

Ճանաչելով եւ պատկերացնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական եւ հատկապես բարոյական մթնոլորտը,  դժվար է ասել, թե երկիրը պատրաստ է ներգաղթի մեծ հոսք ընդունելու։ Հավանաբար շատերն անմիջապես եւ արդարացիորեն կհակադարձեն, թե որքանով է իրատեսական անկախության տարիներին բնակչության մեկ երրորդը կորցրած, աղքատության, արհամարհվող օրենսդրության ու ամենաթողության մեջ թաղված, ներքին պարտության  իներցիայով ապրող երկրում հայրենադարձություն իրականացնել, անգամ  խոսել այդ մասին։

Կարծում եմ՝ ոչ միայն իրատեսական է, այլեւ՝ ուշացած.  հայրենադարձության խնդիրը վաղուց պետք է մեր քաղաքական օրակարգում առաջնահերթություն լիներ եւ ոչ միայն սիրիական ճգնաժամի դրդումով։ Պահն է, որ հայրենադարձության խնդիրը լրջորեն  քննարկվի թե դեմոգրաֆիական, թե տնտեսական, նաեւ սոցիալ-մշակութային եւ հատկապես բարոյական արժեքների համատեքստում։

Իմ խորին համոզումով, մեր քաղաքական օրակարգում՝ հատկապես սպառնալիքի վերածված արտագաղթի պայմաններում,  այն պիտի քաղաքական լուծումներ պարտադրի, քաղաքական կամք եւ ողջախոհություն բերի քաղաքական իրականություն՝ խոստովանելու, հասկանալու, որ այն արժեքները, վարքականոնն ու փիլիսոփայությունը, որով կառավարվում է երկիրը, անընդունելի են ու մերժելի  ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար,  այլեւ խիստ վանող փխրուն  Հայաստանն իբրեւ Հայրենիք-զգացական տարածություն ընկալող սփյուռքահայերի համար։

Գուցե հենց հայրենադարձության համատեքստում նախ մենք՝ հայաստանցիներս, քաղաքացի ու իշխանավոր, հարուստ ու աղքատ, կուսակցական ու անկուսակցական սթափվենք, մեր հայացքն իսկապես դարձնենք դեպի ՀԱՅՐԵՆԻՔ,   մի քիչ խնայենք մեր հյուծված Հայրենիքը, խնայենք մեզ, մի քիչ սիրենք, կասեցնեք մեր ներքին պարտությունների անվերջ ու ինքնաոչնչացնող ընթացքը, մեր դառն ու անստույգ գոյությունը։ Իսկապես դարձի գանք…

Հավատում եմ, հնարավոր է, եթե ունենք քաղաքական կամք, տեսլական, արժանապատվություն, եթե անկեղծորեն գիտակցենք, որ այս քաղաքակրթական  մսաղացում գոյատեւելու համար պարտավոր ենք համախմբել մեր ողջ կարելիությունները, ողջ համազգային ներուժը. իշխանություն, կուսակցություններ, եկեղեցի, Սփյուռք…։

Պետությունն առանց Հայրենիք չի լինում։ Գուցե իսկապես դարձնենք մեր հայացքը դեպի Հայրենիք։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Քաղաքական կամք, տեսլական, արժանապատվություն …. գեղեցիկ բառեր եք ասում….Մարտի մեկից հետո ասեիք, ոչ թե….հիմա էլ որոշել եք դեսպան ունենալ` ծառայել Սերժին` ում դատափետում էիք …. կրկնվեմ… ՀՅԴ լավագույնս է կարողանում եւ հաճույք ստանալ եւ կույս մնալ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30